Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարին
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին:
Պատերազմի և աշխատանքի վետերանները տարիներ շարունակ եղել և այսօր էլ շարունակում են հասարակության ու հատկապես երիտասարդ սերունդների համար կյանքի և քաղաքացու ուղեցույց լինել: Մեր հայրենիքը, որով լիարժեք հպարտանում ենք, այսօր հեռուն նայող ժամանակակից պետություն է առաջին հերթին նրանց սխրանքի ու նվիրման շնորհիվ:
Ապրելով մեզ հետ նույն քաղաքում կամ փողոցում, կիսելով նույն հոգսերն ու խնդիրները՝ մեր վետերանները միաժամանակ իրենց մեջ են ամբարում այն ողջ հերոսականությունն ու լույսը, որ մեր ժողովուրդը կրում է դեռևս հազարամյակների խորքից: Մենք գլուխ են խոնարհում մեր վետերանների առջև և վստահեցնում, որ նրանց օրինակով դեռ շատ սերունդներ ենք դաստիարակելու:
Հարգելի՛ վետերաններ,
Ձեր խնդիրներն ու առօրյա հոգսերը իշխանությունների ուշադրության կենտրոնում են: Մենք ձևավորում ենք մի հասարակություն, որտեղ պետք է իշխի վետերանների նկատմամբ որդիական երախտագիտության զգացումը: Մենք սա չենք խոստանում, այլ պարզապես մեր պարտքն ենք համարում:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երջանկություն, և թող անսպառ լինի այն եռանդը, որով դուք այսօր գործում և ապրում եք:
Վետերանների միավորման 10-րդ համագումարին մաղթում եմ արգասաբեր աշխատանք: