09
10, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության 13-րդ համաժողովին

 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ջերմորեն ողջունում եմ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հերթական՝ 13-րդ համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Շատ ուրախ եմ, որ այս տարի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ աշխարհի 20 երկրներ ներկայացնող և ավելի քան 400 հայագետների միավորող ընկերակցության ներկայացուցիչները հավաքվել են համայն հայության և հայագիտության մայրաքաղաք Երևանում:

Կարծում եմ՝ խորհրդանշական է, որ եվրոպական հայագիտության դեռևս 19-րդ դարից եկող փառավոր ավանդույթները շարունակող, աշխարհի նշանավոր համալսարանները ներկայացնող հետազոտողներին միավորող այս կառույցի առաջին հայաստանյան համաժողովը կազմակերպվում է հենց Մաշտոցյան Մատենադարանի ջերմ ու հայաշունչ հարկի տակ:

Ընդամենը երեք տարի առաջ հանդիսավորապես իր դռները բացեց Մատենա-դարանի հոյակերտ նորակառույց մասնաշենքը, ապա նաև նորացված հին մասնաշենքը: Մատենադարանի համալիրն իր ընդարձակ տարածքով, տեխնիկական հագեցվածությամբ, գրեթե եռապատկված աշխատակազմով ու գիտական ներուժով ունի բոլոր հնարավորությունները կազմակերպելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային մակարդակի համաժողովներ: Նման հաջող մի ձեռնարկի ականատեսն ենք այսօր մենք բոլորս:

Սիրելի՛ հայագետներ,

Կրկին ողջունելով Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության համաժողովի գումարման կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ գիտական բեղմնավոր գործունեություն:
 

← Վերադառնալ