20
10, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարին

 

 

Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը, որը հրավիրված է լուծելու մեկ կարևոր հարց. ընտրելու միության նոր նախագահ: Ցավում եմ, որ առիթը միության բազմամյա և բազմավաստակ նախագահի` Լևոն Անանյանի անսպասելի ու անժամանակ կորուստն է: Մեզանից հեռացածների հիշատակի լավագույն խնկարկումը նրանց թողած գործի շարունակականության ապահովումն է:

Սիրելի՛ բարեկամներ,

Գաղտնիք չէ, որ հայ գրողը բոլոր ժամանակներում եղել է առաջամարտիկ, արձագանքել է ժողովրդին հուզող խնդիրներին ու մտահոգություններին: Նրա ձայնը միշտ լսելի է եղել: Գրողը հասարակության թե՛ միտքն է, թե՛ խիղճը: Սա, կարծում եմ, որքան պատվավոր, նույնքան էլ պարտավորեցնող հանգամանք է: Այսօր, երբ դուք կանգնած եք ընտրության առջև, վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն ունի պահի կարևորության և պատասխանատվության գիտակցումը:

Ուրախ եմ, որ համագումարը հիրավի համահայկական է, հայ ժողովրդի բոլոր հատվածների` Հայաստանի, Արցախի և սփյուռքի գրողների մասնակցությամբ:

Հուսով եմ, որ համագումարը կանցնի փոխադարձ հարգանքի և բարյացակամության մթնոլորտում, ընտրությունը կլինի արդար ու համոզիչ: Հայաստանի գրողների միության ապագա նախագահին մաղթում եմ կառուցողական և արդյունավետ աշխատանք` ի շահ մեր երկրի, ժողովրդի և հայ գրականության:

 

← Վերադառնալ