Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի հարգելի՛ նախագահ,
Սրբազան Հայրե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ Բուենոս Այրեսի սրտում, և ձեզ հետ միասին առաջին աղյուսը դնել Հայոց Ցեղասպանությանը թանգարանի հիմքում:
Այս թանգարանը ստեղծվում է՝ լրացնելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված այն բազմաթիվ հուշակոթողների շարքը, որ սփռված են արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ՝ որպես խոսուն վկա, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու: Մարդկային հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, որն առանձնահատուկ երախտագիտությամբ պահում է այն անուններն ու տեղանունները, որոնք մշտապես արդարության սերմեր են ցանում՝ առաջ մղելով համամարդկային ամենավեհ արժեքները։
Այդ լուսավոր տեղանուններից մեկն էլ, իհարկե, Արգենտինան է, որն օգնության հասնելով մեր ժողովրդին արհավիրքի ամենածանր պահին, փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև վերականգնեց մեր ժողովրդի սասանված հավատն առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնել մարդը և կենդանի մնալ ցեղասպան բարբարոսը։
Հարգելի գործընկերնե՛ր,
Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Սակայն բոլորին է հայտնի՝ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: Մեծ Եղեռնի հարյուրամյակն ավարտի սահմանագիծ չէ, այլ յուրատեսակ հանգրվան: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի փուլ և ազդարարելու հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ, որը համալրվելու է ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր գործիքներով, որտեղ մենք լինելու ենք ավելի հզոր, հզոր միջազգային հանրության հետ միասին, քանզի միասնության մեջ է ուժի գաղտնիքը և արդարության հաղթանակը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայ-արգենտինական բարեկամության դարավոր պատմությունը ամբարում է էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մեր երկկողմ համագործակցությունը: Եվ այս օրը, անշուշտ, ոսկե տառերով է գրվելու ոչ միայն հայ-արգենտինական պատմության մատյանում, այլև իր անջնջելի հետքն է թողնելու մարդկության դեմ երբևէ գործված ամենածանր ոճրի՝ ցեղասպանության դատապարտման և կանխարգելման գործում: