18
09, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հռոմում «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը

 


Բարձրաստիճա՛ն հոգևոր հայրեր,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուշադիր և անխոս դիտեցի այս բացառիկ ցուցահանդեսի յուրաքանչյուր ցուցանմուշը: Այս պահին էլ ես այդ այրող ազդեցության տակ եմ: Եթե ինձ ելույթով հանդես գալու պատիվն ընձեռված չլիներ, գուցե և դեռ երկար կլռեի: Դիտածս լուսանկարների պես: Պատմելով այս ցուցահանդեսի մասին՝ մեր դեսպանն այն բնորոշում էր որպես լուռ ճիչ. ճիչ Քրիստոնեության հայրենիք Միջին Արևելքում Քրիստոնեության կրած ու դեռ կրելիք հարվածների մասին: Այո՛, լուռ ճիչ. շատ դիպուկ է ասված:

Կարծում եմ` այսօր այս սրահում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Արդյո՞ք ամեն ինչը ճիշտ ենք անում:

Արդյո՞ք այս ամենը մեր նախկին չարած քայլերի կամ կիսաքայլերի հետևանքը չէ:

Արդյո՞ք միշտ և ամենուր հավուր պատշաճի գնահատականներ ենք տվել արմատից մերժման ենթակա իրողություններին` դրանց կրկնությունները բացառելու համար:

Արդյո՞ք հանդուրժողականության և համակեցության խրախուսման մեր ջանքերում մենք միշտ և բավարար կամային ենք եղել:

Արդյո՞ք միահամուռ ենք այլատյացության ու մոլեռանդության ցանկացած դրսևորման դեմ:

Չգիտեմ. չունեմ այս և այս դահլիճում ցուցադրվող լուսանկարներից հորդող մյուս բոլոր հարցերի համապարփակ պատասխանները:

Ես մի բանում եմ վստահ. ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը և նմանօրինակ մյուս բոլոր երևույթներին ժամանակին չտրված հստակ, առանց երկիմաստության գնահատականները հանգեցնում են այդ ամենի կրկնությանը: Օրինակնե՞ր: Որքան ուզեք:

Միայն մեկը կասեմ: Քիչ առաջ մենք հնարավորություն ունեցանք դիտելու, թե ինչպես նպատակաուղղված կերպով ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը՝ հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և հավատքի ակնառու կոթողները։ Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և Ադրբեջանի ողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսևորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը: Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ողջ ժողովրդի՝ դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները և պարզապես անպատիժ մնալ: Իհարկե՛, շատ շատերը: Այդ դեպքում ինչու՞ չպետք է Նախիջևանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը:

Ուրեմն այս ցուցահանդեսը լռելու կամ թևաթափ լինելու մասին չէ: Ճիշտ հակառակը: Համախմբվելու ու կրկնակի եռանդով գործելու անհրաժեշտության մասին է: Վստահ եմ՝ այս ցուցահանդեսի հակառակ ուղերձը պարունակող ցուցահանդես էլ այսօր կարող ենք հավաքել: Այն մասին, թե ինչպես է, ասենք, Լիբանանը՝ լուռ, առանց բարձր հնչեցումների ընդունում, պատսպարում, պաշտպանում ու կեցություն ապահովում միլիոնավոր քրիստոնյաների համար: Շնորհակալության ցուցահանդես կարող է լինել դա, իհարկե:

Մի բան հաստատ է. հանդուրժողականության, այդ թվում և կրոնական հանդուրժողականության արմատավորման համար մենք պահ անգամ հապաղելու իրավունքը չունենք: Անհստակ լինելու իրավունքը չունենք. արդյունքները մենք տեսնում ենք լուսանկարներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր ապրողներս անմիջականորեն պատասխանատու ենք ապագայի ու անցյալի կապի անխախտելիության համար: Մեր արժեքների հարատևության համար:

Ժամանակակից աշխարհը գլխապտույտ արագությամբ դեպի ապագա է սլանում: Տեխնոլոգիական առաջընթացի ժամանակակից հանճարներն անընդհատ մոտեցնում են ապագան. այսօր, օրինակ, բոլորս կարող ենք գերորակյալ տեսագրություններ դիտել հենց մեր հեռախոսների էկրանների վրա: Այո՛, ժամանակակից ինժեներներն իրենց գործը փայլուն են անում: Իսկ մե՞նք: Մենք բոլորս, որ պատասխանատու ենք ամեն ժամանակակիցը մեր արժեքային համակարգով ամրապնդելու համար: Միթե՞ ստեղծողներն այդ հեռախոսները չեն մշակել նրա համար, որ մարդիկ մշտապես կարողանան երջանկության պահեր վերապրել՝ ասենք, իրենց զավակների մկրտության արարողության կամ առաջին քայլերի տեսագրությունները պարբերաբար վերադիտելով: Եթե այո, ապա ինչու՞ այս օրերին այդքան հաճախ են այդ հեռախոսներն օգտագործվում գլխատվող քրիստոնյա լրագրողների մասին ահասարսուռ կադրերը դիտելու համար: Ինչու՞ նման տեսարանները մեր օրերում դեռ հնարավոր են: Այստեղ խզում կա, համաձայն չե՞ք. ժամանակների, արժեքների ու գործադրվող ջանքերի միջև գոյություն ունեցող խզում:

Նավթագործները մեր օրերում աշխարհամասեր են կապում գերժամանակակից խողովակաշարերով՝ փոքրացնելով տարածությունն ու ժամանակը: Իսկ մե՞նք... մենք՝ բոլորս, որ պարտավոր ենք հոգ տանել բնական ռեսուրսները խաղաղությանը, զարգացմանը, հանդուժողականությանն ու համակեցությանը ծառայեցնելու համար, արդյո՞ք համաչափ հետևողական ենք մեր պարտականություններում: Կարողանու՞մ ենք նավթամուղների խողովակների վրայո՛վ նայել և հաստատակամ մատնացույց անել բռնապետին, որ ստրկության շղթաներին է գամել իր ողջ ժողովրդին ու ամեն օր արյամբ է սպառնում հարևանին: Պարտավո՛ր ենք անել՝ ապագա այսօրինակ, բայց ավելի խոշոր ցուցահանդեսներից խուսափելու համար:

Հարգարժա՛ն հյուրեր,

Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք:

Ճշմարտությունն այն է, որ առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն և չի կարող լինել անվտանգ ապագա։ Հենց այս նպատակի համար՝ մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի և բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության և հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին։

Լիահույս եմ, որ կրոնների համերաշխությանն ու հանդուրժողականությանը միտված քրիստոնեական ուղերձն ի վերջո կգերիշխի, և հավատը, հույսն ու սերը զորավիգ կլինեն մեզ՝ պաշտպանելու մեր արժեքները և պաշտպանելու արդարությունը:

Աստված բոլորիս պահապան:
Շնորհակալ եմ ուշադրության համար:

← Վերադառնալ