03
11, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմական ներկայացուցչական 4-րդ ժողովի առիթով


Վեհափա՛ռ Տեր,
Սրբազա՛ն հայրեր,
Սիրելի՛ ժողովականներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ: Կասկածից վեր է, որ ներկա ժողովը, և ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ գործունեությունը, միայն կրոնական կազմակերպության հարց չէ, այլ ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. ավելին՝ մեզ համար այն ունի նաև մշակութային, ազգապահպան և քաղաքական նշանակություն: Սա պատմականորեն ձևավորված իրողություն է:

Ուստի, դուք այսուհետ ևս և ավելի մեծ չափով կարող եք ակնկալել հայոց պետականության համակողմանի աջակցությունը: Դուք ասելով՝ ես նկատի ունեմ և՛ Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր բոլոր թեմերով, և՛ նրա սպասավորներին, և՛ այն աշխարհականներին, ովքեր այսօր մեր Եկեղեցու կողքին են՝ հոգով, սրտով, կազմակերպչական ջանքով, դրամական աջակցությամբ կամ բարի խոսքով:

Սիրելի՛ ժողովականներ,

Ես տեղյակ եմ, իհարկե, ժողովի օրակարգին: Այստեղ քննարկվող հարցերն իսկապես օրախնդիր են: Բոլորիս ցանկությունն է ավելի մոտ լինել մեր ժողովրդին, նրա հոգսերին ու ցավերին, պատասխաններ գտնել նրա հարցերին, որովհետև ժողովրդի ակնկալիքները Մայր Եկեղեցուց շատ մեծ են: Սա արդյունք է դարերով վաստակած անվերապահ հեղինակության, որի մարմնավորողները հիմա դուք եք:

Այսօր մեր ժողովրդի մի հատվածը՝ սիրիահայությունը, տագնապալի օրեր է ապրում: Սա պատմական փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այստեղ անելիք ունեն բոլորը՝ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ իհարկե Սփյուռքի մեր համայնքները: Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված, ամուր ու կենսունակ համայնքներից է, և մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դեպքում ևս համայն հայությունը, այդ թվում և Հայաստանը, պետք է օգնեն նրան հաստատվելու և նոր արմատներ գցելու հայրենիքում:

Սիրելի՛ ժողովականներ,

Այսօր կարևոր փոփոխությունների փուլ է մտել նաև մեր երկիրը: Ձերբազատվելով կործանարար տնտեսական ճգնաժամի հետևանքներից՝ մենք ձեռնամուխ ենք եղել մեր երկրի զարգացմանը նոր թափ հաղորդելու գործին: Այսօր մենք արդեն համեմատաբար ազատ ենք լայն թափով առաջ շարժվելու փոփոխությունների ճանապարհով: Մենք գիտենք բոլոր խնդիրների ակունքները և կարող ենք լուրջ արդյունքներ ունենալ դրանք հաղթահարելու գործում: Մենք վճռական ենք կարգ ու կանոն հաստատելու պետական ողջ համակարգի գործունեության բոլոր ոլորտներում: Ու անպայման հաստատելու ենք: Կեղծիքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, տմարդի արարքներն առանց բացառությունների պատժվելու են, պատժվելու են հրապարակավ, որպեսզի դաս լինեն և մեկընդմիշտ մերժվեն մեզանում: Լուրջ առաջընթաց ունենք խոսքի ազատության բնագավառում. մեզ հաջողվեց այս հարցում առաջ անցնել շատ ու շատ երկրներից, այդ թվում և զարգացած երկրներից: Մի բան, որով կարելի է հպարտանալ, և որը պետք է ամեն գնով պահպանել: Այժմ մենք կտրուկ փոփոխությունների ենք գնում երկրում արդարության միջավայրի հաստատման հարցում: Մենք շարժվում ենք հստակ ծրագրով, որը որևէ հետադարձ չի ենթադրում այլևս: Արդարության ընկալման վրա խարսխված հասարակական հարաբերությունները և վստահությունը արդարադատության համակարգի հանդեպ չափանիշներ են, որոնց մենք ձգտում ենք, որոնց ուղղությամբ սկսել ենք հաստատակամորեն առաջ շարժվել և կարճ ժամանակահատվածում արդյունքներ ենք ունենալու:


Մենք պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխավորենք ապահով երկիր, ապահով հայրենիք և ապահով ընտանիք:

Շնորհակալ եմ ուշադրության համար:
 

← Վերադառնալ