19
06, 2010

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հայ համայնքի 300-ամյակին նվիրված ընդունելությանը

album picture
Հարգելի բարեկամներ,

Այսօր մենք այստեղ ենք` նշելու Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հիմնադրման 300-րդ տարեդարձը: Առաջին հերթին` ուզում եմ ձեզ շնորհավորել այս նշանակալի օրվա կապակցությամբ:

Սանկտ Պետերբուրգն առանձնահատուկ` ռուսական մշակույթի ու պատմության մեծությունը մարմնավորող քաղաք է: Պատահական չէր, որ Պյոտր Առաջինը նոր մայրաքաղաքը հիմնեց հենց այստեղ` Բալթիկ ծովի ափին:Նա պատուհան բացեց դեպի Եվրոպա, եւ նոր մայրաքաղաքը եղավ քաղաքակիրթ ընտրության հռչակումն ու ապացույցը: Նեւայի ափին հանգրվանած այս քաղաքը եվրոպական ճարտարապետության մարգարիտն է: Նա դարձավ եւս մեկ ապացույցն այն բանի, որ եվրոպական մշակույթը դժվար է պատկերացնել առանց ռուսական բաղադրիչի, իսկ Ռուսաստանն անհնար է սահմանազատել համաեվրոպական համատեքստում:

Այս օրերին ես այստեղ եմ գտնվում` նաեւ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին, որն անցկացվում է ՌԴ նախագահի հովանու ներքո:Կարծում եմ` Սանկտ Պետերբուրգը բնավ էլ պատահաբար չի դարձել այս կարեւոր ամենամյա միջոցառման անցկացման վայրը:Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պյոտրովյան ավանդույթները: Աշխարհի բոլոր կողմերից այստեղ են գալիս քաղաքական եւ գործարար շրջանակների, հասարակայնության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ, որպեսզի քննարկեն արդի ժամանակների հրատապ խնդիրները: Սա ոչ միայն պատուհան է դեպի Եվրոպա, այլեւ բաց եւ անկեղծ երկխոսության հարթակ է ամբողջ աշխարհի համար:

Իր գոյության առաջին իսկ օրերից` Ռուսական կայսրության նոր մայրաքաղաքը դեպի իրեն է ձգել ակտիվ եւ գործունյա մարդկանց ամբողջ Եվրոպայից: Այդ նոր հնարավորություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները:Հենց այս քաղաքում հայ ձեռներեցներ Իսախանյան եղբայրները 1758թ. հիմնեցին ռուսական առաջին բաժնետիրական ընկերություններից մեկը, որը, պատկերացրեք, զբաղվում էր Իրանի հետ առեւտրային հարաբերությունների հաստատմամբ:

Իսկ այնտեղ, որտեղ հայտնվում է անգամ ամենափոքր հայկական համայնքը, սկսում են հիմնադրվել մշակույթի եւ կրթության օջախներ:Եւ արդեն 1770թ. Սանկտ Պետերբուրգի վեհաշուք Նեւսկի պողոտայի վրա հիմնվում է հայկական Սուրբ Կատարինա եկեղեցին: 18-րդ դարավերջին այստեղ արդեն գործում էին երկու հայկական եկեղեցիներ եւ հայկական տպագրատուն: Եւ զարմանալի չէ, որ այդ տպագրատանը լույս տեսած առաջին գիրքը եղել է հայերեն “Այբբենարանը”` լուսավորության եւ գրագիտության խորհրդանիշը: Ես այսօր այդ մասին էի խորհում, երբ Սանկտ Պետերբուրգի հայկական դպրոցին էի հանձնում գրքեր եւ ուսումնական նյութեր, այդ թվում եւ` առաջին հայերեն էլեկտրոնային այբբենարանը:

19-րդ դարում հայ բնակչության աճին զուգահեռ` Սանկտ Պետերբուրգը դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Այստեղ հրատարակվում էր պարբերական մամուլ, ստեղծվում էին թատերական խմբեր: Սանկտ Պետերբուրգի համալսարանում գործում էր հայոց լեզվի ամբիոն, որը դարձել է աշխարհում ամենահայտնի հայագիտական դպրոցներից մեկը: Այնտեղ դասավանդել են արվեստի եւ գիտության այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Նիկողայոս Մառը եւ Հովսեփ Օրբելին: Վերջինս հետագայում ղեկավարել է աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը` Էրմիտաժը: Այսօր նրա գործը շարունակում է մեր մեկ այլ հայրենակից` ծնունդով Երեւանից Միխայիլ Պիատրովսկին:

Սանկտ Պետերբուրգի բուհերում կրթվել են հազարավոր հայ ուսանողներ, որոնց թվում` այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ կենսաբան Արմեն Թախտաջյանը:

Բոլորովին վերջերս մենք նշեցինք ֆաշիզմի դեմ պայքարում մեր ընդհանուր հաղթանակի 65-ամյակը: Այն, ինչ կրել է Լենինգրադը 1941-44թթ. հնարավոր չէ հիշել առանց սարսռալու: Հազարավոր հայ մարտիկներ են մասնակցել Լենինգրադի ճակատամարտին եւ այստեղ տվել իրենց կյանքը հանուն լավ ապագայի: Մեր հայրենակիցը` ծովակալ Իվան Իսակովը վարել է Բալթյան նավատորմի հրամանատարությունը:

Քաղաքը կրել է անասելի զրկանքներ եւ ֆաշիզմի դեմ անհավասար պայքարում ցուցաբերել ծայրահեղ արիություն: Դաժան շրջափակումը հանգեցրեց քաղաքացիական բնակչության մեծաթիվ զոհերի, բայց Լենինգրադը չհանձնվեց թշնամուն եւ տոկունորեն կրեց այդ ծանր զրկանքները: Բացի այդ, նա բոլոր այդ սարսափների միջով անցնելով` կարողացավ հոգ տանել հոգեւոր ժառանգության մասին, պահպանել ճարտարապետության եւ արվեստի անգին հուշարձաններն ու գլուխգործոցները:Բայց, որ ամենակարեւորն է, պահպանեց մարդկային շփման պիտերյան առանձնահատուկ մշակույթը:

Մենք լսելով չէ, որ գիտենք, թե ինչ է նշանակում ապրել շրջափակման մեջ: Չնայած հրադադարին, որ հաստատվել է Ղարաբաղի ժողովրդի հերոսական պայքարի արդյունքում, Հայաստանը շարունակում է ապրել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից անօրինական շրջափակման մեջ: Հակառակ դրան, շնորհիվ մեր ժողովրդի աշխատասիրության եւ մեր բարեկամների ու դաշնակիցների անգնահատելի աջակցության, մեզ հաջողվեց կայունացնել Հայաստանի տնտեսությունը եւ ապահովել տնտեսակա աճ: Սակայն, շրջափակումը շարունակվում է, եւ 21-րդ դարում մեր երեխաները շարունակում են ապրել եւ մեծանալ բաժանարար գծերի եւ ականապատված դաշտերի միջավայրում:

Տիկնայք եւ պարոնայք,

Հայ ժողովուրդը հիշում է իր պատմությունը եւ հպարտանում է նրանով: Հայկական սփյուռքի ձեւավորումը, համայնքների սփռվելն ամբողջ աշխարհով` հայ ժողովրդի կամավոր ընտրությունը չէր, այլ մեր պատմության ողբերգական էջերի հետեւանքը:

Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին եւ, մասնավորապես, Նեւայի ափին գտնվող այս մեծ քաղաքին` տեղի հայերին իրենց նոր փոքր հայրենիքի կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Եւ ես վստահ եմ, որ հայերն այստեղ նաեւ այսօր են իրենց արժանավոր ներդրումը կատարում պետերբուրգյան լավագույն ավանդույթների զարգացման գործում: Եւ այսօր մենք վստահորեն կարող ենք ասել.

Մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների բարեկամությամբ:

Մենք հավատարիմ ենք մեր նախնիների պատգամներին:

Այսօր, այստեղ մենք միասին պետք է իմաստավորենք այս խոսքերը, որոնց լավագույն մարմնավորումը հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը:

← Վերադառնալ