04
11, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

album picture

Վեհափա՛ռ Տեր,
Սրբազա՛ն հայրեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարո՛ն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այստեղ գտնվելը և այս միջոցառմանը մասնակցելը մեծ պատիվ է. պատիվ, որը ես կիսում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միլիոնավոր զավակների հետ: Այդ հոգևոր ընդհանրության կենտրոնը գտնվում է Հայաստանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որից ճառագող լույսին են ուղղված աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների հայացքները:

Այսօր ես այստեղ եմ գտնվում` որպես միլիոնավորներից մեկը, ով եկել է վերահաստատելու իր որդիական սերն ու ակնածանքը Վեհափառ Հայրապետին` Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` նրա վաթսունամյակի հանդիսավոր տոնակատարության առթիվ:

Վեհափա՛ռ Տեր,
Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Դուք և Ձեր սերնդի հոգևորականները հատուկ առաքելություն և երջանկություն ունեք: Դուք մեր եկեղեցու հոգևոր սպասավորի ծառայության ուղին ընտրեցիք այն տարիներին, երբ դա ամենևին խրախուսված չէր: Ավելին, այդ ժամանակ հավատքը հանիրավի նսեմացվում էր, իսկ հավատավորները հետապնդվում էին իրենց դավանանքը պահպանելու համար:

Հոգևոր ծառայության այդ ուղին սկսվեց երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ով մեր ժողովրդի` իր հոգևոր արմատներին հավատարմության իսկական խորհրդանիշ էր: Նրա առաջնորդության տասնամյակների այդ մեղմ, սակայն հաստատակամ դիմադրությունը ճանապարհ էր հարթում մեր ազատության և անկախության համար:

Վազգեն Առաջինն ու նրա սաները, որոնց շարքում էր նաև մեր հովվապետը, թույլ չտվեցին, որ կտրվի ժամանակների կապը: Նրանք կանխում էին կեղծ կուռքերով իրական արժեքները փոխարինելու փորձերը: Նրանք գալիս էին ստանձնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու վերածննդի հովիվների առաքելությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր երկրում և նրա սահմաններից դուրս ծավալվել է լրջագույն եկեղեցաշինական շարժում, որն առաջնորդում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մեր բնակավայրերում վեր են խոյանում նոր հոյակերտ տաճարներ, նոր շունչ են ստանում խոնարհվածները՝ մարմնավորելով մեր սերն ու նվիրումը մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Մարդու հոգևոր ու բարոյական կատարելագործումը և դարձը դեպի մայր եկեղեցի Վեհափառ Հայրապետի անխոնջ գործունեության հիմնական նպատակն է:

Այս առումով ամենևին էլ պատահական չէ նրա համակ ուշադրությունը երիտասարդ սերնդի հետ տարվող աշխատանքներին, ինչն այսօր իսկապես ընդգրկուն և բազմաշերտ է՝ հայորդաց տներից մինչև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդական միություն: Վեհափառ Տերը, որպես իսկական քրիստոնյա, զուսպ և համեստ է իր խոսքերում: Մեր շուրջը տիրող ինքնագովասանքի աշխարհում նա խուսափում է իր գործունեությունն ի ցույց դնելուց և չի խրախուսում դա: Սակայն նրա հովվապետության արդյունքները երբեք չի կարելի համեստ գնահատել: Նրա խոնարհ ծառայության և վստահ ու հաստատուն առաջնորդության արդյունքն ակնհայտ է: Աչք ունեցողը` կտեսնի, ականջ ունեցողը` կլսի: Իսկ մեր բոլորի պարտականությունն է` լինել նրա կողքին և աջակցել մեր Սուրբ եկեղեցուն:

Ակնհայտ է, որ նրա տքնաջան աշխատանքն ու նվիրյալ ջանքերն ապարդյուն չեն անցնում: Այսօր Հայաստանը հոգևոր վերելք է ապրում: Մարդիկ կրկին վերադարձել են իրենց ակունքներին, իրենց հայրերի հավատքին ու արժեքներին, որպեսզի հասկանան, թե ո՞վ են իրենք, որտեղի՞ց են եկել և ո՞ւր են գնում:

Այս հարցերը երբեք ժամանակավրեպ չեն:

Այս հարցերի պատասխանները մեր նախնիներին են բերել Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները` Հայաստան աշխարհին մատուցելով Աստվածաշնչի քարոզը և ճշմարիտ խոսքը:

Այս հարցերի պատասխաններն է տվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ում կանթեղն այսօր էլ փարոս է բոլորիս համար:

Այս հարցերի պատասխանները յուրաքանչյուր հայի համար հասու են դարձել Սուրբ Մեսրոպի և Սուրբ Սահակի օգնությամբ, ջանքերով, տքնանքով ովքեր նոր հիմք դրեցին հայոց դպրության համար:

Այս հարցերի պատասխաններն այսօր էլ տալիս են Սուրբ Վարդան Մամիկոնյանն ու վարդանանց քաջերը, որոնց ժառանգած գենը հանգիստ չի տալիս մեր հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանողներին:

Քրիստոնեական հավատքը, սերը և բարոյականությունը, մեր դավանանքը աչքի լույսի պես պահելու ու պաշտպանելու պատասխանատվությունը օրհնություն է բոլորիս համար: Դա յուրաքանչյուրի՛ս պատասխանատվությունն է միմյանց և ամբողջ մարդկության հանդեպ:

Վեհափա՛ռ Տեր,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Օրերս լրացավ նաև Ձեր հովվապետության տասներկուամյակը, ինչը նշանավորվում է մեր միջավայրում մեր իսկ արժեքների ամրապնդմամբ:

Խորապես համոզված եմ, որ բարոյականությունը, հավատքը և եկեղեցին փոխկապակցված են և փոխպայմանավորված: Մեր ժողովրդի միլիոնավոր զավակների հետ միասին առ Աստված եմ ուղղում իմ աղոթքը և խնդրում ուժ, կորով ու շնորհ` Ձեր վեհ առաքելությունն իրականացնելու գործում:

Թող Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայաստան աշխարհը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր նվիրյալ գահակալով:



← Վերադառնալ