31
12, 2009

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

2009 թվականը դառնում է պատմություն` իր ձեռքբերումներով ու կորուստներով, իր ուրախություններով ու հիասթափություններով:

Մենք 2010 թվական ենք մտնում նոր հույսերով ու ծրագրերով: Դրանք կյանքի ենք կոչելու համատեղ ջանքերով և, համոզված եմ, հաջողություն ենք ունենալու:

Անցնող տարին, կարծում եմ, մեր երկրի համար նշանակալի էր արտաքին քաղաքական նոր վարքագծով, որ բնորոշվում է ո՛չ թե այլոց քայլերին արձագանքելով, այլ սեփական նախաձեռնություններով` նախաձեռնություններ, որոնք կոչված են մեր երկիրը բարձրացնելու միջազգային քաղաքականության նոր ուղեծիր, բացելու զարգացման նոր հորիզոններ:

Մեր տարածաշրջանում այսօր խաղաղության ու կայունության ավելի մեծ պաշար կա, քան մեկ տարի առաջ: Այդ ապահովության բաղկացուցիչները բազմաթիվ են, և դրանցից յուրաքանչյուրի պարագայում Հայաստանն ունի իր կարևոր ու անփոխարինելի մասը: Բաղկացուցիչներից ամենաառանցքայինը մեզ համար տարեցտարի ամրացող Հայոց բանակն է, որ օր ու գիշեր, այդ թվում և այս տոնական պահին պաշտպանում է հայրենիքի անդորրը. բանակ, որի ակունքներում մեր անմահ նահատակներն են, ում շնորհիվ մեր ժողովուրդը վաստակել է հաղթանակած խաղաղությունը:

Անցնող տարին դարձավ նաև համայն հայությանը հուզող, Հայաստանի և հայության տեղի ու դերի մասին, Հայաստանի և հայության ներկայի ու ապագայի մասին շահագրգիռ քննարկումների կարևորագույն ժամանակահատված: Արդյունքում, ողջ աշխարհը տեսավ ու հասկացավ, որ հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում և ուժեղ է իր զավակներով:

2009 թվականը, պետք է խոստովանենք, մեր տնտեսության համար իսկական փորձություն էր: Մեզ չհաջողվեց խուսափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր հետևանքներից, ինչպես դա չհաջողվեց համաշխարհային տնտեսության մաս կազմող երկրներից գրեթե ոչ մեկին, բայց մեզ հաջողվեց նվազագույնի հասցնել ճգնաժամի հնարավոր սոցիալական հետևանքները: Պետությունը կատարեց և հաջորդ տարի էլ ամբողջությամբ կատարելու է սոցիալական ոլորտի իր բոլոր պարտավորությունները: Հայաստանի` բարեխիղճ վարկառու լինելու փաստը մեզ հնարավորություն տվեց միջոցներ ներգրավել տարբեր արտաքին աղբյուրներից: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր երկիրը առաջին հերթին մենք ենք շենացնելու, մեր խնդիրները մենք ենք լուծելու: Համոզված եղեք, որ հաջորդ` 2010 թվականը դառնալու է ճգնաժամի հաղթահարման և տնտեսական առաջընթացի նոր սկիզբ:

2009 թվականին Հայաստանում արձանագրվել է ծնունդների և ամուսնությունների աճ: Այս իրողություններն ինձ համար շատ թանկ են և խոսում են գալիքի մասին, այն մասին, որ մեր երիտասարդները հավատում են իրենց երկրին, իրենց կյանքն ու իրենց զավակների ապագան կապում են հայրենիքի հետ: Վաղվա օրվա նկատմամբ վստահության չափանիշ է սա: Պետություններն ու ժողովուրդները նաև այսպե՛ս են հզորանում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես միանում եմ բոլոր բարեմաղթանքներին ու կենացներին, որ այժմ հնչում ու առաջիկա օրերին հնչելու են ձեր տոնական սեղանների շուրջ: Թող նոր` 2010 թվականը ձեր ընտանիքների համար լինի հաջողությունների տարի.

թող մեր տարեցները լինեն առողջ, ուրախանան իրենց զավակների ու թոռների ձեռքբերումներով, վայելեն սեր ու հարգանք և վաստակած ծերություն,

թող երեխաներն ու երիտասարդներն իրենց ուսմամբ ու վարքով, նաև առողջ կենսակերպով հպարտություն ներշնչեն ծնողներին,

թող մեր քաղաքացիների համար եկող տարին լինի աշխատանքային, գիտական ու ստեղծագործական վերելքի, բարեկեցության տարի,

թող Հայաստանում և նրա շուրջ տիրեն խաղաղությունն ու կայունությունը,

թող հայոց սահմաններին հպարտորեն ու անվեհեր կանգնած մեր զինվոր զավակները պատվով ծառայեն ու առողջ տուն դառնան,

թող աշխարհասփյուռ և հայրենաբնակ հայության համար 2010 թվականը դառնա համազգային ծրագրերի հաջող իրականացման և մեր ազգային նպատակների իրագործման ճանապարհին լուրջ քայլերի տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

← Վերադառնալ