17
01, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ՀՀ Նախագահի Կիպրոս կատարած պետական այցի շրջանակում

Մեծարգո՛ Նախագահ Խրիստոֆիաս,
Հարգարժա՛ն պարոն Գարոյան,
Հարգելի՛ պատգամավորներ,
Սիրելի՛ կիպրացիներ,

Երախտապարտ եմ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ինձ հյուրընկալելու համար: Իսկապես մեծ ուրախություն եմ ապրում հայերի ու Հայաստանի համար եղբայրական ժողովրդի և ավանդական բարեկամ պետության խորհրդարանում ելույթով հանդես գալու պատվին արժանանալու համար:

Ամեն անգամ մեր ժողովուրդների բարեկամության մասին խոսելիս ինձ համակում են ջերմ զգացումներ: Այս բարեկամության ակունքները վաղեմի են, հիմքերն էլ` ամուր: Կիպրոսը հայ ժողովրդի հոգուն և մտքին հարազատ վայր է: Այս չնաշխարհիկ կղզին այն յուրահատուկ երկրներից է, որտեղ հայը դեռ վաղ ժամանակներից իրեն օտար չի զգացել, այլ արարել է այդ երկրում և անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին մաքառել այդ երկրի թշնամիների դեմ: Միջնադարում տասնյակ հազարներով հաշվվող կիպրահայ համայնքի գերակշիռ մեծամասնությունը օսմանյան նվաճումից հետո լքել է երկիրը: Սակայն ճակատագրի հեգնանքով ներկայիս կիպրահայ համայնքը, արդեն այլ աշխարհաքաղաքական պայմաններում, ձևավորվել է նույն կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության արդյունքում: Այստեղ գլուխ եմ խոնարհում կիպրացի ժողովրդի առջև յաթաղանից փրկված հայ գաղթականներին ապաստան, նոր կյանքի հնարավորություն և նոր հայրենիք տրամադրելու համար:

Կիպրոսում հաստատված իմ հայրենակիցները հնարավորություն ունեն ապրելու և արարելու ազատ` առանց իրենց ազգային ինքնությունն ու ծագումը թաքցնելու: Լիովին ինտեգրված լինելով կիպրական հասարակությանը` հայերը մասնակցում են իրենց երկրորդ հայրենիքի բարգավաճմանը: Հպարտ եմ, որ կիպրահայերը կառուցողական դերակատարություն և ներդրում ունեն Կիպրոսի հասարակական և քաղաքական կյանքում: Դրա ակնառու վկայություններից է նաև այն, որ այս նիստը, հուրախություն ինձ, տեղի է ունենում հայազգի Մարիոս Գարոյանի նախագահությամբ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, դեռևս 1982 թվականին, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` պահանջելով պատմական արդարության վերականգնում: Հայ ժողովուրդը երախտապարտ է կիպրացի եղբայր ժողովրդին, որը Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին միանում է մեզ` հարգելու անմեղ զոհերի հիշատակը: Ձեր երկրում գտնվող Հայոց ցեղասպանության հուշակոթողներից մեկն էլ Լառնակայում է կառուցվել «Կիպրոս­Հայաստան» բարեկամության խմբի և, մասնավորապես, իմ սիրելի բարեկամ` Նախագահ Խրիստոֆիասի աջակցությամբ:

Մեր ժողովուրդների բարեկամությունն իսկապես անկեղծ է և ամուր: Այն դիմակայել է թե՛ ժամանակների փորձությանը, թե՛ պատմության վայրիվերումներին: Պատմությունը հաճախ դաժան փորձությունների է ենթարկել մեզ` սասանելով մեր պետականությունը և դահիճներին հանձնելով հազարամյա մշակույթ կրող մեր ժողովուրդներին: Մեր ազատասեր ժողովուրդները օտար լծից ազատվելու համար ընդհանուր թշնամու դեմ տևական մաքառումների և անդառնալի կորուստների գնով վերականգնել են անկախ և խաղաղ ապրելու իրավունքը:

Սիրելի՛ բարեկամներ,

Մեծ դժվարությունների բովով անցած մեր ժողովուրդներն այսօր էլ զերծ չեն խնդիրներից: Դժբախտաբար, թերևս մարդկության ամենաքաղաքակիրթ այս դարաշրջանում դեռևս կան ուժեր և պետական գործիչներ, որոնք չեն ձերբազատվել հնամաշ մտածելակերպից և նվաճողի հոգեբանությունից, որոնք առաջնորդվում են «ուժեղն է թելադրում» մոտեցմամբ: Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք այսօր կրկնապատկել և բազմապատկել մեր ընդհանուր ջանքերը` մեր խնդիրներին արդարացի լուծում տալու և մեր ժողովուրդներին խաղաղություն ապահովելու նպատակով:

Այս առումով կցանկանայի խոսել Հայաստանի և ամբողջ հայության համար կենսական մտահոգության խնդիրների` Լեռնային Ղարաբաղի և փակուղում գտնվող Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Կարևոր եմ համարում այս խնդիրների շոշափումը, քանզի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա դարաշրջանում ապատեղեկատվությունը հաճախ շատ արագ ստվերում է ճշմարտությունը:

Տոտալիտար ռեժիմի կողմից Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել իրեն պարտադրված կարգավիճակի հետ: Նրա աչքի առաջ են եղել մեկ այլ բռնակցված տարածքի՝ Նախիջևանի հայերի ճակատագիրը, որոնք չդիմանալով Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներին, ստիպված էին լքել այն հողը, որի վրա ապրել էին հազարամյակներ: Ուստի պատահական չէր, որ խորհրդային շրջանի ողջ ընթացքում, և հատկապես` ազատականացման գործընթացներին զուգընթաց Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պարբերաբար բարձրացնում էր իր անկախության հարցը: Իսկ 1991թ. հաստատեց այն հանրաքվեի միջոցով, որը լիովին համապատասխանում էր Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Ադրբեջանը փորձեց բացահայտ էթնիկական զտումների և զինված ագրեսիայի միջոցով խեղդել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չկարողանալով հաղթել իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականին ստորագրել հրադադարի եռակողմ համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Ցավոք, տևական խաղաղություն հաստատելու այդ բացառիկ հնարավորությունը, որը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանային ժողովուրդների խաղաղ գոյակցության և զարգացման համար, Ադրբեջանի կողմից մինչև այսօր օգտագործվում է նոր ռազմական ագրեսիա նախապատրաստելու նպատակով:

Ակտիվ պետական հովանավորչությամբ Ադրբեջանում մոլեգնող` Հայաստանի և հայերի դեմ ուղղված թշնամական քարոզչությունը և պատմության ակնհայտ կեղծարարությունը, այդ երկրի սպառազինումն ու սպառազինությունների մրցավազքի հրահրումն ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության: Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանի իմ գործընկերը հայտարարում է, թե իբր մեր երկրի մեծ մասը նվիրաբերվել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, իսկ մայրաքաղաք Երևանը ադրբեջանական քաղաք է: Համոզված եմ, որ պատմության խեղաթյուրման այսօրինակ զավեշտի հետ առնչվել է նաև Կիպրոսը:

Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ վարքագիծը հաստատում է մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում: Ավելին, Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմքեր: Ճիշտ է, մենք վճռական ենք խնդիրը լուծել բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա մեր պատասխանը վճռական է լինելու:

Ցավալին այն է, որ մեր առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղվելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրվա շահից բխող քաղաքականություն: Դա ամենևին չի նպաստում տարածաշրջանային կայունությանը: Ավելին, պարզ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանային կայունության խախտման դեպքում առաջին հերթին վնասվելու են հենց այդ նույն տնտեսական շահերը։

Հարգելի՛ գործընկերներ,

Գտնվելով Կիպրոսի բարեկամական հողի վրա` չեմ կարող շրջանցել նաև կիպրական հիմնախնդիրը: Այնպես է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հակամարտությունների կարգավորման շուրջ մենք ապավինում ենք միջազգային իրավունքի տարբեր սկզբունքների, քանի որ տարբեր են նաև երկու հակամարտությունների բնույթն ու հանգամանքները, պատմությունն ու հարակից փաստերը։ Այս հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր տրամաբանությունն ու կարգավորման իր բանալին։

Այո, շատերն են փորձում մեզ գցել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների մակերեսային մեկնաբանությունների ծուղակը: Բայց իրավունքի հիմքը արդարությունն է, և մենք պետք է միասնական լինենք արդարության վերականգնման մեր սկզբունքային պայքարում։

Հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրացիներին, ինչու՞ չէ` նաև պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականության համար: Մենք իսկապես մտահոգված ենք Կիպրոսի խնդրի կարգավորմամբ, չէ՞ որ Կիպրոսի նման բաժանված է նաև Կիպրոսի հայկական մշակութային ժառանգությունը: Կիպրոսի պես` այն վերամիավորման է կարոտ, ուշադրության և հոգատարության է կարոտ, քանի որ մեր եղբայրական երկրի տարածքը զավթողներն իրենց բացարձակապես նեղություն չեն տալիս` հոգալու քրիստոնեական մշակութային ժառանգության մասին:

Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Մենք երբեք չենք համակերպվել և չենք էլ համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ: Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի և Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին: Հիշում ենք, քանի որ չհիշել` կնշանակի հաշտվել ստեղծված իրավիճակի, այս երկրի հանդեպ գործադրված բռնության հետ: Մենք իրերն անվանում ենք իրենց իսկական անուններով, որպեսզի հանցագործությունը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի և իրավական լուծումը:

Հայերն ու կիպրացիները ոչ միայն բարեկամներ և եղբայրներ են, այլև բնական դաշնակիցներ, և մենք հավատարիմ ենք այդ դաշինքին: Հավատացնում եմ, որ դժվար է երկրագնդի վրա գտնել գեթ մեկ հայ, որն ամենայն անկեղծությամբ չուրախանա Կիպրոսի հաղթանակներով և հաջողություններով, բարեկեցությամբ, կայունությամբ, առաջընթացով և խաղաղությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատումը Հայաստանի գլխավոր նպատակներից է: Սակայն, այդ ճանապարհին մեր հետևողական փորձերը հայտնվում են փակուղում: Կասկած չունեմ` Կիպրոսում ուշադրությամբ հետևել եք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին: Նախապայմանների պատին դեմ առան մեր և գործընթացում ակտիվորեն ներգրավված մեր գործընկերների ջանքերը:

Եթե տուրք պետք է տայինք նախապայմաններին, ապա մենք առավել քան բարոյական և իրավական հիմքեր ունեինք նախապայմաններ առաջ քաշելու։ Բայց մենք ուժ գտանք հաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժվել։ Այո՛, մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սակայն նախապայմանների առաջադրման փոխարեն մենք գերադասեցիք խնդիրների կարգավորման քաղաքակիրթ մոտեցումը՝ երկխոսություն կայացնելու միջոցով։

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք պետք է բաց աչքերով նայենք իրականությանը: Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն: Բայց տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ և ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»:

Եվ ինչպե՞ս է ընկալվում «հարևանների հետ զրո պրոբլեմ» ուղեգիծը: Որպեսզի բոլոր հարևանները հլու կատարեն Թուրքիայի հորդորները և բավարարեն նախապայմաննե՞րը: Գուցե կան հարևաններ, որոնց համար դա նույնիսկ շահավետ է, բայց վստահորեն մենք դրանց թվին չենք պատկանում:

Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՛ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության:

Մենք մեզ համարում ենք եվրոպական արժեքների կրող և եվրոպական ընտանիքի մաս: Այսօր Հայաստանը իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եվրոպական կառույցների սերտ աջակցությամբ: Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար և եվրոպական արժեքներին դավանող հարևաններ, հարևաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ և բանակցություններով և ոչ թե սպառնալիքներով: Հուսով ենք, որ Թուրքիան կհասկանա և կգնահատի նույն այդ արժեքների կարևորությունն իր իսկ կայուն զարգացման և բարեկեցության համար:

Հարգելի՛ բարեկամներ,

Մեր բարեկամությունը խարսխված է ոչ միայն խորը պատմական, մշակութային և սոցիալական կապերի, այլև փոխվստահության, փոխադարձ հարգանքի ու համակրանքի, ընդհանուր արժեհամակարգի վրա:

Այսօր իմ ներկայությունն այս դահլիճում, ինչպես նաև վերջին տարիներին մեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների գործուն փոխայցելությունները վկայում են մեր հարաբերությունների խորության և դրանք ավելի խորացնելու նպատակադրվածության մասին: Վերջին երկու տասնամյակներում հայ-կիպրական հարաբերությունները լուրջ առաջընթաց են ապրել: Այսօր մեր երկրների միջև առկա է ոչ միայն ակտիվ քաղաքական երկխոսություն, այլև աշխույժ համագործակցություն գրեթե բոլոր ոլորտներում` քաղաքական, միջխորհրդարանական, ռազմական, մշակութային, կրթական և այլն: Ավելի էական առաջընթաց կուզենայինք տեսնել նաև տնտեսության բնագավառում, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր ենք գործադրում: Կարծում եմ` առաջիկա տարիներին այս բնագավառում նույնպես լուրջ առաջընթաց կարձանագրենք:

Գտնվելով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում` չեմ կարող նաև շրջանցել միջխորհրդարանական ակտիվ համագործակցության կարևորությունը հայ-կիպրական հարաբերություններում: Ուրախ եմ, որ նկատվում է շոշափելի առաջընթաց միջխորհրդարանական համագործակցության ոլորտում: Ցանկանում եմ ընդգծել նաև խորհրդարանական դիվանագիտության դերը և միջխորհրդարանական կառույցներում կենսական խնդիրների շուրջ միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Կարելի է վստահաբար ասել, որ հայ-կիպրական համագործակցության ներկապնակը տարեցտարի հարստանում է նորանոր ձեռքբերումներով։ Բնական դաշնակիցներ լինելով հանդերձ` մենք շահագրգռված ենք միմյանց թե՛ քաղաքական և դիվանագիտական, թե՛ տնտեսական և սոցիալական հզորացմամբ:

Մեր ժողովուրդներին և երկրներին կապում է ոչ միայն պատմությունը և մշակույթը, այլև ապագան: Համոզված եմ, որ սերտ համագործակցությամբ և ընդհանուր ջանքերով միայն կարող ենք ապահովել մեր պետությունների կայուն ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագան: Վստահ եմ` մենք դեռ միասին հազարամյակների պատմություն ենք կերտելու:

Կեցցե՛ Կիպրոսը:
Կեցցե՛ Հայաստանը:
Կեցցե՛ հայ-կիպրական դարավոր բարեկամությունը:

Շնորհակալություն ուշադրության համար:

← Վերադառնալ