31
05, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար: Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին և, կարծում եմ, նաև լավ հիմք գալիք հինգ տարիների համար: Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են և բնականաբար ապահովելու են Ազգային Ժողովի աշխատանքների սահուն առաջընթացը: Ողջունում եմ նաև բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր և մաղթում եմ արդյունավետ խորհրդարանական գործունեություն:

Ինձ համար, կարծում եմ նաև այս դահլիճում ներկա շատերի համար, դեռ թարմ են նախընտրական հանդիպումների տպավորությունները: Բոլորս էլ երկրի ողջ տարածքով ակտիվ քննարկումներ ենք ունեցել մեր քաղաքացիների հետ, կրկին ուշադրությամբ արձանագրել և մեկ առ մեկ ցուցակագրել ենք մարդկանց այսօրվա հոգսերն ու խնդիրները: Իսկ մարդիկ մեզ ընտրել են, որովհետև հավատացել են, որովհետև հույսեր են կապել: Իմ ցանկությունն է, որ աշխատենք այնպես, որպեսզի ոչ ոք չզղջա իր ընտրության համար և որպեսզի արդարացնենք բոլորի հույսերը: Մենք կարող ենք շատ բան անել: Դու՛ք կարող եք շատ բան անել: Դուք Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունն ենք:

Այստեղ ներկա յուրաքանչյուր պատգամավորի թիկունքին հազարավոր ձայներ կան, այսինքն՝ հազարավոր մարդիկ: Այդ ձայները տեղ հասցնողները դուք եք, իսկ այդ տեղը Ազգային Ժողովն է, ընդունված որոշումներն ու օրենքներն են: Սա պատվաբեր և պատասխանատու առաքելություն է:

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ` մենք ունենք ակտիվ խորհրդարան, որտեղ ամբիոն ունեն քաղաքական դաշտի հիմնական ազդեցիկ ուժերը: Ուրախ եմ, որ նախորդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը կրկին տեղեր ստացան օրենսդիր մարմնում, և շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսի մուտքը Հայաստանի խորհրդարան:

Չեմ կարծում, թե որևէ լուրջ գաղափար կամ միտք, որը կծնվի մեր հասարակության որևէ հատվածում, ցանկության և անհրաժեշտության դեպքում չգտնի դեպի Ազգային Ժողովի ամբիոն տանող ճանապարհը: Վստահ եմ նաև, որ մեր պատգամավորները երբեք չեն սահմանափակվի զուտ գրասենյակային աշխատանքով, և հասարակություն-խորհրդարան կապը խիստ գործնական հիմքերի վրա կլինի:

Այստեղ ներկա են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են և ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ: Այո՛, կլինեն բանավեճեր, միգուցե երբեմն նաև սուր, կլինեն համաձայնություններ տարբեր հարցերի շուրջ կամ յուրաքանչյուրը կմնա իր կարծիքին, կհասկանաք իրար, երբեմն` ոչ: Էականն այն նպատականերն են, հանուն որոնց մենք մտնում ենք քաղաքական բանավեճի դաշտ: Էական են նաև միջոցները, որոնք մենք ընտրում ենք նպատակներին հասնելու ճանապարհին: Իշխանության տարբեր, այդ թվում և խորհրդարանական լծակներին տիրապետելն, օրինակ, միջոց է բոլորիս համար կարևոր նպատակներին` Հայաստանի հզորացմանը, մեր ժողովրդի կենսամակարդակի կտրուկ ավելացմանը, արտագաղթի կասեցմանը, մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը և մյուս նպատակներին հասնելու ճանապարհին: Երբ միջոցները դառնում են ինքնանպատակ, կամ որ ավելի վատ է, երբ իրական նպատակները դառնում են միջոցներ, իսկ միջոցները` նպատակներ, խաթարվում է քաղաքական բանավեճի տրամաբանությունը, կորում է իմաստը:

Այո՛, նպատակը երբեք չի արդարացնում միջոցները: Սխալ միջոցներով ձեռքբերված նույնիսկ ամենալավ նպատակը, միևնույն է, ի վերջո ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մենք շատ բան ունենք սովորելու ցավոք հենց մեր սխալներից, և ուզում եմ հուսալ, որ ապագայում ավելի քիչ սխալներ կանենք:

Կարծում եմ, որ բոլորս, տվյալ դեպքում այս դահլիճում ներկա պատգամավորները, առաքելություն ունենք ձևավորելու քաղաքական պայքարի և գործունեության նոր ավանդույթներ, այնպիսիք, որոնք հետագա տարիների և տասնամյակների համար կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն հնարավոր ցնցումները մեր երկրում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին և մեր ժողովրդին համատեղ ուժերով բավական հասուն ընտրություններ անցկացնելու համար: Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն պետք է էապես լավը լինի, քան նախորդներն են եղել: Մեզ հաջողվեց այդպիսի ընտրություններ անցկացնել, և մեզ կհաջողվի նաև էապես բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունն ու հասցեականությունը:

Անձամբ ես տրամադրված եմ աշխատելու. և աշխատելու բոլորի հետ՝ փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտում: Հուսով եմ, որ աշխատելու ենք նոր եռանդով ու ոչ մի վայրկյան չենք մոռանալու, թե ինչի համար են մեզ ընտրել, ինչ ենք մենք խոստացել մեր ընտրողներին, թե ով է մեզ տվել այն իշխանությունը, որ այսօր մենք այստեղ ներկայացնում ենք:

Վերջում կրկնեմ և մեկ անգամ ևս առաջարկեմ միշտ հիշել, որ ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահելու մեր սահմանած կանոնները: Փոխադարձ հարգանքի սահմանները: Ինքնե՛րս պիտի անենք: Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ: Ինքներս ենք մեր դատավորը, մեր սահմանների պահապանն ու մեր փոխադարձ հարգանքի մշտարթուն պաշտպանը: Մե՛նք ենք և ուրիշ ոչ ոք:

Հաջողություն եմ մաղթում բոլորիս, և բարի երթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքներին:

← Վերադառնալ