Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
11
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Վեհափառ Տե՛ր,
Երեւանի ավագանու հարգելի՛ անդամներ,
հարգելի պարո՛ն Բեգլարյան,
տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհավորում եմ Երեւանի քաղաքապետին եւ ավագանու նորընտիր անդամներին: Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ եւ Երեւանի բնակիչ, ուրախ եմ, որ ձեւավորվել է մայրաքաղաքում տեղական ինքնակառավարումն իրականացնող այս բարձրագույն մարմինը, որի նպատակը աշխատանքն է` ի շահ Երեւանի: Բոլորիդ մաղթում եմ ուժ, եռանդ ու արգասաբեր աշխատանք: Մաղթում եմ, որ արդարացնեք ընտրողների հույսերն ու սպասելիքները, չհիասթափեցնեք ձեր աջակիցներին` առաջին հերթին մեզ:
Կարծում եմ, որ այս ընտրություններից մենք դուրս եկանք երեք կարեւոր ամփոփումներով.
առաջին` մենք կարող ենք եւ այսուհետ պետք է կազմակերպենք լավ ընտրություններ, որտեղ արատավոր երեւույթները հաջորդաբար արմատախիլ կարվեն, որտեղ քաղաքական ուժերը կկարողանան մղել քաղաքակիրթ պայքար: Այս ընտրություններն ուսանելի օրինակ էին, եւ մենք պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք հաջորդ մեծ նշանակություն ունեցող ընտրություններին գնալ կազմ ու պատրաստ, որպեսզի կարողանանք շատ լավ ընտրություններ անցկացնել եւ ստանալ մեր ժողովրդի ու միջազգային հանրության գնահատականը` ոչ թե հիմնականում, այլ մեծապես կամ ամբողջովին համապատասխանում էին միջազգային չափանիշներին,
երկրորդ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի նկատմամբ որեւէ ոտնձգություն, որեւէ խախտում ու անօրինականություն անպատասխան ու անարձագանք չի մնալու: Ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքը մեր արժեքային համակարգում պետք է դառնա անվիճարկելի սկզբունք: Չի հանդուրժվելու որեւէ անօրինականություն` լինի դա ընտրական հանձնաժողովի անդամի, թե շարքային ընտրողի կողմից,
երրորդ` մենք կկարողանանք հաջողություններ արձանագրել այն ժամանակ, երբ նպատակաուղղենք Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմամբ ու ամրապնդմամբ հետաքրքրված բոլոր ուժերի ջանքերը, եթե ունենանք հստակ նպատակ ու խոսենք միեւնույն` համագործակցության ու փոխըմբռնման լեզվով:
Մեր նպատակն է, որ Հայաստանում ամրանա մասնակցային ժողովրդավարությունը, որ ընտրությունները լինեն ոչ թե քաղաքական լարվածության ինչ-որ առանձնահատուկ պահ, ոչ թե փորձություն մեր պետության ու պետականության համար, այլ իշխանության ու քաղաքական ուժերի համար աշխատանքային հասունության եւ իրենց ծրագրերի պահանջվածության քննություն:
Հարգելի բարեկամնե՛ր,
Նորընտիր քաղաքապետից ես մեծ ակնկալիքներ ունեմ: Պարզ է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում նա ունենալու է շատ ավելի քիչ լծակներ միանձնյա որոշումներ կայացնելու համար, քան նախկին քաղաքապետներն են ունեցել: Բայց սա բնավ էլ չի նշանակում, որ նվազելու է քաղաքապետի պատասխանատվության մասնաբաժինը կամ նրա դերակատարությունը: Իսկ դրա համար մենք` Երեւանի բնակիչներս, նոր գործելաոճի ակնկալիք ունենք:
Այսօրվա իրողություններում, փոփոխված սահմանադրության պայմաններում իմ պատկերացրած քաղաքապետը պետք է լինի ոչ թե լոկ ղեկավար, այլ առաջնորդ.
ով պատասխանատու է հաջողությունների եւ ձախողումների համար,
ով խոստովանում է, որ ղեկավարել նշանակում է ծառայել,
ով իր առօրյա գործունեությամբ ապացուցում է իր յուրաքանչյուր խոսքը եւ կատարում է յուրաքանչյուր խոստում,
ով Երեւանի ամենօրյա կյանքի վրա ազդում է նախ եւ առաջ իր հեղինակությամբ եւ սեփական օրինակով,
ով կարգուկանոն է պահանջում, առաջինն ինքը հարգելով բոլոր կանոնները` երթեւեկելուց մինչեւ ամենաբարդ որոշումների կայացում,
ով խոսում է ժողովրդի հետ, ով ժողովրդի մեջ է եւ ամբողջ սրտով ու հոգով սիրում է Երեւանի բնակչին:
Զբաղված լինելն արդարացում չէ մարդկանցից պատնեշվելու համար: Եթե կարելի է փողոց դուրս գալ, այն էլ` հաճախ, ասենք շենքերի բակերում հավաքված պապիկների հետ խոսելու, "ինչն ինչոց է" իմանալու համար, ո՞վ է ասել, որ կարեւոր պարտականություն չէ: Աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնն է պատճառը, բայց Երեւանի քաղաքապետի համար ամենից կարեւոր պարտականությունն այն է, որ նա երեւանցիների համար լինի սիրելի ու հարգելի ղեկավար:
Ես հավատում եմ, որ պարոն Բեգլարյանը կարող է լինել այսպիսի քաղաքապետ:
Երեւանի նորընտիր ավագանուց եւս ես մեծ ակնկալիքներ ունեմ:
Հիրավի մեծ է Երեւանի նշանակությունը Հայաստանի եւ ողջ հայության համար: Այդ պատճառով է, որ մայրաքաղաքի զարգացման հետ կապված խնդիրները, լինեն դրանք քաղաքաշինության, թե էկոլոգիայի վերաբերյալ, միշտ էլ հասարակական մեծ հնչեղություն են ունեցել: Նորընտիր ավագանու առջեւ այսօր ծառացած են իսկապես բարդ խնդիրներ, որոնց լուծումները պահանջելու են մեծ աշխատանք եւ նոր մոտեցումներ:
Ավագանու անդամներին ընտրել են մարդիկ, ում համար Երեւանը հարազատ տուն է, մարդիկ, ովքեր սիրում են իրենց քաղաքը եւ մտահոգ են նրա հիմնահարցերով: Դուք հաջողություն կունենաք ձեր գործում, եթե առաջնորդվեք նույն սիրով: Երեւանը սիրող մարդիկ չեն կարող վնասել քաղաքին, Երեւանը սիրող մարդիկ միայն սեր են տալու մայրաքաղաքին, իսկ սիրո արդյունքում միշտ միայն բարին է ծնվում:
Սպառողական հոգեբանությամբ մոտենալ Երեւանին, նրա շենքերին, զբոսայգիներին, հրապարակներին, նշանակում է քամել նրանից ինչ-որ հնարավոր է եւ դիմացը չտալ ոչինչ: Վաղուց արդեն եկել է հատուցելու ժամանակը: Երեւանը ձեզնից ակնկալում է ծնողական հոգատարություն ու խնամք, բայց նաեւ ակնկալում է որդիական ակնածանք:
Երեւանում ձեւավորվել է հարաբերությունների, շփումների որոշակի մշակույթ, որ հատուկ է միայն մեր քաղաքին: Իսկապես, կան գեղեցիկ ավանդույթներ, որ արժե պահպանել ու զարգացնել, բայց կան նաեւ տգեղ, մեզ պատիվ չբերող երեւույթներ, որոնք շարունակվում են իներցիայով: Կան ավանդույթներ, որոնք պետք է արմատախիլ արվեն. օրինակ` ինչպե՞ս են Երեւանի հետիոտներն անցնում փողոցի երթեւեկելի մասը: Սրանք մանրուքներ չեն. նաեւ այստեղից է սկսվում քաղաքային մշակույթն ու քաղաքացին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես ինձ թույլ եմ տալիս առանց մեծաքանակ ուղեկցողների երեկոյան ուշ ժամերին մեքենայով շրջել Երեւանում: Իմ կարծիքով, վարորդների վերաբերմունքը երթեւեկության կանոնների նկատմամբ էապես փոխվել է, բայց, ցավոք սրտի, հետիոտների վերաբերմունքը բացարձակապես չի փոխվել: Ես ականատես եմ լինում զավեշտալի դեպքերի, երբ որ հետիոտնը փորձում է անցնել փողոցն ամենաերթեւեկելի, ամենաբանուկ մասով եւ դա անում է շատ կոպտորեն` մեղադրելով վարորդին, նույնիսկ այսպիսի արտահայտություն օգտագործելով` "ինչո՞ւ ես երթեւեկելի մասով մեքենադ վարում": Նորից եմ կրկնում, սա մանրուք չէ, այսպիսի մոտեցումները մեզ համար պետք է դառնան լուրջ աշխատանքի առարկա:
Մայրաքաղաքի հիմնախնդիրների լուծումը մենք երբեք չենք կապում քաղաքական հայացքների, գաղափարախոսական տարբերությունների հետ: Կա նպատակ, եւ մոտեցումների տարբերություններ այդ նպատակին հասնելու ճանապարհների վերաբերյալ: Սրանից նպատակին հասնելու գործընթացը միայն շահելու է եւ շահելու է Երեւանը:
Երեւանը անկախ պետության մայրաքաղաք է, ու նրա զարգացման հայեցակարգում պետք է դրվի այս մոտեցումը: Մայրաքաղաքը յուրաքանչյուր երկրի այցետոմսն է, երկրի դիմագծի յուրահատուկ արտացոլումը: Իմ խորին համոզմամբ, մայրաքաղաքի հիմնախնդիրների հետեւողական լուծումը մեր երկրի դիմագիծը եւս նշանակալիորեն դեպի լավը կփոխի նաեւ այն պատճառով, որ Երեւանում տեղի ունեցող փոփոխություններն անպայմանորեն ազդեցություն են ունենում մարզերում:
Հարգելի՛ պարոն քաղաքապետ, Երեւանի ավագանու հարգելի անդամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ անմնացորդ աշխատանքի կոչ անում: Բարին ընդ ձեզ:
Շնորհակալություն: