02
07, 2009

Նախագահ Սարգսյանի խոսքը մեդալակիր շրջանավարտների եւ "Կենգուրու" միջազգային մցույթի հաղթողների հետ հանդիպման ժամանակ

album picture
album picture
Սիրելի երեխաներ, երիտասարդներ,

ես ուրախությամբ եւ հաճույքով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Քիչ առաջ դուք հնարավարություն ունեցաք շրջելու պաշտոնական հանդիպումների եւ արարողակարգերի համար նախատեսված դահլիճներում, ծանոթանալու արարողակարգային որոշ նրբությունների: Կարծում եմ, հետաքրքիր էր ձեզ համար:

Եթե հիշում եք, ես ամիսներ առաջ հայտարարեցի, որ բոլոր այն երեխաներին, ովքեր կառանձնանան իրենց հասակակիցներից գիտելիքներով, կդառնան օլիմպիադաների հաղթողներ, մրցանակակիրներ, ես կհրավիրեմ նախագահական նստավայր, կսեղմեմ նրանց ձեռքը եւ հրապարակավ շնորհակալություն կհայտնեմ հաջողությունների համար: Շնորհակալ եմ ձեզ` ձեր ձեռքբերումների համար: Կարծում եմ, դուք կարողացել եք ձեր հասակակիցներին, ձեր ծնողներին, հարազատներին ապացուցել, որ կարողանում եք խնդիրներ լուծել, կարողանում եք ուրիշներից տարբերվել ձեր տրված շնորհով, տաղանդով եւ ունակություններով: Իսկ սա շատ մեծ բան է:

Գիտեք, մեր ժողովուրդն, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, իր դարերի փորձը խտացնում է կարճ խրատներում: Վստահ եմ, ձեզնից շատերը ծնողներից լսել են` "սովորեք, որ մարդ դառնաք": Ովքեր տարիքով ավելի մեծ են, երեւի թե, բազմաթիվ անգամներ կասկածել են այդ պարզ ու ճշմարիտ մտքի իրական լինելու մեջ, բայց նաեւ առիթներ են ունեցել համոզվելու, որ դա, իրոք, այդպես է:

Վստահ եմ, այսօր եւ դուք, եւ մենք բոլորս համոզվել ենք, որ լավ սովորելը, գիտելիք ունենալը լավ քաղաքացի, լավ մարդ դառնալու համար շատ կարեւոր նախապայման է: Ուզում եմ ինձանից լսեք, որ ձեր առավելությունը ձեր հասակակիցների նկատմամբ նաեւ նրանում է, որ դուք ոչ միայն ավելի շատ գիտելիքներ ունեք, քան նրանք, այլեւ դուք առանձնանում եք. առանձնանում եք ձեր լավագույն հատկանիշներով, իսկ առանձնանալ լավագույն հատկանիշներով նշանակում է լինել ուժեղ մարդ, լինել լավ մարդ, լինել պատրաստ դիմակայելու բոլոր այն մարտահրավերներին, որ դեռեւս կյանքը ձեզ կառաջադրի:

Գրեթե վստահ եմ, որ ձեզանից շատ-շատերը մտածում են, թե այսօր ես կխոսեմ գիտելիքի հասարակության, մեր պետության եւ տնտեսության առջեւ ծառացած խնդիրների ու նաեւ այն մասին, թե դուք ինչպես պետք է մասնակցեք այդ խնդիրների լուծման գործին: Բայց, կարծում եմ, դուք մի քանի տարի հետո շատ ավելի լավ, քան ես, կձեւակերպեք այդ խնդիրները: Ուզում եմ, որ այսօր մենք անուղղակի խոսենք դրանց մասին եւ միասին մտածենք, թե դուք ինչ ունեք եւ ինչ է ձեզ սպասում ապագայում:

Աստված ձեզ տվել է շնորհ եւ տաղանդ, մեր պապերը կարողացել են պահպանել մարդկության մեր տեսակը, մեր երկիրն ու մշակույթը եւ այդ գենը փոխանցել մեզ: Իմիջայլոց, ուզում եմ ասել, ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր համարում են, որ մեր նախապապերն ունեցել են մեծ, հզոր երկիր, լայնածավալ տարածքներ, բայց նրանցից հետո եկողները չեն կարողացել պահել-պահպանել այդ հզորությունը: Ձեզնից ավելի ավագները, վստահ եմ, տեղյակ են, որ մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում ապրում էին թվով ավել մեծ ժողովուրդներ, կային տարածքով շատ ավելի մեծ պետություններ, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք չկարողացան հասնել 21-րդ դար եւ մնացին պատմության քառուղիներում: Մենք, փառք Աստծո, շնորհիվ մեր պապերի եւ տաղանդի, եւ անձնազոհության այսօր 21-րդ դարում ենք եւ վստահ եմ, որ շարունակելու ենք մեր ճանապարհը հավերժ: Ձեր ծնողներն այսքան տարիների ընթացքում արել են իրենցից կախված հնարավորը, որպեսզի դուք կարողանաք իրացնել ձեր հնարավորությունները` սնել են, պահել, փայփայել: Մեր զինվորներն արդեն 17 տարի կանոնավոր բանակի շարքերում կարողացել են պատվով պահել մեր սահմանները` դրանով իսկ ձեզ հնարավորություն տալով լիարժեք իրականացնելու ձեր ձգտումներն ու ցանկությունները: Ի վերջո, մեր ժողովրդի մասնակցության, նրանց վճարած հարկերի շնորհիվ դուք կարողացել եք ուսում ստանալ եւ ձեզանից ոմանք արդեն ավարտել են միջնակարգ ուսումնական հաստատությունը: Ավարտել են փայլուն, մեդալներով, իսկ ոմանք դեռեւս պետք է շարունակեն, եւ ունենան նույնպիսի հաջողություններ: Ի վերջո, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի, ձեզանով ուրախանում է, հպարտանում եւ վստահ է, որ դուք հետագայում կարողանալու եք լինել այս երկրի արժանապատիվ քաղաքացին:

Ակնկալում եմ, որ դուք լինեք հաստատակամ եւ լավատես: Առանց հաստատակամության, առանց լավատեսության անհնար է որեւէ լուրջ գործ կատարել:

Ինչ է ձեզ սպասվում.

Ձեզանից ոմանց համար կյանքի առաջին փուլն արդեն ետեւում է: Այդ փուլում որոշակիությունը շատ էր: Դուք լուծում էիք խնդիրներ եւ գտնում դրանց ճշգրիտ պատասխանները:

Այժմ դուք մտնում եք կյանքի միգուցե ամենահետաքրքիր, ամենաբուռն ու վճռորոշ փուլը: Ես այդ փուլը կանվանեի ավելի շատ անորոշությունների փուլ:

Նրանք, ովքեր ավարտել են դպրոցը, գիտեն, իսկ ավելի փոքրերը հետո կհամոզվեն, որ շատ խնդիրներ, իրոք, ունեն լուծումներ, ճշգրիտ լուծումներ: Բայց դուք արդեն պարտավոր եք նաեւ իմանալ` միշտ չէ, որ առաջադրված խնդրի լավագույն լուծումը ճշգրիտ լուծումն է: Դուք ընտրելու եք ոչ միայն ճշգրիտ լուծումներ, այլ նաեւ լավ լուծումներ, որովհետեւ յուրաքանչյուր լուծում գին ունի, որ պետք է վճարել: Ուզում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրն առաջադրված խնդիրները լուծելիս մշտապես հիշի` բոլոր միջոցները չէ, որ ճիշտ են խնդիրները լուծելիս: Երեւի լսել եք, որ ասում են` "նպատակը արդարացնում է միջոցները": Այդպես չէ, որովհետեւ եթե խնդիր լուծելիս միջոցների միջեւ ընտրություն չես կատարում, հաճախ շատ մեծ խնդիրներ ես ստեղծում: Հաճախ մարդիկ, ովքեր փորձում են ամեն գնով հասնել իրենց նպատակին, ամայացնում են ինչպես իրենց հոգին ու միտքն, այնպես էլ շրջապատը: Հիշեք, որ այդ միջոցները պետք է լավը լինեն ոչ թե կոնկրետ պարագայում, ոչ թե ինչ-որ տեւական ժամանակի համար, այլ պետք է լավը լինեն ինքնին: Վատ միջոցներով երբեք չի կարելի հասնել լավ նպատակի:

Ուզում եմ նաեւ հիշեք, որ կյանքում լինելու են նաեւ խնդիրներ, որոնք լուծումներ չեն ունենալու: Բայց դրանք երբեք չպետք է պատճառ լինի, որ մենք լուծումներ չփնտրենք: Միշտ պետք է փնտրել, որովհետեւ մարդու գոյությունը, ակտիվ կյանքը հենց դրանով է արդարացվում. մեկ էլ` գտաք այդ անլուծելի թվացող խնդրի լուծումը: Ուղղակի պետք է փնտրել այնտեղ, որտեղ մինչ ձեզ ոչ մեկը չի փնտրել: Ուզում եմ, որ այդ խնդիրների ու նաեւ լուծելի խնդիրների հանգուցալուծմանը հասնեք լավ տրամադրությամբ, լավատեսությամբ ու հաստատակամությամբ:

Ես ձեզ հաջողություն եմ մաղթում եւ վստահ եմ, որ դուք դառնալու եք, թերեւս արդեն կաք, մեր երկրի լավագույն քաղաքացի:

← Վերադառնալ