Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին
Խորհրդաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել քսանից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարևորության մի հիմնախնդիր` մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը:
Ուրախ եմ նաև, որ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երևանյան խորհրդաժողովները, բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարևորություն են ձեռք բերել:
Հատկապես ցանկանում եմ կարևորել ներկա խորհրդաժողովի թեման և քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապն իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը նույնպես վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Իսկ վերջինս չի կարող լինել սոսկ բարի ցանկություն: Այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության և իրավական մշակույթի անհրաժեշտ միջավայր:
Այս ամենը միանգամից և մեկ օրում չի տրվում: Հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայության երաշխավորումը պետական քաղաքականության օրակարգի կարևորագույն խնդիր է դարձել, երբ այն քաղաքական մտածողության շարժիչ ուժն է, երբ անձի արժանապատվությունը նրա ամենօրյա սոցիալական դրսևորումների անբաժան և երաշխավորված ուղեկիցն է:
Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարևորվում է` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարևոր սահմանադրական բարեփոխումների: Ընդամենն օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն քննարկվել և հավանության է արժանացել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում և առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու:
Դժվար է վերջին 20-25 տարում մեծ փորձություններ դիմակայող ու արմատապես վերափոխվող հասարակական համակարգի համար պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն ու ցանկալի հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն երաշխավորված ու պաշտպանված են, առկա է արդյունավետ և իրավական պետության չափորոշիչներին ներդաշնակ արդարադատական համակարգ: Դրան կարելի է հասնել` երաշխավորելով համարժեք սահմանադրական զարգացումներ, ճիշտ դասեր քաղելով նաև միջազգային հանրության և հատկապես նոր ժողովրդավարության երկրների փորձից: Ես առիթ եմ ունեցել շեշտելու. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»: Սահմանադրություն, որն ունենա արժեբանական կայուն ու անսասան հիմք և հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն ապրող իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար:
Անշուշտ, նման Սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեն մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը և դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը: Համոզված եմ, որ այս հրատապ հիմնախնդրի շուրջ երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովում ներկայացվող զեկույցները և քննարկումներն օգտակար դերակատարություն կունենան թե՛ սահմանադրական զարգացումների և թե՛ սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից:
Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք և հաճելի օրեր մեր հյուրընկալ երկրում: