Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստի մասնակիցներին
Հարգելի հյուրեր,
Ողջունում եմ ձեզ Հայաստանում և մաղթում բեղմնավոր և կառուցողական աշխատանք: Նիստի օրակարգի թեման և հարցերը հաստատում են ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը:
Միջազգային ահաբեկչությունը, անդրազգային հանցավորությունը, բնական կատակլիզմները, տեխնածին աղետները վտանգավոր երևույթների բնավ ամբողջ ցանկը չէ, որոնց հետ այսօր բախվում է մարդկությունը: Ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների կործանարարությունն ու ողբերգական հետևանքները հաստատում են դրանց հակազդման նոր, ավելի արդյունավետ եղանակներ ու միջոցներ գտնելու անհրաժեշտությունը:
Հակազդման էսկալացիան, ատելության հռետորաբանությունը և սպառազինությունների մրցավազքը ձգձգված չկարգավորված հակամարտությունների պայմաններում լրջագույն սպառնալիքներ են հանդիսանում մեր ընդհանուր անվտանգության համար՝ հանգեցնելով լարվածության մեծացմանը և պայթունավտանգ իրավիճակների:
Վերոնշյալ երևույթների կանխման և հակազդման գործում հատուկ դեր է վերապահված անվտանգության մարմիններին ու հատուկ ծառայություններին, որոնք առանձնանում են իրենց շարքերի համախմբվածությամբ, տոկունությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով և հասարակության շահերին նվիրվածությամբ և ազգային անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում կանգնած են առաջին գծում՝ ի նպաստ մեր պետությունների կայուն զարգացման և բարգավաճման: ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը կարևոր գործիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում:
Հուսով եմ, որ խորհրդի 35-րդ նիստը կարևոր քայլ կդառնա այդ ոլորտում մեր ավանդական բարեկամական փոխհարաբերություններով, ընդհանուր պատմության ամուր կապերով կապված պետությունների միջև վստահության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ:
Խորհրդի նիստի մասնակիցներին մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ, հաջողություններ և բարօրություն: