14
03, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում

album picture
Պարոնայք գեներալնե՛ր և սպանե՛ր,

Հաշվետվությունները, որոնք մենք լսեցինք, վկայում են, որ բարեփոխումները ոստիկանությունում ընթանում են: Կա նպատակ, հստակ է ուղին, և համապատասխան քայլեր կատարվում են: Հիմնականը, ինչի վրա ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, բարեփոխումների տեմպն է, քայլերի արագությունը և, անշուշտ, շոշափելի արդյունքների ձեռքբերումը: Բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ, բայց ժամանակն է արդեն տեսանելի լուրջ արդյունքներ ունենալ գործնական հարթությունում, կյանքում, որպեսզի և՛ մենք տեսնենք, և՛ դուք տեսնեք, և՛ մեր հասարակությունը տեսնի:

Էական եմ համարում փոփոխությունների կարևորության ըմբռնումը, ինչը ես այստեղ` ոստիկանությունում տեսնում եմ: Բայց ցանկացած մեծ ծրագիր չի կարող առաջ ընթանալ, եթե չկա միասնական մոտեցում սկզբունքների, նպատակի, ձևի և գաղափարի շուրջ: Այս մասին մենք անընդհատ պետք է խոսենք:

Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին: Պատրաստվում եմ ամենօրյա ռեժիմով աջակցել փոփոխություններին խոչընդոտող խնդիրների լուծմանը, սատարել դրական զարգացումներին, կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ և գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը: Միասին մենք ավելի ակտիվ գործելու ենք նոր հնարավորությունների ստեղծման, միջոցների հայթայթման, տեխնիկական հագեցվածության բարձրացման, պրոֆեսիոնալ խմբերի ավելի արագ կայացման և այլ ուղղություններով:

Մենք հստակ նպատակադրում ունեինք և հիմա էլ ունենք ոստիկանների սոցիալական երաշխիքների ապահովման լայն փաթեթի իրականացման ուղղությամբ: Ցավոք տնտեսական ճգնաժամը ուշացրեց մեր ծրագրերը: Չնայած աշխատավարձի ֆոնդը և դրույքաչափերը կարողացանք բարձրացնել, բայց դա այն չափով չէր, որ մենք էինք ցանկանում: Փառք Աստծո, տնտեսության հնարավորություններն աճում են, ավելանում է նաև համագործակցության ծրագրերի շրջանակը, և մենք արդեն կարող ենք նոր արդյունքներ ունենալ այս հարցում: Սա` ի պատասխան ձեր խնդրանքի կամ առաջարկի:

Միևնույն ժամանակ ավելի խիստ ենք լինելու անընդունելի երևույթների հանդեպ` կաշառակերությունից, այսպես կոչված «բարձր հովանավորությունների ինստիտուտից» մինչև ոչ հարիր վարքագիծ և պաշտոնեական դիրքի չարաշահում:

Խիստ ենք լինելու նաև փոփոխությունների և ձեռքբերումները պահելու հետևողականության հարցում: Տեսեք, մենք շատ հաճախ ենք անդրադառնում ճանապարհային ոստիկանության խնդիրներին, որոշ դեպքերում արձանագրում ենք փոփոխություններ, հետո ժամանակի ընթացքում դիտարկում հետընթաց: Սա, կարծես, սովորական է դարձել: Պիտի արագացնենք նոր տեխնիկական համակարգերի, մասնավորապես, ինչպես այստեղ պարոն Օսիկյանը նկարագրեց ծրագիրը, այդ արագության չափման և խախտումների գրանցման, տեսախցիկների ներդրման աշխատանքները, նվազագույնի հասցնենք ոստիկան-վարորդ շփումները ու համատեղ ուժերով այս համակարգը դնենք անդառնալի վերելքի ուղու վրա: Հակառակ պարագայում, մեզ ոչ ոք չի հասկանա: Անշուշտ խնդիրները շատ են, բայց մենք կանգնելու կամ դանդաղելու իրավունք չունենք:

Պարոնայք գեներալնե՛ր և սպանե՛ր,

Օրենքը ոստիկանին հարկադրանք կիրառելու լիազորություն է տալիս: Նման լիազորության իրականացումն ահռելի պատասխանատվության բեռ է դնում ձեր ուսերին: Այդ պատասխանատվությունը թերևս համեմատելի է միայն հիվանդի առջև կանգնած վիրաբույժի պատասխանատվության հետ:

Ձեր գործառույթները արդյունավետ իրականացնելու համար կարևորում եմ մի քանի գործոն.

Առաջին հերթին, կարևորում եմ ձեր քաղաքացիական գիտակցությունը: Լավ ոստիկանը, լավ քաղաքացի պիտի լինի, կայացած և իր առաքելությանը վստահ մարդ:

Երկրորդ, ոստիկանին վերապահելով կարևորագույն լիազորություններ, օրենքը սահմանափակումներ և պահանջներ է ներկայացնում իրավապահին: Որևէ հարցի կամ երևույթի նկատմամբ ձեր անձնական դիրքորոշումը որևէ կերպ չպետք է խանգարի այդ խստագույն պահանջների կատարմանը: Սա, իրավամբ, բարդագույն խնդիր է: Սակայն առանց այդ խնդրի հաղթահարման լավ ոստիկան լինել հնարավոր չէ: Իսկ լավ ոստիկանները մեզ շատ են անհրաժեշտ: Բժիշկը չի կարող վերապահումով մոտենալ քաղաքական կամ քաղաքացիական այլ դիրքորոշում ունեցող հիվանդին: Ոստիկանը` նույնպես:

Երրորդ, ձեզ տրված է հայեցողական որոշումներ կայացնելու լիազորություն և պատասխանատվություն: Հնարավոր չէ բոլոր իրավիճակների համար դեղատոմսեր ունենալ, առավել ևս օրենքի մակարդակով: Հնարավոր չէ կանխատեսել բոլոր հակասական իրավիճակները ու կանխել բոլոր իրավախախտումները: Հենց այդ պատճառով է, որ ոստիկանի` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը զուգորդվում է հայեցողության որոշակի տարրերով: Առանց դրանց իրավապահները չեն կարող արդյունավետ գործել:

Այդուհանդերձ, վկայակոչված հայեցողությունը պետք է գործի մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության, կամայականության արգելքի սկզբունքների շրջանակում: Իրավախախտումները թեև երբեմն օրինաչափ, սակայն հիմնականում առանձնահատուկ են: Սա է պատճառը, որ էլ ավելի են կարևորվում այն արժեքներն ու սկզբունքները, որոնց պիտի հետևի ոստիկանը` ծառայողական պարտականությունները կատարելիս:

Դրանք մեր հասարակության հիմնարար ու համընդհանուր արժեքներն են: Հենց այդ արժեքներին ու սկզբունքներին հայեցողական որոշումների համապատասխանությունից է կախված ոստիկանության, ամբողջ իրավապահ համակարգի, և հենց պետության հանդեպ մարդու ու քաղաքացու վստահությունը: Այսպիսին է ձեզ բաժին ընկած բեռը, ձեր պատասխանատվությունը:

Չորրորդ, ոստիկանության որևէ գործողություն, հասարակության հիմնարար և համընդհանուր արժեքների տեսանկյունից քննելիս, տարմեկնաբանության տեղիք չպետք է տա: Կնճռոտ հարցեր այստեղ կան և կմնան: Սակայն միշտ և ամենուր ոստիկանի գործողությունները պիտի դիմանան այդ արժեքների քննությանը: Սա՛ է ոստիկանության, իրավապահ համակարգի հանդեպ վստահության բարձրացման բանալին: Տեսեք, եթե քաղաքացիները փողոցում տեսնում են, որ կատարվում է իրավախախտում, և ոստիկանը մեջքով է շրջվում դեպի այդ իրավախախտում կատարողը, այս դեպքում ինչպիսի՞ հարգանք կամ ինչպիսի՞ վստահություն կարող է լինել ոստիկանի հանդեպ: Ավելի վատ օրինակներ բերեմ. ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն` ո՛վ է կատարել մարդասպանությունը, և ոստիկաններն այդ գործը շրջում են այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, և իրական հանցագործությունը մնում է դրսում: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այդպիսի ոստիկանին, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ ամբողջ համակարգին: Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք և ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը: Կամ մեկ այլ օրինակ` երբ Գավառում հանցագործություն է տեղի ունենում, սպանության փորձ է տեղի ունենում, իրեղեն ապացույցները համարյա թե ամբողջովին կան, խոստովանողը կա, այնուհետև բարձրաստիճան ոստիկանի, նույնիսկ չեմ կարողանում ածական գտնել, միջամտությամբ, այդ հանցագործությունը պարտակվում է, և արդյունքում ունենում ենք ընդամենը խուլիգանության դեպք և, բնականաբար, այդպիսի պատիժ: Ինչպիսի՞ն պետք է լինի նույն Գավառի հասարակության վերաբերմունքը ոստիկանությանը, ինչպիսի՞ն պետք է լինի այլ մարզերի, նույն Երևանի բնակչության վերաբերմունքը ոստիկանությանը: Ահա այս խնդիրներն են, որ մենք պետք է լուծենք: Եւ սա միայն ոստիկանապետի խնդիրը չէ, միայն փոխոստիկանապետերի խնդիրը չէ, սա բոլորի խնդիրն է, բոլոր նրանց, ում համար թանկ են ոստիկանության պատիվը, հեղինակությունը:

Հինգերորդ, ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացումն ապահովելիս, կարևորելով ոստիկանների գործողությունների արդյունավետությունը, հիմնական շեշտը շարունակաբար դնելու ենք նրանց գործունեության և ծառայողական պարտականությունների հետագա կանոնակարգման, չափանիշների հստակեցման, վարքագծի կանոնների և էթիկայի պահանջների հետևողականորեն կատարման, դրանց հանդեպ վերահսկողության վրա. եվ ամենակարևորը` պրոֆեսիոնալիզմի անընդհատ բարձրացման վրա:

Միայն այս կերպ կարող ենք էականորեն կրճատել անհետևողական և կամայական որոշումերն ու գործողությունների տարմեկնաբանությունը:

Վեցերորդ, ուզում եմ շեշտել, որ ընթացակարգերը նույնպես պարբերաբար վերանայվելու կարիք ունեն: Դրանք պիտի ժամանակին համաքայլ ընթանան, քանի որ քաղաքացիական հասարակության կայացմանը, շուկայական հարաբերությունների զարգացմանը, բազմակարծության ծավալմանը զուգընթաց, հայաստանյան հասարակության արժեքները ևս փոխակերպվում են:

Ոստիկանության գործողությունները կանոնակարգող ընթացակարգերը չպետք է հետ մնան այս փոփոխություններից, այլապես անխուսափելի կլինի այդ արժեքների և ոստիկանների՝ դրանց քննությունը չբռնող գործողությունների բախումը: Նման բախման արդյունքում տուժելու է ոստիկանի հանդեպ վստահությունը, թուլանալու են պետությունն ու պետականությունը, մեր հասարակությունը:

Պիտի հնարավոր բոլոր միջոցներով ամրապնդենք ոստիկանի կայացրած որոշման ու նրա գործողությունների և հասարակության արժեքների միջև կապը: Չէ որ բոլորիս նպատակը մեկն է` ծառայել մարդուն և քաղաքացուն, ամրապնդել մեր հասարակությունն ու պետությունը՝ գլոբալացվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու և դրա ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվելու հարցում:

Յոթերորդ, այս և մյուս խնդիրների լուծումը ենթադրում է ոչ միայն օրենքների և ընթացակարգերի հետագա կատարելագործում, այլև ոստիկանների ունակությունների, նրանց պրոֆեսիոնալ կարողությունների հետևողական և անընդհատ զարգացում: Մեզ ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն: Պետք չեն ո՛չ համակարգին, ո՛չ հասարակությանը: Որևէ մեկին պետք չեն: Նրանք, ովքեր չեն կարողանում կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները, լավ կլինի, որպեսզի մտածեն այլ աշխատանքի անցնելու մասին, որովհետև եթե մարդը կրում է գեներալի, գնդապետի, փոխգնդապետի և, ընդհանրապես, ոստիկանության սպայի ուսադիրներ, այդ մարդը պետք է լավ իմանա, բացի դրանից այդ գործը պետք է սիրի և իր պատիվը միշտ պետք է չափվի ոչ միայն իր ուսադիրներով, այլ նաև կրծքին եղած նշաններով: Սա՛ է մասնագիտական մոտեցումն այս հարցում:

Պարոնայք գեներալնե՛ր և սպանե՛ր,

Ուզում եմ, որ գիտակցեք ձեր բացառիկ դերը: Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր հայաստանցի ոստիկանին ընկալելու է որպես պետության ու պետականության, ապահովության ու բարեկեցիկ կյանքի, ուժի ու արդարության, իրավունքի ու օրինականության խորհրդանիշ, մարդու իրավունքների պաշտպան: Ձեր ուսերին մեծ բեռ է դրված: Այդ բեռը հաճախ ծանրանում է: Ես այդ մասին շատ լավ գիտեմ և ոչ միայն ուրիշների պատմելով: Գիտեք, այս համակարգում ես աշխատել եմ և գիտեմ, թե ի՞նչ է նշանակում ժամանակ առ ժամանակ ոստիկանության ուսերին ընկող բեռը: Շատ լավ գիտակցում եմ: Երբեմն կքել եք այդ ծանրության տակ, սակայն երբեք չեք կոտրվել դժվարության բեռից: Սա շատ կարևոր հանգամանք է: Կատարել եք ձեր կարևոր գործը պարտքի գիտակցությամբ: Հավատացեք, իրոք, սա շատ մեծ առաքելություն է:

Սխալներ կատարելու իրավունք յուրաքանչյուր ոք ունի, այդ իրավունքն ունեք նաև դուք: Չգործելու իրավունք ունեն շատ-շատերը: Դուք այդ իրավունքը չունեք: Ուրեմն պարտավոր եք կրճատել սխալները և քայլ առ քայլ հետևողականորեն առաջ շարժվել:

← Վերադառնալ