Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի հավաքականի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մեր ողջ ժողովրդին: Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթելով՝ երրորդ անգամ մեր հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Նման հաջողություն շախմատային օլիմպիադաների պատմության մեջ քիչ երկրներ են կարողացել արձանագրել, և այդ փաստը հպարտությամբ է լցնում մեր սրտերը, իսկ եթե լինենք ավելի ստույգ, ապա շախմատային օլիմպիադաներում միայն Խորհրդային միությունը, Ռուսաստանն ու Հայաստանն են, որ երեք և ավելի անգամ դարձել են չեմպիոններ:
Հայ շախմատիստները ոչ միայն երեք անգամ օլիմպիական բարձունքում ծածանեցին հայոց եռագույնը, այլև վերահաստատեցին այն ճշմարտությունը, որ մենք կարող ենք լինել և՛ հզոր անհատներ, և՛ միասնական թիմ: Նրանք շարունակում են մեր հասարակությանը ներշնչել հավատ սեփական ուժերի հանդեպ և ինքնավստահություն: Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ մենք շատ բանի կարող ենք հասնել` ապավինելով մեր մտքի ուժին և հավաքական գիտակցությանը:
Այսօր մենք մեծարում ենք մեր հերոսներին: Նրանք օրինակ են ոչ միայն պատանիների, այլև բոլորի համար: Նրանք ինչ-որ տեղ խորհրդանշում են մեր երկրի ու հասարակության անցած և անցնելիք ճանապարհը: Երբ մենք ասում ենք, որ մեր զարգացման ամենակարևոր ռեսուրսը մարդն է, մենք նկատի ունենք հենց մարդկային այս որակները՝ ուժեղ, միջազգային ասպարեզում մրցունակ և հայրենասեր: Սահմանափակ միջոցներով մեծ արդյունքի հասնելը մեր ուժերի սահմաններում է, և դա նրանք ապացուցում են արդեն որերորդ անգամ` իրենց հետևում թողնելով հսկաների:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի առթիվ: Ինձ համար սա շատ ավելի թանկ է, քան պարզապես մարզական հաջողությունը: Սրանով մեր շախմատիստները լրջագույն ուղերձ են հղում մեր հասարակությանը և ողջ հայությանը առ այն, որ մենք շատ բան կարող ենք անել: Սա ուղերձ է այն մասին, թե որտեղ են մեր ուժեղ և թույլ տվեք ասել՝ մեր թույլ կողմերը: Սա ուղերձ է բոլորիս, թե ինչպես պետք է յուրաքանչյուրն աշխատի իր տեղում, թե ինչ պետք է անի և հատկապես ինչ պետք է չանի:
Շնորհակալություն հայտնենք նրանց ուրախության ու հպարտության այն հրաշալի պահերի համար, որ նրանք պարբերաբար պարգևում են մեզ, ինչպես նաև այն հզոր ու առաջատար ազդակների համար, որ մեր հասարակությունը ստանում է նրանցից:
Շնորհակալ եմ տղերք,
Կեցցե՛ք: Ձեր համեստության չափ հաջողություն եմ մաղթում ձեզ, և թող Կարեն Ասրյանի հիշատակը, որպես պահապան հրեշտակ, ձեզ տանի նորանոր հաջողությունների:
Մեկ անգամ ևս շնորհակալություն: Թեև պետք է ասեմ, որ այստեղ շնորհակալությունն այն բառը չէ, որ պետք է օգտագործել: Դուք ուղղակի ազնվաբար, տղամարդավարի կատարում եք ձեր գործը, և սա շատ ավելի լուրջ գնահատականի է արժանի: Ապրե՛ք: Կեցցե՛ք:
Ի դեպ, մի քանի վայրկյանով միացրել էի հեռուստացույցը, և ուղիղ եթերում մեր հաղորդավարներից մեկը զրուցում էր մեր պատգամավորներից մեկի և շախմատիստներից մեկի հետ: Ուղիղ եթերում նա ասում էր, թե ինչո՞ւ մեր շախմատիստներին հերոսի կոչում չեն շնորհում, քանի որ նրանք, իրոք, արժանի են հերոսի կոչման: Ե՛վ հանրությունը, և՛ տարբեր միջավայրերում խոսում, ասում են, որ տղաները հերոսներ են: Ես վստահ եմ, որ դրա ժամանակն էլ է գալու: