Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Ձե՛րդ Սրբություն, Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ձե՛րդ Սրբություն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Գերաշնո՛րհ հայրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ մայր հայրենիքում Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին մասնակցելու կապակցությամբ և սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Համաժողովին մասնակցում են 46 երկրներից 550 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում են սփյուռքյան 151 կազմակերպություններ՝ ներառյալ բոլոր առանցքային կառույցները: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովը հայտարարում եմ բացված:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վստահ եմ, որ համաժողովը մեծապես կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքին` ի շահ հայության խաղաղ ու բարեկեցիկ ապագայի:
Այս դահլիճը հավաքական ուժ է ներկայացնում: Այն 10 միլիոն հայերի զորության խորհուրդն ունի և հպարտություն է առաջացնում: Այդ ուժը համահայկական բազում խնդիրներ է լուծել տասնամյակների ընթացքում և կշարունակի լուծել:
Հայ ժողովրդին միավորում են մեր ազգային իղձերն ու Հայաստանի ճակատագիրը: Մեր բոլոր մտքերը, ապրումները, երբեմն զայրույթն ու պոռթկումը, թեժ բանավեճերն ու հանդարտ քննարկումները, լուռ աշխատանքն ու բողոքի դրսևորումը ընդհանուր առմամբ ունեն մեկ նպատակ` տեսնել վաղվա Հայաստանը ավելի լավ, ավելի հզոր, ավելի գեղեցիկ, ավելի բարեշեն, տեսնել հայությունն ավելի համախմբված, ավելի կուռ ու կազմակերպված: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլև ընդհանուր նպատակները:
Սփյուռքը նոր երևույթ չէ մեր բազմադարյա պատմության մեջ, բայց Մեծ եղեռնից հետո այն բոլորովին ուրիշ բովանդակություն ստացավ: Հայը պիտի արդեն քննություն բռներ իր հայրենի բնօրրանից դուրս, «օտար, ամայի ճամփեքի վրա», պիտի քննություն բռներ ուծացման ու այլասերման դեմ և ապացուցեր իր կենսունակությունն ամենատարբեր պայմաններում: Սփյուռքա-հայության անցած գրեթե մեկդարյա պատմությունը մաքառման ու հաղթանակների, անխուսափելի նահանջների և բացառիկ կամքի դրսևորման պատմություն է: Հայկական գաղթօջախները Ուրուգվայից մինչև Ավստրալիա, Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք ծածկվեցին հայկական դպրոցների, եկեղեցիների, մամուլի, ինչպես նաև քաղաքական, հասարակական, մշակութային ու մարզական կազմակերպությունների ցանցով` փրկելու համար նոր սերունդը: Ամեն մի ընտանիք դարձավ պատմական հայրենիքի փոքրիկ մանրակերտը: Հայությունն աշխարհին տվեց վերապրելու բացառիկ օրինակ այն դեպքում, երբ նույնիսկ շատ հեղինակավոր գործիչներ արևմտահայությանը այլևս համարում էին պատմությունից դուրս: Ավելին, Սփյուռքն իր մեջ ուժ գտավ արձանագրելու բացառիկ քաղաքական նվաճումներ: Ցեղասպանության հրեշավոր դրվագներն աչքի առաջ ունենալով` Սփյուռքը տվեց անկախության գաղափարին ու երազանքին նվիրված նորանոր սերունդներ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս ամենով հանդերձ` Սփյուռքը նաև մեր ցավն է ու մտահոգությունը, որովհետև օտար ափերում մենք ամեն օր բախվում ենք խնդիրների և մարտահրավերների: Յուրաքանչյուր նոր սերունդ հայախոս պահելու, իր արմատներին կառչած պահելու, հայրենիքին մոտ պահելու, պարզապես հայ պահելու հրամայականը կա, և կա դրան հակասող հանգամանքների, պայմանների, գայթակղությունների ծով: Այդ ծովում, պիտի խոստովանենք, մեծ կորուստներ ենք ունեցել և, ցավոք, անխուսափելիորեն էլի ենք ունենալու: Ողջ հայության գերխնդիրն է նվազագույնի հասցնել այդ կորուստը: Ըստ իս, ամենաազդեցիկ միջոցն ու առողջարար պատվաստումը ուծացման չարիքի դեմ Հայաստանի հզորացումն է և միջազգային մեծ հեղինակություն վաստակելը: Հայաստանի ճանաչելիության աստիճանի բարձրացումն աշխարհում կարող է հայության գիրկը վերադարձնել նույնիսկ հեռացածներին, եթե նա կարողանա հպարտ լինել իր հայրենիքով, իր հայրենակիցների նվաճումներով և վերջապես իր ինքնությամբ:
Այլ առիթով ասել եմ, բայց ավելորդ չեմ համարում կրկնել, որ Սփյուռքն ու հայրենիքը պետք է դառնան միմյանց շարունակության: Սփյուռքը թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես, թե՛ գիտական, առողջապահական ու մարզական առումներով պետք է սնվի հայրենիքից և սնի հայրենիքը: Սա չի նշանակում դառնալ Երևանի անդեմ կցորդը: Սա նշանակում է փոխադարձաբար լրացնել միմյանց:
Գլոբալացման ներկա պայմաններում ավելանում է ուծացման վտանգը, խոցելի դառնում` ինքնությունը: Եվ միայն վերածնված հայկական պետության` Հայաստանի Հանրապետության հետ առավել սերտ համագործակցության, պարբերաբար այցելությունների շնորհիվ է հնարավոր կանխել վերահաս վտանգները։ Հայաստանը հայապահպանության գլխավոր կենտրոնն է ու վահանը:
Խորին երախտագիտության ու բարձր գնահատանքի են արժանի այն սփյուռքյան կառույցները, կրթօջախները, լրատվամիջոցները, բարերարները, մտավորականներն ու անհատները, ովքեր մեծ նվիրումի, զոհողությունների ու տքնանքի գնով ամենուրեք ստեղծել ու շարունակում են ստեղծել հայկական դպրոցներ, մշակութային օջախներ, հայագիտական կենտրոններ և հայ մանուկներին, պատանիներին ու աղջիկներին ավանդում են մեր քաղցրահունչ մայրենին, պահպանում ու զարգացնում են հայ մշակույթը:
Հայ ինքնության կարևոր գրավականը մայրենի լեզուն է:
Հարյուրամյակների ընթացքում հաճախ հենց հայոց լեզուն է փոխարինել Հայրենիքին: Հայապահպանությունը սփյուռքում բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից: Այն սոսկ սփյուռքի խնդիրը չէ. սա մենք հստակ գիտակցում ենք: Հայոց լեզուն և հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի հավերժության պարտադիր պայմաններն են: Փորձե՛նք ազգովի պայմանավորվել, որ հայ ընտանիքում պետք է խոսել միայն հայերեն: Հայ երիտասարդը պետք է սրբացնի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հասկանա, որ շատ լեզուներ իմանալով հանդերձ, չպետք է կորցնի մայրենին, մանավանդ ներկա բարձր տեխնոլոգիաները թույլ են տալիս հեռավար ուսուցման շնորհիվ սովորել լեզուն:
Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման խնդիրը օրակարգային է, քանզի սփյուռքահայերի մի ստվար հատվածը չի տիրապետում հայոց լեզվին կամ տիրապետում է մասնակի, իսկ Սփյուռքի որոշ համայնքներում հայոց լեզվի գործածումը սահմանափակվում է բանավոր խոսքով: Մեր լեզուն հայապահպանության գլխավոր զենքն է, մեր գոյության հիմնասյունը, ազգային միաբանության կարևոր գրավականը: Ուրեմն, դիմելով ձեզ, ակնկալում եմ, որ համախմբվածության առաջիկա գործունեության թիրախ կդառնան լեզվի ուսուցման, փոխանցման և պահպանության խնդիրները: Հայոց պետությունը հիմնարար դեր պետք է խաղա այդ հարցում, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Հայաստանը դառնա մայրենիի ուսուցման կենտրոն իր համալսարաններով, դպրոցներով, արագացված ուսուցման դասընթացներով:
Հատուկ ցանկանում եմ անդրադառնալ արևմտահայերենի խնդրին: Մենք` Հայաստանի իշխանություններս, մեզանից կախված ամեն ինչ անելու ենք արևմտահայ գրական լեզվին սատար կանգնելու համար, որը գրաբարի, միջին հայերենի և գրական արևելահայերենի հետ միասին կազմում է մեր մեծագույն հարստությունը: Առանց կեղծ համեստության պիտի նշենք, որ արևմտահայերենով ստեղծված գրական ժառանգությունը համաշխարհային նշանակություն, բայց և լուրջ պաշտպանության կարիք ունի: Պատրաստակամ ենք լսել մասնագետների առաջարկությունները ոչ միայն այս, այլև մյուս խնդիրների վերաբերյալ:
Հարգելի՛ ներկաներ,
Համաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք և առարկայական արդյունքներ: Հավատում եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը կարող է սարեր շարժել: Ավելին, որոշ սարեր արդեն շարժվել են: Եվ պատահական չէ, որ այդ միասնության խորհրդանիշն էլ սար է` բիբլիական Արարատը:
Մեր բանաձևը հստակ է. Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը` Սփյուռքի համար և Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը հայրենիքի համար:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: