07
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովում

album picture
Մեծարգո պարո՛ն Նախագահ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախեւառաջ ուզում եմ երախտագիտությունս հայտնել Եվրամիության չեխական նախագահությանը, անձամբ Նախագահ Կլաուսին` այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս օրը նշանակալից է Հայաստանի ժողովրդի, կարծում եմ նաեւ Արեւելյան գործընկերության մեջ ներառված մյուս երկրների համար: Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան` ունենք անցնելու մեծ ճանապարհ: Եվ ես ուզում եմ Հայաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական հանձնաժողովին, Միության անդամ-պետություններին` այդ ճանապարհը միասին հաղթահարելու հրավերի համար: Սա տեսլականի վրա հիմնված քայլ էր, ապագային միտված որոշում: Մենք հասկանում ենք, որ դա հեշտ որոշում չէր Եվրամիության համար, հատկապես` գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Եվ, այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերությունը խիզախ նախաձեռնություն է: Այն երկուստեք պարտավորեցնող է, բայցեւ երկուստեք շահավետ: Մենք մտնում ենք այս գործընթացի մեջ մեր շուկաները փոխադարձաբար ավելի մատչելի դարձնելու, մեր քաղաքացիների եւ հասարակությունների միջեւ երկխոսությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու եւ մեր մշակույթները փոխհարստացնելու ձգտմամբ: Եվ ես հավատում եմ, որ դա մեզ հաջողվելու է:

Հայաստանը մտադիր է հետեւողականորեն շարունակել Հարեւանության քաղաքականության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը: Այս շաբաթ ես ստորագրել եմ հրամանագիր, որով հաստատել եմ առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցությունը համակարգող գործողությունների ծրագիրը, որը պարունակում է շուրջ 200 միջոցառում: Հայաստանը հրավիրել եւ երախտագիտությամբ է ընդունել ԵՄ խորհդատուների խմբին, որն այսօր օգնում է մեր պետական կառավարման մարմիններին` իրականացնելու բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում:

Եվրոպական հարեւանության քաղաքականության մեկնարկից ի վեր, երբ Հայաստանը ստացավ Միության արտաքին քաղաքականության հայտարարություններին միանալու հնարավորություն, մենք միացել ենք դրանց շուրջ 80 տոկոսին, ինչը ցույց է տալիս մեր մոտեցումների, տեսակետների եւ դիրքորոշումների ուղղվածության ընդհանրությունը:

Միեւնույն ժամանակ, Արեւելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագրեր կնքելու, ըստ անհրաժեշտության` երրորդ պետություններ ներգրավելու, ինչպես նաեւ ներգրավվածության հարցում առկա ճկունության հնարավորություններն այն գրավիչ են դարձնում բոլորի համար: Հաջողության հասնելու համար Արեւելյան գործընկերությունն իրականացման փուլում եւս պետք է առաջ տարվի ներառական, հանուն եւ ոչ թե ընդդեմ որեւէ բանի սկզբունքով:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեր օրերում "Եվրոպա" հասկացությունը դարձել է հանդուրժողականության, կառուցողական մոտեցման, խաղաղ լուծումների հոմանիշ: Մենք շատ ենք ուզում, որ Արեւելյան գործընկերությունն ուժեղացնի Եվրոպայի այդպիսի ընկալումը: Մենք ուզում ենք, որ այն հաջողությամբ պսակվի, եւ ցույց տա, որ արժեքային համակարգի վրա հենված քաղաքականությունը կարող է տալ բացառիկ եւ անսպասելի արդյունք: Բայց դրան հասնելու համար պահանջվում է բոլորիս նվիրված եւ հետեւողական աշխատանքը:

Ավարտելով ելույթս՝ մեկ անգամ եւս ողջունում եմ Արեւելյան գործընկերության մեկնարկը եւ մեզ բոլորիս հաջողություն մաղթում դրա լիարժեք իրականացման կարեւորագույն առաքելության մեջ, ինչը պահանջելու է համատեղ եւ համակարգված ջանքեր:

Շնորհակալություն ուշադրության համար:

← Վերադառնալ