05
07, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներին

 


Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,


Սրտանց ողջունում եմ Երևանում տեղի ունեցող Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» կազմակերպության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ հավաքվել են հայ իրավագիտական մտքի հայտնի ներկայացուցիչները:


Համահայկական մասնագիտական նախաձեռնությունները դարձել են Հայաստան-սփյուռք համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ դրանք արդեն որոշակի արդյունքներ են տալիս՝ բացահայտելով աշխարհասփյուռ հայության ներուժի արդյունավետ օգտագործման նորանոր օրինակներ:
 

Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները: Դուք տեսական և գործնական ակտիվ մասնակցությունն եք ունենում դրա միջազգային ճանաչման գործընթացներին: Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր երկրների պետական և քաղաքական կառույցների ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բևեռելու և ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ՝ նպաստելով աշխարհի որևէ կետում ցեղասպանության ահավոր ոճրի կրկնության կանխարգելմանը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված մեծագույն այս հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից:
 

Սիրելի՛ բարեկամներ,
 

2011 թվականի ապրիլին ձևավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, կազմավորվեցին միջազգային խորհրդատվական խումբը, ինչպես նաև սփյուռքի համապատասխան տարածաշրջանային հանձնախմբերը: Ձեզանից շատերը, անկասկած, արդեն ակտիվորեն ներգրավվել են այդ աշխատանքներում:

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին, դուք կարող եք մեկտեղել ձեր գիտելիքն ու փորձը, հանդես գալ առաջարկություններով և գիտական եզրահանգումներով:
 

Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովին մաղթում եմ բարի երթ և արդյունավետ աշխատանք:


 

← Վերադառնալ