16
10, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ

album picture
Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա տոնի կապակցությամբ: Այսօր հայ մամուլի օրն է, եւ շատ ուրախ եմ, որ այս տոնը համընկնում է Սյունիքի մարզում տեղի ունեցող միջոցառումների հետ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենի բնության հրաշք անկյունները և պատմական անկրկնելի հուշարձանները, որոնք դուք տեսաք Արցախում և այստեղ` Սյունիքում, համոզված եմ, տպավորելու են ձեզ, և դուք նոր լիցքերով ու ներշնչանքով եք աշխատելու ձեր բնակության երկրներում: Բայց, անկախ ձեր աշխատանքից, մենք միշտ ուրախ ենք Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին տեսնել հայրենիքում: Ես չեմ ասում «հյուրընկալել», որովհետև դուք այստեղ հյուրեր չեք: Բարո՛վ եք եկել հայրենի երկիր, Մայր հայրենիք:

«21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում կարևոր նախաձեռնություն եմ համարում և շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այդ հրաշալի գաղափարը կյանքի կոչելու համար:

Գաղնիք չէ, որ համաշխարհային բոլոր ներկա գործընթացներում չափազանց կարևորվում է զանգվածային լրատվամիջոցների դերը, մասնավորապես լրագրողի մասնագիտությունը: 21-րդ դարում ամենահզոր զենքերից մեկը ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն է, որի նպատակային ուղղորդումը շրջադարձային կարող է լինել իրադարձությունների զարգացման ընթացքում: Այս տեսանկյունից մեր համազգային բոլոր նպատակների ուղղությամբ աշխատանքներում մենք խիստ կարևորում ենք թե՛ հայալեզու լրատվության, թե՛ մեր լրագրողների կողմից աշխարհի առաջատար լրատվամիջոցներում հրապարակումներով հանդես գալու նշանակությունը: Հայ լրատվության դերը խիստ կարևորվում է նաև համահայկական հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու անհրաժեշտությամբ, մասնավորապես ողջ աշխարհում հայապահպանության գործին նպաստելու առումով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` հայկական երկրորդ պետականության կայացման, ամրապնդման և զարգացման, ինչպես նաև միջազգային ճանաչման գործում անգնահատելի է լրագրողներիդ առաքելությունը: Պետք չէ մոռանալ, որ մարտի դաշտում տարած հաղթանակն անհրաժեշտ է ամրապնդել դիվանագիտության ոլորտում: Իսկ հակաքարոզչությանը դիմագրավելու և հիմնախնդիրը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում անկասկած անփոխարինելի է Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների, ինչպես նաև օտար լրատվամիջոցների հայ լրագրողների հրապարակումների դերակատարությունը: Ստեփանակերտում կազմակերպված համաժողովը հիանալի առիթ էր Արցախը խորապես ուսումնասիրելու, այն ներսից ճանաչելու, Արցախի հիմնախնդիրները և այսօրվա արցախցու հոգսերը հասկանալու համար: Վստահ եմ` դեռ բազում էջեր եք գրելու և շատ ու շատ սյուժեներ եք պատրաստելու այդ ամենի մասին:

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նույնպես հետագա առաջընթացը հնարավոր է արագացնել միայն լրատվական դաշտի լայնամասշտաբ աջակցության պայմաններում: Հայ Դատի արդարացի լուծմանը, լոբբիստական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն էապես կարող են նպաստել լրատվամիջոցները:

Ակնհայտ է նաև, որ Սփյուռքում գործող լրատվամիջոցները նշանակալի ներդրում ունեն հայապահպանության, հայկական ազգային մշակույթի պահպանման ու տարածման գործում: Լրատվական համահայկական միասնական դաշտ ձևավորելու և մեր առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ու մարտահրավերներին դիմագրավելու գործում մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք: Վստահ եմ, այս հարցերի շուրջ դուք բովանդակալից քննարկումներ եք ունեցել այս օրերի ընթացքում և որոշումներ էլ եք կայացրել:

Հարգելի՛ լրագրողներ,

Դուք մեծ ու շնորհակալ գործ եք անում: Ես շատ լավ հասկանում եմ, որ արտերկրում հրապարակել և տարածել հայկական մամուլ իրականում նշանակում է մեծ զոհողություն կատարել, նաև նշանակում է դառնալ համայնքային կյանքի կազմակերպիչներից, համախմբողներից մեկը, զբաղվել հրաշագեղ մայրենիի պահպանմամբ ու տարածմամբ, պահել հայկական ինքնությունն ու հայկական ոգին, ունենալ սեփական դիմագիծ, ազգային արմատ, հայկական մտածողություն և վերջապես դառնալ հայ ժողովրդի ու նրա տարբեր հատվածների հոգևոր ու պատմամշակութային ժառանգության պահապանները, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման խթանողները:

Մենք շատ լավ պատկերացնում ենք ձեր դժվարությունները, այն խնդիրները, որոնք ամեն օր ծառանում են ձեր առջև: Դրանք առաջին հերթին խնդիրներ են, որոնք բխում են Սփյուռքի մեր գաղթօջախների առջև կանգնած մարտահրավերներից, բայց կան նաև այնպիսիք, որոնք կարող են և պետք է լուծվեն համատեղ աշխատանքով, Հայաստանի կառավարության հետ ավելի սերտ համագործակցությամբ:

Մենք նաև ոգևորվում ենք` տեսնելով, որ պարբերաբար հայկական նոր տեղեկատվական միջոցներ են ստեղծվում աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում նաև օտար լեզուներով գործող հայկական լրատվամիջոցներ: Սա իսկապես լավ միտում է: Միջազգային լրատվական դաշտում մենք թե՛ քանակապես, թե՛ որակապես ամրանալու մեծ խնդիր ունենք: Սուտ ու կեղծիք, սև քարոզչություն տարածող մեր հարևանի նավթադոլարներին մենք հակադրել ու հակադրելու ենք աշխարհասփյուռ մարդկային մեր ներուժը, և մենք հաղթելու ենք, որովհետև ստով ու կեղծիքով հնարավոր չէ հեռու գնալ:

Մենք կարիք չունենք ինքներս մեզ համոզելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունումն այլընտրանք չունի: Իսկ օտարները կարիք ունեն ճշմարիտ և օբյեկտիվ լրատվության: Մենք կարիք չունենք գունազարդելու Արցախի կամ Հայաստանի Հանրապետության իրականությունը, բայց մենք պետք է կարողանանք նաև կանխել ամեն ինչ սևացնելու մարմաջը: Ո՛չ գունազարդել, ո՛չ սևացնել` պարզապես ակտիվ ներկայացնել ճշմարտությունը. սա է խնդիրը, որը մենք միասին պետք է լուծենք:

Այո՛, Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով և ամենաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»: Այսինքն` ոչ միայն Արցախը, այլև Երևանը, Սևանը, Սուրբ Էջմիածինը «պատմական ադրբեջանական հողեր» են: Ահա այս տրամաբանությամբ և այս համատեքստում է, որ Արցախը հայտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» շարքում: Վերջին անգամ այս մասին «իմացանք» հենց երեկ Ադրբեջանի Նախագահի շուրթերից:

Ինչո՞ւ է այս ծայրահեղ ազգայնական դիրքորոշումը դրսևորվում հատկապես հիմա: Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը և եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ և դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանի հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանությունից` կարծես դեռ չեն էլ պատրաստվում:

Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է գտնվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ամբողջ աշխարհն այսօր բացառում է ռազմական ուղին, միայն Ադրբեջանն է, որ (իրենց խոսքերով) «երբեք չի ժխտում հարցի լուծման ռազմական ճանապարհը»: Արդյո՞ք, սա միայն ներքին օգտագործման քարոզչություն է: Գուցե: Բայց ի՞նչ կարող են դրանից շահել ներքին օգտագործողները, այսինքն` Ադրբեջանի ժողովուրդը կամ արտաքին ներդրողները:

Ադրբեջանում ակադեմիական հումանիտար գիտությունները վերածվել են ռազմաշունչ հայտարարությունների գեներատորի: Նույնիսկ դժվար է որոշել թե որտեղ է ավարտվում գիտությունը և սկսվում խամաճիկությունը:

Արցախի դեպքում բերվում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներեն են (գոնե ասեն թուրքերեն կամ պարսկերեն) և ոչ հայերեն: Ինչպե՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անվանում ունենալ բնակավայրը: Ահա այսպիսի «գիտական փաստարկներով» դաստիարակվում է մի ողջ սերունդ, որը վաղը «հերոսաբար պիտի ազատագրի «պատմական ադրբեջանական հողերը»: Եվ այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա տեղեկանալ,

որ երկրամասի Արցախ հայկական անունը վկայված է Քրիստոսի ծննդից առաջ 8-րդ դարում, և վկայել է Երևանը հիմնադրող Արգիշտի 1-ին արքայի որդին` Սարդուրի 2-րդը,

որ Քրիստոսի ծննդից առաջ առաջին դարում այն օտարերկրյա աշխարհագրագետներին հայտնի էր, ինչպես Ստրաբոնն է գրում, որպես Հայաստանի Արցախ նահանգ, որի հեծելազորը ամենախոշորն էր,

որ սկսած հինգերորդ դարից ներկայիս Ստեփանակերտի տեղում` Վարարակն հայկական բնակատեղին էր, որի անվանումը զուտ հայկական է և նշանակում է «Վարար աղբյուր»,

և որ երկրամասի բնակչությունը հազարամյակների ընթացքում միատարր էր, այնտեղ ապրում էին բացառապես հայեր, ինչը հաստատում են նույնիսկ 18-րդ դարի թուրքական պաշտոնական աղբյուրները: Միայն 18-րդ դարի երկրորդ կեսից այստեղ սկսում են բնակվել աննշան քանակությամբ թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր, որոնց թվաքանակը անցյալ դարի սկզբներին հասավ հազիվ բնակչության ընդհանուր թվի հինգ տոկոսին:

Այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա իմանալ, որ հազարավոր պատմական մատյաններում, որտեղ խոսվում է Արցախ հողի ու նրա քաջարի մարդկանց մասին, Ադրբեջան բառ չկա, որովհետև չէր կարող լինել: Իսկ այդ բառը որևէ տեղ առաջին անգամ հայտնվել է ընդամենը մեկ դար առաջ: Կրկնում եմ` ընդամենը մեկ դար առաջ:

Ավելին ասեմ. իր ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը նշում է, որ Ստեփանակերտ անունը կա միայն, իր խոսքերով, «բանդիտ» Ստեփան Շահումյանի անվան պատճառով: Չակերտավոր ադրբեջանական հողեր ազատագրելու պատրաստվող սերունդը մի օր հաստատ շուռ է գալու ու հարց տա. մի՞թե Մոսկվայի լավագույն համալսարաններից մեկի ուսանողը չպետք է տեղյակ լիներ նույն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևի` բուռն ծափահարությունների ներքո հնչեցրած մտքերին. «Ստեփան Գեորգիի Շահումյանի վեհանձն կերպարը Ադրբեջանի աշխատավորների բոլոր սերունդների համար ներշնչման օրինակ է», «Եվ այսօր մենք հպարտությամբ ու սիրով ասում ենք (Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարը խոսում էր Ադրբեջանի ժողովրդի անունից) որ Ստեփան Շահումյանը նաև ադրբեջանցի ժողովրդի զավակն է»: Այսպես էր խոսում Հեյդար Ալիևը:

Հիվանդ երևակայությունը հասել է այնտեղ, որ Արցախի քրիստոնեական եկեղեցիները` Ամարասը, Գանձասարը, հռչակվում են ադրբեջանական: Ավելին` իրենք են առաջինն աշխարհում ընդունել քրիստոնեություն: Թուրքիային ասում են իրենց նոր կարգախոսը. «Մեկ ազգ, երկու պետություն». այսինքն` թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, բայց ապրում են երկու պետության մեջ: Հինգ րոպե հետո ասում են, որ իրենք թուրք չեն, ավելի ճիշտ` թուրք չեն եղել, եղել են աղվան, գրել են գրքեր, որ մեզ չեն հասել, որովհետև հայերը բոլոր այդ մատյանները վառել են, եղել են աղվան և կառուցել են քրիստոնեական ճարտարապետության գլուխգործոցներ, որոնք բոլորը յուրացվել են հայերի կողմից, հետո փոխել են իրենց լեզուն, դարձել են թուրք: Հետո աշխարհի առաջին քրիստոնյա-աղվան-ադրբեջանցիները փոխել են իրենց հավատը և դարձել աշխարհի ամենաբարեպաշտ մահմեդականները: Զուգահեռ զարգացնում են նաև այն թեզը, որ իրենք իրանալեզու մարերի ուղիղ ժառանգներն են և Իրանի պատմական Ատրպատականի օրինական տերը:

Լեզու փոխելը, ազգ ու կրոն փոխելը, աշխարհագրություն ու պատմություն փոխելն իրենց գործն է, բայց հակահայ ֆաշիզմի դրսեւորումն արդեն մեր գործն է:

Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին: Կարծես թե պատերազմի հետևանքները կարող էին հաճելի լինել: Այսքանից հետո ինքը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայմաններ թելադրել: Կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել:

Ադրբեջանցիներն, իհարկե, իրենց դեմքը փրկելու համար ամենուր վայհռետորություն են անում, թե հայերն այլ երկրի օգնությամբ են պատերազմում հաղթանակ տարել: Պարզ է. այլապես ինչպե՞ս պետք է բացատրեին փոքրաթիվ հայերից ջախջախիչ պարտություն կրելու փաստը: Բայց այդպես էլ քաջություն չունեն հրապարակավ պաշտոնապես հայտարարելու, թե այդ ի՞նչ երրորդ երկրի մասին է խոսքը: Բա, ասե՛ք: Ասե՛ք, որ փաստերով ցույց տանք, որ ստում եք:

Հիմա էլ որոշել են, որ Հայաստանը սեփական տնտեսական միջոցներով չի կարող գոյատևել և ապագա չունի: Այսպիսի առասպելներով սնում են իրենք իրենց, հետո էլ ապշում, երբ պարզվում է, որ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ աշխարհը բոլորովին այլ տեսակետ ունի:

Վերջում կուզենայի կիսվել ձեզ հետ մի ուսումնասիրության մասին, որ վերջերս կատարվել է մասնագետների կողմից: Գենետիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խումբ, որտեղ չկա ոչ մի հայ, բարդ ու տևական ուսումնասիրություն է կատարել: Ըստ վերջին արդյունքների, հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրև ազգ գոյություն ունենք առնվազն 8 հազար տարի: Այս ընթացքում մեր դեմ ճոռոմ-ճոռոմ խոսել են շատերը, այդ թվում և` ավելի շատ տարածք, ավելի մեծ գլխաքանակ և ավելի շատ փող ունենալու դիրքերից: Այո՛, նրանց հաջողվել է մեզ տկարացնել, բայց նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր չկա, լքել է պատմության թատերաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը` հանգիստ ու վստահ, որովհետև դեռ անելիք ունեք առնվազն առաջիկա 8 հազար տարիներին:

Շնորհակալություն, և բարո՛վ եք եկել հայրենիք:

(Ք. Գորիս)

← Վերադառնալ