Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Ազգային անվտանգության խորհրդի նիստում
Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստում մենք քննարկելու ենք մեր երկրի էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցեր: Կարևոր հարցեր: Մենք շարունակելու ենք ոլորտ առ ոլորտ այնպիսի լուծումներ գտնել, որոնք խթանելու են պետական շինարարության ողջ գործընթացը և նպաստելու են սահուն գործող միասնական համակարգի ստեղծմանը:
Այսօր դժվարությունները շատ են Հայաստանում: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայց ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաև 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր և կառավարելի մակարդակի պայմաններում:
Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաև մեր հարևանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը և տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր:
Սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին: Նախաճգնաժամային թողարկման և եկամուտների մակարդակը հնարավոր է եղել ապահովել նախկինում գերիշխող շինարարության ճյուղի՝ մոտ կիսով չափ ցածր թողարկման պայմաններում: Այսինքն` այս ընթացքում տնտեսության մյուս ճյուղերի աճը և զարգացումը փոխհատուցել և գերազանցել են շինարարության ոլորտի կրճատումը` առաջ բերելով արտադրության և ծառայությունների նոր ոլորտներ և տեսակներ, հանգեցնելով տնտեսության առավել առողջ կառուցվածքի: Եվ սա այն պայմաններում, երբ գրեթե կրկնակի աճել են նաև պետության եկամուտները: Այս փաստերն անհերքելի են և արձանագրվում են ոչ միայն մեր կողմից: Այսուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է բավարարված լինենք կամ անգամ գոհ: Իհարկե, ոչ:
Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչև, ասենք, արևային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ: Այսպիսի նախագծեր պիտի կարողանանք խրախուսել, ինչին և մենք ձեռնամուխ ենք եղել:
3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարևան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝ սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Գոյացած գումարները խելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով՝ տեսանելիություն ապահովող հսկայական շինարարական ծրագրերում, սոցիալական ծախսերի ֆինանսավորմամբ, ինչը վաղը ստիպված կրճատելու են, աշխարհի տարբեր ծայրերում հանուն մեկ երեկոյի ծափողջյունների միլիարդներ շաղ տալով: Այսինքն՝ գործեր, որոնք երկու քայլ առաջ հաշվարկողի համար ամեն ինչ պարզ են դարձնում:
Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետևանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց: Չեմ կարծում, թե որևէ մեկը դրանում կասկածում է: Եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է: Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու: Ես ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային, որովհետև այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարման լինելու գործին, կարծես փորձում են մեզ խելք սովորեցնել, ինչպես ասացի, գարշահոտ պատկերացումներ տարածել մեր մասին:
Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը և դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար: Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել: