Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովի մասնակիցներին
Հարգելի՛ քաղաքապետներ,
Մայրաքաղաքների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը մեծ պատիվ ու պատասխանատվություն է մեր երկրի ու իշխանությունների համար: Վեցամսյա նախագահության ժամկետում մենք նպատակ ունենք հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք կշեշտադրեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ խթանելով որոշակի ոլորտներում եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացումն ու ամրապնդումը:
Հայաստանը բարձր է գնահատում այն աշխատանքը, որ տարիներ ի վեր կատարում է Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը, անդամ երկրներում տեղական ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:
Համոզված ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակությունների ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է: Այս նկատառումով է, որ այդ ոլորտը ներառվել է Հայաստանի նախագահության առաջնայնություններում՝ որպես հիմնական ուղղություններից մեկը:
Մայրաքաղաքն առանձնահատուկ տեղ ունի պետությունների հասարակական կյանքում: Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների երևանյան այս համաժողովը կոչված է ընդգծելու մայրաքաղաքների առանձնահատուկ դերը տեղական ժողովրդավարության ոլորտում և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային կյանքում: Կարծում եմ՝ համաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ քննարկումները հնարավորություն կտան փոխանակել եվրոպական տարբեր մայրաքաղաքների փորձառությունը՝ բնակիչների կյանքի որակի բարձրացման, քաղաքային կյանքին նրանց մասնակցության, անխուսափելի ուրբանիզացիայով պարտադրված մարտահրավերներին դիմակայելու և այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ:
Կրկին ողջունում եմ համաժողովի մասնակիցներին և մաղթում արդյունավետ աշխատանք: