Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 18-րդ համագումարին
Սիրով ողջունում եմ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 18-րդ համագումարի մասնակիցներին և սրտանց շնորհավորում միության 80-ամյա հոբելյանի առթիվ:
Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր հանրապետությունում ժողովրդավարական արժեհամակարգի և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում անգնահատելի է ստեղծագործական միությունների դերը, որոնց գործունեությունը մեծապես նպաստում է արվեստի համապատասխան ոլորտի աշխուժացմանն ու զարգացմանը:
Դժվար է գերագնահատել միության դերը ազգային արժեք և հպարտություն հանդիսացող հայ երաժշտարվեստի ձևավորման և զարգացման գործում: Հիմնադրման օրվանից միությունը համախմբում է հայ կոմպոզիտորների և երաժշտագետների, աջակցում նրանց ստեղծագործական և կազմակերպական աշխատանքներին:
Համոզված եմ, որ դուք` հայ երաժշտարվեստի նվիրյալներդ, ձեր լրջմիտ և իմաստուն որոշումներով կզարգացնեք ու կհարստացնեք հայ մշակույթի ավանդույթները:
Համագումարի աշխատանքին մաղթում եմ կառուցողական և ստեղծագործ ընթացք` ի նպաստ մեր ազգային երաժշտարվեստի հետագա զարգացման: