25
09, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Լոս Անջելեսում Անկախության 20-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ

album picture
album picture

Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Ես հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ այսօր մենք միասին ենք և ուզում եմ բոլորիդ շնորհավորել մեր ընդհանուր հայրենիքի, համայն հայության հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության քսանամյակի կապակցությամբ:

Այս մեծ տոնը նշվեց և դեռ շարունակում է նշվել աշխարհի տարբեր անկյուններում` ամեն տեղ, որտեղ գոնե մեկ հայ կա: Սրանք իսկապես հիշարժան և գեղեցիկ օրեր էին բոլորիս համար:

Սեպտեմբերի 21-ի հայկական հեռուստաեթերը լեցուն էր Հայաստանի մարզերից և աշխարհի չորս կողմերից ներկայացվող հուզիչ ու շատ տպավորիչ տեսանյութերով: Եվ ինչպես չհուզվես, երբ դիտում ես ասենք, հենց ձեր` լոսանջելեսյան համայնքի տոնակատարությունների մասին պատմող սյուժեները: Ինչպես չփառավորվի հոգիդ, երբ անկախ հայրենիքի կենաց թասը բարձրացնող տղաներն ի լուր աշխարհի բարձրաձայնում են, որ հայոց հողի հանդեպ որևէ ոտնձգության դեպքում հեռու Ամերիկայից էլ ժամեր անց կհայտնվեն պաշտպանական դիրքերում: Դիտում ես ու մտքում կրկնում. «Տղե՛րք, ձեր ցավը տանեմ»:

Միտք ու զգացում, որ հասկանալի են յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա լինի: Առանձնահատուկ երջանկության րոպեներ եմ ապրում միշտ, երբ արտասահմանյան այցերիս ընթացքում տեսնում եմ եռագույնը հպարտությամբ բարձրացրած մեր երիտասարդներին ու երեխաներին: Դա նշանակում է, որ աշխարհի երեսին չկա այնպիսի ուժ, որը կկարողանա այդ երիտասարդներին այլևս երբևէ կտրել իրենց հայկական օջախից: Դա նշանակում է, որ ծնվելով և կայանալով մեկ այլ երկրի, լեզվի, մշակույթի պայմաններում, նրանք կարողացել են պահպանել հայի ոգին, որն իրենց հաստատապես բերելու է Հայաստան:

1991թվականին իրականություն դարձավ ողջ հայ ժողովրդի երազանքը: Արդեն երկու տասնամյակ շարունակ մենք կառուցում ենք մեծ աշխարհի մե՛ր անկյունը, մե՛ր պետությունը` Հայաստանի Հանրապետությունը: Կառուցում ենք հաղթահարելով մեկը մյուսից դժվար ու դաժան մարտահրավերներ: Կառուցում ենք, դիմակայելով աղետ ու պատերազմ, շրջափակում ու ճգնաժամ: Կառուցում ենք, մեծով ու փոքրով, համայն հայության ջանքերով:

Այս կարճ ժամանակաշրջանում փորձել ենք ստեղծել պետականության հիմքերը, ամրացնել ժողովրդավարությունը, կայացնել քաղաքացիական հասարակությունն ու ազատ տնտեսությունը, ինտեգրվել միջազգային հանրությանը: Փորձել ենք մերը դարձնել ամենայն նորն ու լավագույնը, պահպանելով մեր ավանդականը` հայկականը: Եվ հասցրել ենք ոչ միայն սովորել աշխարհից, այլև աշխարհին տալ մեր մտքի սլացքն ու մեր հոգու ջերմությունը:

Ասել, թե 20 տարում հասել ենք կատարելության, իհարկե չի կարելի, սակայն ամեն ինչ համեմատության մեջ է գնահատելի: Պատմության համար ակնթարթ, բայց մեզ համար երկար, բարդ, բայցև շատ հետաքրքիր 20 տարիները եղան կորուստների, փնտրտուքի, հաջողությունների ու նվաճումների տարիներ: Այսօր ունենք կայացած պետական կառավարման համակարգ, ունենք բանակ, որով ուղղակի կարելի է հպարտանալ և մենք հպարտանում ենք, թափ հավաքող քաղաքացիական հասարակություն և ժամանակակից պետության բոլոր հաստատությունները: Սակայն ձեռք բերածով գոհանալ անկարելի է: Եվ շարունակում ենք ամրացնել մեր պետությունը` ամեն օր, քայլ առ քայլ ու հետևողականորեն:

Սիրելի՛ բարեկամներ,

Վերջերս Երևանում Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես առաջարկեցի հետևյալ բանաձևը. «Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը` Սփյուռքի համար և Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը հայրենիքի համար»:

Այսօր արդեն իրականություն է դարձել երկքաղաքացիության ինստիտուտը: Այստեղ ներկաների մեջ կան մարդիկ, ովքեր կրում են նաև Հայաստանի Հանրապետության անձնագիր: Ըստ էության, վերացրել ենք այն հոգեբանական պատնեշը, որը շատ սփյուռքահայերի խոչընդոտում էր Հայաստանում լիարյուն ապրելու և գործելու:

Նայենք մեր շուրջ. բազմաթիվ են Հայաստան վերադարձած կամ մեր հայրենիքի կյանքում աշխույժ ու անմիջականորեն մասնակցող սփյուռքահայերը: Անշուշտ, դա հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը և տեղափոխվել անծանոթ, երևակայական թվացող հայրենիք: Սակայն այսօր ունենք բազմաթիվ թևավորող օրինակներ: Մեր հայրենակիցներից շատերն են ճաշակել հայրենիքում ապրելու և գործելու ոգևորությունը: Ցավոք նրանցից ոմանք ճաշակել են և հիասթափությունների դառնությունը: Պիտի սովորենք մեր ոգևորիչ օրինակների դասերը: Սակայն առաջին հերթին պետք է ազատ ու բաց քննարկենք հենց դառնությունների պատճառները: Քննարկենք միասին, քանի որ թերությունը մատնանշելը գործի կեսն է միայն: Անհրաժեշտ է համատեղ փնտրել դրանց վերացման ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը:

Հայաստանն իրականում երևակայական, ռոմանտիկ հայրենիք չէ: Հայաստանը հողեղեն է` իր բերկրանքներով և իր դժվարություններով: Մենք ահռելի առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ հայտնի թերություններ: Իսկ ո՞վ մեզ կարող է օգնել հաղթահարել այդ թերությունները, եթե ոչ մեր հայրենակիցները:

Ես հրավիրում եմ բոլորիս բաց և շիտակ խոսակցության: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք բոլոր թերությունները: Պիտի քննարկենք մեր խնդիրները` առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու:

Իսկ խնդիրներ դեռ շատ ունենք: Մենք դեռ չենք հասել կայուն խաղաղության ու ստիպված ենք ահռելի միջոցներ ծախսել մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Թուրք-ադրբեջանական տանդեմը ողջ աշխարհում, բոլոր միջազգային ամբիոններում արշավ է տանում մեր երկրի դեմ, որին պարտավոր ենք հակազդել: Մեր փոքրիկ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին անբարենպաստ ազդակների հանդեպ, ու մենք մեծ ջանքեր ենք գործադրում պաշտպանելու համար մեր տնտեսավարողներին, ապահովելու մեր տարեցների գոնե նվազագույն կարիքները: Ամենամեծ մարտահրավերներից մեկը, անշուշտ, շարունակում է մնալ կոռուպցիան, և մենք շարունակում ենք պայքարել խորհրդային տարիներից ժառանգած ու վերջին տասնամյակներում նոր երանգներ ստացած այդ երևույթի դեմ գրեթե բոլոր ոլորտներում` կրթությունից մինչև քաղաքաշինություն, սոցիալական ապահովության ոլորտից մինչև գյուղատնտեսություն:

Այս բոլոր խնդիրները մերն են ու լուծումներն էլ մենք պետք է գտնենք: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ կարող ենք գտնել անհրաժեշտ լուծումները: Դրա համար մենք ունենք ներուժ և կամք: Ունենք կարևոր պատմական հիշողություն և դասեր, որ պարտավոր ենք քաղել մեր իսկ անցյալից: Հայաստանի Հանրապետության ստեղծումը նախորդ դարասկզբին սեփական ուժերով մեր դարավոր երազանքն իրողություն դարձնելու մեր զորության փայլուն ապացույցն էր: Մայիսի 28-ը նաև մեր առջև ամենամեծ ու ամենդաժվար խնդիրներ դնելու և համատեղ լուծելու մեր կարողության ապացույցն էր: Այդ զորության արմատները ձգվում են դարերի խորքից: Եվ այդ զորության ծառը ծաղկում ու պտղավորվում է ամեն անգամ, երբ մենք դրսևորում ենք հավատ սեփական ուժերի հանդեպ, հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն, ներողամտություն և վստահություն:

Մեր դարի խորհրդանիշը ազատությունն է: Ազատություն, որը ձեռք ենք բերում մրցելով ու գործակցելով: Մրցում են անհատները, մրցում են տնտեսավարողները: Մրցում են տնտեսություններն ու պետությունները: Եվ որքան մրցունակ ենք մենք, այնքան մեծ է ազատությունը, որ կարող ենք վայելել:

Մենք` որպես ազատատենչ մարդիկ, որպես քսանամյա ազատ ու անկախ պետականություն նվաճած ժողովուրդ, շարունակում և շարունակելու ենք մրցել: Մրցում ենք բոլոր ուղղություններով ու բոլորի հետ: Եվ այս շարունակական մրցության մեջ արդյունքի հասնելու միակ գրավականը մեջքիդ ամրությունն է, հաղթանակի համար հետդ մեկտեղ պայքարող ընկերոջ ու արյունակցի մեջքի հպումը զգալը: Ես հավատում եմ, որ խելահեղ այս մրցակցության մեջ մենք մեջք մեջքի ենք: Մեջք մեջքի՝ ստեղծելու ու կառուցելու համար: Մեջք մեջքի՝ մեր ազատությունը պաշտպանելու համար: Ավելի ազատ լինելու համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Վստահ եմ` մեր ընդհանուր հայրենիքի խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելը նոր ուժ և հզորություն է տալու թե՛ մայր հայրենիքին, թե՛ սփյուռքին: Նպաստելու է հայապահպանության գործին սփյուռքի բոլոր գաղթօջախներում, որտեղ էլ դրանք լինեն: Մեզ օր առաջ է մոտեցնելու Արցախի խնդրի արդար լուծմանը: Ամրապնդելու է մեր անկախ պետականության հիմքերը: Զորացնելու է մեր հարատևության ծառի արմատներն ու փարթամացնելու մեր ազատության ու անկախության սաղարթը:

Ասում եմ սա ամենայն համոզվածությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետությունն է հայ ժողովրդի հարատևության միակ իրական երաշխավորը: Որևէ այլ ուժ այդ պատասխանատվությունը մեր փոխարեն չի ստանձնելու:

Սփյուռքի նախարարության ջանքերով հաճախ են կազմակերպվում համահայկական մասնագիտական հավաքներ, որոնք հնարավորություն են ստեղծում աշխարհասփյուռ մեր ճարտարապետների, իրավաբանների, ֆինանսիստների և ամենատարբեր մասնագիտությամբ հայերի փորձն ու գիտելիքները ծառայեցնել համահայկական խնդիրների լուծմանը: Սա շատ արդյունավետ ու գործնական ձևաչափ է, որ պետք է շարունակենք ու կատարելագործենք:

Հայաստանի միակ և ամենակարևոր հարստությունը ազատ կամքով օժտված իր արժանապատիվ զավակներն են: Իսկ Հայաստանի զավակներն այսօր աշխարհասփյուռ են: Մեր երկրի արդիականացման և զարգացման առաջին օժանդակողները կարող են լինել հենց սփյուռքի ներկայացուցիչները: Եվ ես կասկած չունեմ, որ մեր համատեղ քայլերով մենք ճիշտ ճանապարհով կտանենք Հայաստանը դեպի նոր ձեռքբերումներ ու ազատության նոր հանգրվաններ:

Հայաստանը կա, երազային չէ, նոր-նոր ոտքի կանգնող փոքրիկ, բայց հպարտ երկիր է հեռավոր լեռներում: Երկիր, որն այսօր մրցության է մտել աշխարհի մեծերի ու հզորների մրցադաշտում: Երկիր, որը դժվար խնդիրների է բախվում, նոր ու կարևոր կառույցներ է ձևավորում, ունի հաջողություններ, բայցև շատ ավելի մեծ նպատակներ: Դրանք մեր բոլորիս նպատակներն են:

Հայաստանը մեր բոլորի, մեր ծնողների ու պապերի երազած երկիրն է, մեր զավակների ու թոռների տունը, որի հիմքերը մենք ենք հետևողականորեն ամրացնում: Հայաստանն անկեղծորեն սիրում է իր բոլոր զավակներին ու երբեք խտրականություն չի դնում նրանց մեջ:

Իրողություն դարձած մեր երազանքը քսան տարեկան է: Քսան տարեկան է այսօր ազատ ու անկախ Հայաստանը: Եվ այսօր հայի համար չկա ավելի մեծ հպարտություն և հրճվանք:

Կեցցե՛ Հայաստանը և մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այդ տոնի կապակցությամբ:

Շնորհակալ եմ:



← Վերադառնալ