12
11, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ

Հարգելի պարոն Մացցոլա,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շատ ուրախ եմ բարի գալուստ մաղթելու ձեզ և ողջունելու ՀՀ Նախագահի նստավայրում:
Մեր հանդիպման առիթը հիրավի ուրախալի է: Այսօր ինձ պատիվ է վիճակվել «Սիսկո սիսթեմզ» ընկերության ղեկավարներից մեկին՝ զարգացման գծով նախագահ պարոն Մարիո Մացցոլային հանձնելու Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը:

Ո՛չ «Սիսկո սիսթեմզ»-ը և ո՛չ էլ պարոն Մացցոլան հատուկ ներկայացման կարիք չունեն: Յուրաքանչյուր մարդ, ով փոքր-ինչ առնչվել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին, պետք է քաջ ծանոթ լինի այս անուններին:

Ասում են, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում: Վստահ եմ, որ պարոն Մացցոլայի տաղանդը կարող էր բացահայտվել յուրաքանչյուր բնագավառում, որին իր կյանքը կնվիրեր պարոն Մացցոլան: Այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ այժմ իր լավագույն կիրառումն է գտնում «Սիսկո սիսթեմզ» ընկերությունում:

«Սիսկո»-ի մշակած ճարտարագիտական և տեխնոլոգիական լուծումներն այսօր օգտագործվում են աշխարհի թերևս բոլոր երկրներում: Դրանք արդյունավետորեն կիրառվում են մեքենաշինության, հանքարդյունաբերության, շինարարության, առևտրի, ֆինանսաբանկային, ապահովագրական և բազմաթիվ այլ ոլորտներում: Եվ եթե աշխարհի երեսին կա մի երկիր, որտեղ «Սիսկո»-ի աշխատանքից չեն օգտվում, ապա այդ երկիրն ինքն է իրեն դուրս դրել քաղաքակրթության շրջանակներից:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արդեն հնգամյա պատմություն ունի: Այսպիսով, այս մրցանակաբաշխությունն արդեն կարելի է համարել հոբելյանական:

Վստահությամբ արդեն կարող ենք պնդել, որ այս մրցանակը կայացել է և լայն միջազգային ճանաչում է ձեռք բերել: Այս մրցանակով մենք երախտագիտություն ենք հայտնում նրանց, ովքեր նոր խոսք են ասում ՏՏ ոլորտում և դրանով իսկ նպաստում են մարդկության զարգացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Սակայն այս ձևով մենք նաև յուրահատուկ կոչ ենք հղում մեր երիտասարդությանը: Այսօրվա այս միջոցառումն ունի հենց այն խորհուրդը, որը որպես ընկերության կարգախոս օգտագործում է «Սիսկո»-ն՝ վաղը սկսվում է այստեղ: Վստահ եմ, որ պարոն Մացցոլայի օրինակը հայ երիտասարդներին ոգեշնչելու է նորանոր հաջողություններ արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Հարգելի՛ պարոն Մացցոլա,

Շատ ուրախ եմ, որ դուք Երևան եք ժամանել ձեր ընտանիքի անդամների հետ, Ձեր տիկնոջ և դստեր հետ: Հուսով եմ, որ այս օրերի ընթացքում դուք կարող եք ծանոթանալ մեր երկրին, մեր ժողովրդի պատմությանն ու ներկային: Իսկ մենք մշտապես սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցել մեր ջերմությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամենայն բարիք, հաջողություններ և անշուշտ, նորանոր հաջողություններ Ձեր սիրած աշխատանքում, որի շնորհիվ Դուք դարձել եք աշխարհահռչակ: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք միշտ Հայաստանում ուրախացել և ուրախանալու ենք:

Շնորհակալ եմ, որ Դուք հարմար համարեցիք գալ և անձամբ ստանալ այս համեստ մրցանակը:

 

← Վերադառնալ