26
11, 2008

Նախագահ Սարգսյանի ելույթը շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի ոսկե մեդալակիր հայ շախմատիստների մեծարման արարողությանը

album picture
album picture
album picture
Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի առթիվ:

Այսօր տոն է բոլորիս համար. ինձ համար սա եռակի տոն է: Ես ցանկանում եմ խոսել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ որպես պարզապես շախմատասեր, ով երեկ, բոլորի նման, սպասում էր մեր հավաքականի հաղթանակին: Ես համոզված եմ, որ հնարավորության դեպքում ողջ հայությունը Դրեզդենում կլիներ` մեր տղաներին զորակցելու համար: Թերեւս ազգային միասնականության այդ համատարած զգացումը մեր ամենամեծ հաղթանակն է:

Չեմպիոնի կոչումը նվաճելը դժվար է, իսկ չեմպիոնական տիտղոս պաշտպանելը կրկնակի դժվար է: Մենք տասն օրից ավելի, շունչներս պահած, հետեւում էինք Դրեզդենում` խաղատախտակների վրա ծավալվող ճակատամարտերին: Մեր աչքերի առջեւ գրվում էր հայկական շախմատի պատմության եւս մի անմոռանալի էջ: Հայաստանի մարզիկներն իրենց հրաշալի խաղով, վարպետությամբ ու կամային որակներով կրկին ապացուցեցին, որ մեր երկիրը շախմատային գերհզոր տերություն է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այժմ ձեր առջեւ են մեր երկրի ու դրոշի պատիվը պաշտպանած հավաքականի անդամները: Առանց չափազանցության կարող եմ ասել, որ ձեր առջեւ կանգնած են մեր ժողովրդի պանծալի զավակները: Այսպիսի թիմով կարող էր հպարտանալ աշխարհի ցանկացած երկիր. նույնիսկ ամենամեծերն ու տնտեսապես ամենահզորները: Բայց այս տոնը, արդեն երկրորդ անգամ անընդմեջ, նրանք պարգեւում են հենց մեզ:
Այսօր ես հիշում եմ այն խանդավառությունը, որով դուք դիմավորեցիք երկու տարի առաջ Թուրինի շախմատային օլիմպիադայի հաղթողներին, այն ոգեւորությունը, որ տիրում էր Օպերայի բակում: Հիշում եմ, ինչպես էին իրար խառնվել երկրպագուների ուրախությունն ու արցունքները, երբ հարթակ բարձրացան ոսկե հավաքականի հերոսները: Նրանց թվում էր նաեւ Կարեն Ասրյանը, ում տեղն այսօր, այս բեմում պետք է լիներ: Եվ այս հաղթանակը նաեւ Կարեն Ասրյանի հաղթանակն է:

Այդ օրը մենք ձեզ խոստացանք նոր հաղթանակներ: Այդ խոստումը լիովին կատարվեց: Մենք վկան ենք նոր հաղթանակի, որն ապացուցեց, որ նախկին հաջողությունը օրինաչափ էր, ապացուցեց մեր շախմատի կայացած դպրոցի հիրավի ոսկե հարգը:

Հայաստանի հավաքականը կարողացավ շախմատային հանճարով ու կամքով իրեն ենթարկել ավելի հզոր համարվող ու ավելի բարձր գործակիցներ ունեցող թիմերի:

Բոլոր օտարերկրյա մեկնաբանները միաբերան ընդգծում էին մեր հավաքականի միասնական, թիմային ոգին: Մեր ոսկե հավաքականի անդամներից յուրաքանչյուրը բացառիկ անհատականություն է, բայց բոլորը միասին թիմ են.

մեկ կամք,

մեկ նպատակ,

մեկ դրոշ:

Դրոշ, որ ծածանվում էր Դրեզդենում ի պատիվ գործող չեմպիոնների եւ ծածանվելու է նաեւ հաջորդ օլիմպիադայում:

Մենք կարող ենք ու պետք է թիմային հաղթանակներ ունենանք:

Սիրելի՛ շախմատիստներ,

Դուք արդեն կատարել եք մեծ քայլ, դուք կոտրել եք այն կարծրատիպը, թե մենք իբր սոսկ անհատների ազգ ենք ու կարողանում ենք հաղթել միայն անհատապես: Դուք անգամ անհատական սպորտում կարողացաք թիմային հաղթանակ տանել:

Միասնականության այդ հաղթական ուժին մենք պետք է ապավինենք մեր կյանքի բոլոր ոլորտներում: Երբ միասնական ենք, մեր առջեւ անհաղթահարելի արգելքներ չկան: Այդ իրողությունը փաստել է մեր դարավոր պատմությունը, իսկ այսօր էլ մեր հավաքականի տղաները: Մենք կրկին միասնական ենք, միասնական մեր հաղթանակով ու մեր ուրախությամբ. հաղթանակ ու միասնականություն, սրանք երբեւէ չեն կարող արժեզրկվել:

Մեծ սպորտում ոչ ոք ապահովագրված չէ վրիպումներից ու սխալներից: Եղավ նաեւ ցավալի սայթաքում: Բայց իսկական չեմպիոնները մնացած բոլոր թիմերից տարբերվում են հենց նրանով, որ անհրաժեշտ պահին իրենց մեջ ուժ են գտնում դրսեւորելու լավագույն որակները` սառնասրտություն, նպատակասլացություն ու անկոտրում հավատ վերջնական հաղթանակի նկատմամբ:

Այդ անկոտրում հավատը վարակել ու համակել էր ողջ հայությանը, եւ մինչեւ վերջին պարտիայի վերջին քայլը, մինչեւ վերջին րոպեն մենք հավատում էինք մեր տղաներին, նրանց մտքի թռիչքին, նրանց անպարտելիությանը: Մեր սրտերը նրանց հետ էին, եւ նրանք դա գիտեին, նրանք դա զգում էին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այժմ ձեր առջեւ կանգնած են մարդիկ, ովքեր ոչ միայն այսօր, այլեւ վաղը նոր սերնդի համար լինելու են հայ մարզիկի եւ հայ մարդու օրինակ ու չափանիշ: Այդ մարդիկ են մեր երկրի այսօրվա հերոսները. հայրենասեր, տաղանդավոր ու հաղթանակած: Մեր հասարակությունը հենց այսպիսի հերոսների կարիքն ունի:
Համոզված եմ, որ այս դահլիճում եւ հեռուստաէկրանների առջեւ այժմ շախմատում առաջին քայլերն անող երեխաներ կան, ովքեր վաղվա ԼեւոնԱրոնյաններն ու ՎլադիմիրՀակոբյաններն են, ԳաբրիելՍարգսյաններն ու ԱրտաշեսՄինասյաններն են, ճիշտ այնպես, ինչպես աշխարհի առաջին հայ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունն է կրում օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյան կրտսերը:

Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել մեր շախմատիստներին, թիմի գլխավոր մարզչին` Արշակ Պետրոսյանին, ֆեդերացիային եւ բոլոր նրանց, ովքեր առավել կամ նվազ չափով իրենց աջակցությունն են բերել ընդհանուր գործին: Շնորհակալություն այս մեծ տոնի համար:

Հաղթելը միշտ էլ հաճելի է, սակայն կրկնակի պատվաբեր է հաղթել մարդկության ամենահին եւ ինտելեկուալ խաղում: Սա սնապարծություն չէ, եւ մենք իրավամբ հպարտանալու բան ունենք: Ու այսօր մենք լիասիրտ ենք հպարտանում:

Կեցցեք տղաներ, մենք հպարտ ենք ձեզնով:

Կեցցե հայկական շախմատը,

փառք հայ ժողովրդին,

եւ առաջ Հայաստան:

← Վերադառնալ