Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
05
11, 2008
Նախագահ Սարգսյանի ելույթը բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ինձ համար իսկապես հաճելի է հանդիպել Բելգիայի համայնքի ներկայացուցիչների հետ և շփվել հայրենիքի շարունակական հզորացման համար իրական նվիրում հանդես բերող մեր հայրենակիցների հետ: Ձեր բոլորի շնորհիվ հայությունը Միացյալ Եվրոպայի մայրաքաղաքում ունի ոչ միայն Հայաստանի ներկայացուցչություն, այլև դինամիկ զարգացող և հայապահպանության լավագույն ավանդույթները մարմնավորող համայնք: Համայնքային կառույցների ակտիվության, հայկական ավանդական եկեղեցիների հոգեւոր առաջնորդության շնորհիվ այսօր Եվրոպայի սրտում ունենք հայության քաղաքական օրակարգի իրականացմանը լծված նվիրյալների բանակ, որը պետք է դառնա եվրոպահայերի ձևավորվող քաղաքական շահերի լավագույն արտահայտիչներից մեկը:
Անցած տարիների ընթացքում Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը` մասնավորապես, և մեր ողջ պետությունը ընդհանրապես զգացել են Ձեր համակողմանի աջակցությունը: Այս առթիվ հայտնում եմ իմ երախտագիտությունը և փոխադարձ զորակցությամբ ավելի մեծ ծրագրեր իրականացնելու ակնկալիքները:
Աշխարհի որ անկյուն էլ այցելում եմ, փորձում եմ անպայման հայ համայնքի հետ հանդիպելու հնարավորություն գտնել: Սա առաջին հերթին հայ մարդու սրտի կանչն է, որ ուր էլ լինի, ինչ նպատակներ, պարտականությունների ինչ շրջանակ էլ ունենա` հայացքով միշտ և անընդհատ հայ է փնտրում: Իմ հանդիպումների երկրորդ նպատակը աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին Հայաստանի ու մեր ծրագրերի մասին պատմելն է, մեր ձեռքբերումներն ու խնդիրները ներկայացնելը, որովհետև հայրենիքի և՛ հաջողությունները, և՛ բացթողումները բոլորինս են: Եվ վերջապես այսպիսի հանդիպումները լավ առիթ են, որպեսզի կարողանամ ամենուր սփռված մեր ժողովրդին անձամբ հասցնել կոչն այն մասին, որ անկախ պետականության վերականգնումով և բազում փորձությունների միջով անցած ու իր մեջքն ուղղող Հայաստանի գոյությամբ մեր պայքարն ամենևին էլ չի ավարտվել: Ճիշտ հակառակը. մենք ազգային նպատակների իրագործման նոր փուլ ենք մտնում, երբ մեր առջև արդեն զարգացման խնդիրներ ու վերելքի նպատակներ են դրված:
Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կայուն ֆինանսական համակարգ և աճող տնտեսություն: 2008 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում 4.2 տոկոս գնաճի պայմաններում մեր տնտեսության մեջ արձանագրվել է 10.4 տոկոս աճ: Մենք կարողացանք հնարավորինս անցավ հաղթահարել այն իրավիճակը, երբ Հարավային Օսիայի շուրջ տեղի ունցած հայտնի դեպքերն անմիջականորեն հարվածեցին մեր տնտեսությանը: Դուք գիտեք, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության յոթանասուն տոկոսից ավելին անցնոում է Վրաստանի վրայով եւ ճանապարհների փակ լինելը ինչ վնաս կարող Է հասցնել Հայաստանի տնտեսությանը: Մենք խուսափեցինք նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին լուրջ` թերևս ամենավտանգավոր ալիքից: Այսօր մենք պատրաստվում ենք մեր տնտեսության հետագա աճի տեմպերի վրա ճգնաժամի հնարավոր ազդեցությունը հակակշռել տարբեր ոլորտներում մեր ակտիվ նախաձեռնություններով: Ավելին ասեմ. տարբեր երկրներում ճգնաժամից տուժած բազմաթիվ հայ գործարարներ այսօր իրենց տնտեսական հետաքրքրություններով շրջվում են դեպի Հայաստան` հենց հայրենիքում տեսնելով իրենց բիզնեսը շարունակելու համար անհրաժեշտ կայունությունն ու հնարավորությունները:
Աշխարհում այսօր դժվար է գտնել դեպի ծով ելք չունեցող մի այլ երկիր, որի չորս հարևաններից երկուսը շրջափակման ենթարկեն նրան: Այս պայմաններում մենք սովորել ենք աշխատել և լուրջ տնտեսական զարգացում ապահովել: Սակայն ասվածը չի նշանակում, որ այդ սահմանները հավերժ պետք է փակ մնան կամ դրանք բացելուն ուղղված քայլեր չպետք է ձեռնարկել: Մեր դիրքորոշումն այս հարցում և մեր հարևանների հետ հարաբերություններում հստակ է և բազմիցս հնչեցված:
Այս դահլիճում հավաքված մարդիկ լավ են գիտակցում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը: Սփյուռքի և ձեր համայնքի անմիջական ներդումն այս հարցում խիստ մեծ է: 1987թ. Բրյուսելում ընդունված` Եվրոպական խորհրդարանի հայտնի բանաձևը հիմք դարձավ պատմական արդարության վերականգնումը խորհրդանշող հետագա ակտերի համար:
Իմ դիրքորոշումն այն է, որ հիմնախնդրի առկայության գիտակցումով մենք պետք է առաջ շարժվենք Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ ձևավորելու ճանապարհով: Այս համոզմունքից ելնելով` ես, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, նշված ուղղությամբ առաջին խորհրդանշական քայլը կատարեցի, Թուրքիայի Նախագահ պարոն Աբդուլա Գյուլին հրավիրելով Հայաստան: Ուրախ եմ, որ Թուրքիայի Նախագահը դրականորեն արձագանքեց իմ հրավերին և այս տարվա սեպտեմբերին մենք հնարավորություն ստացանք նախաձեռնելու մի գործընթաց, որի արդյունքը պետք է լինի երկու կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը: Իսկ փոխադարձ վստահություն կարող է ստեղծվել առանց նախապայմանների լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և այդ երկրի հետ բազմակողմ համագործակցության իրականացման արդյունքում:
Մեր մյուս հարևանի` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ, փոխզիջումային լուծումը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցային գործընթացը` որպես հիմք ընդունելով անցյալ տարի շրջանառության մեջ դրված մադրիդյան հայտնի սկզբունքները: Դուք հավանաբար գիտեք, որ ընդամենը մի քանի օր առաջ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հետ մենք համատեղ հռչակագիր ստորագրեցինք, որը, կարծում եմ, նախանշում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նոր առավել ակտիվ փուլի սկիզբը:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեր նպատակադրումներում այսօր առանձնապես կարևորվում է ժամանակակից հասարակության ստեղծումը, որտեղ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը հասարակական և անձնական կյանքի ամենօրյա նորմեր են: Գաղտնիք չէ, որ այս աշխատանքը ոչ միայն պետության, օրենքների, այլև հասարակական գիտակցության վերափոխում է ենթադրում: Մենք բոլորս ավանդական հասարակությունից ենք և միմյանց միջև հարաբերությունները զուտ օրենքով կարգավորելը գրավիչ, սակայն երբեմն անիրագործելի է թվում: Այդ նպատակին հասնելու համար Եվրոպական բազմաթիվ պետություններին ու հասարակություններին անհրաժեշտ են եղել դրամատիկ իրադարձություններով հագեցված տասնամյակներ և նույնիսկ դարեր: Թեև իրադարձությունների պակաս մենք չենք զգում, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ գլոբալ մրցակցության դարաշրջանում մենք ուղղակի այդքան ժամանակ չունենք և մեր բարեփոխումներում պետք է կրկնակի արագությամբ առաջ շարժվենք: Այդ տեսանկյունից հասուն ժողովրդավարությունների փորձառությունն օգտագործելն անխուսափելի է, հատկապես այն հասարակությունների, որոնց հետ մենք միևնույն արժեքային դաշտում ենք:
Ունենալով հայության այսպիսի նշանակալից ներկայություն Եվրոպայում, մենք կուզենայինք տեսնել եվրոպահայերի` ձեր բոլորի առավել ակտիվ ներգրավվածությունը ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման գործում: Եվրոպական կառույցների հետ աշխատելու ձեր փորձառությունն ու գիտելիքները կարող են լուրջ օժանդակություն և նոր ձեռքբերումների ու իրական հաջողությունների նախադրյալ դառնալ Հայաստանի համար:
Մեր սերունդներին մենք այլ Հայաստան պիտի թողնենք` զարգացած, ժողովրդավարական ու խաղաղ Հայաստան: Մենք ասելով ես նկատի ունեմ ՀՀ քաղաքացիներին ու համայն հայությանը, բոլոր նրանց, ովքեր Հայաստանն իրենց հայրենիքն են համարում, բոլոր նրանց, ովքեր դեռ օրորոցից իրենց զավակներին ու թոռներին հպարտորեն բացատրում են, որ իրենք հայ են, որ Արարատի փեշերին հայրենիք ունեն, Հայաստան ունեն: Մենք միասին պիտի կերտենք ու մեր սերունդներին թողնենք այդ Հայաստանը, որովհետև ավելի մնայուն ու ավելի թանկարժեք ոչինչ չենք կարող թողնել:
Եկեք նպատակային ու համառ լինենք հայ ինքնության շուրջ ազգային միասնականության ամրապնդման հարցում: Այն ինքնության շուրջ, որն անցնում է զավակին օրոր ասող մոր շուրթերով ու տատի հեքիաթներով, որդուն բանակ ճամփող ծնողի աղոթքով ու պապի օրհնանքով, հրամանատարի կոչով ու եկեղեցու պատարագով, մագաղաթով, հինգարյուրամյա գրատպության ու ինտերնետի լաբիրինթոսներով: Եկեք խրախուսենք նոր` կարծրատիպերից ազատ ժամանակակից հայի ձևավորումը, դաստիարակենք իր բնակության երկրի հասարակությանը լիարժեքորեն ինտեգրված, այդ հասարակության մեջ հաջողություններ արձանագրած, բայց միևնույն ժամանակ իր պատմական հայրենիքին, իր հայկական ինքնությանն անսահմանորեն հավատարիմ սերունդ: Սա է գալիք հաջողությունների մեր բանալին: Եվ այս հարցում հայրենիքը շատ բան ունի Սփյուռքին տալու: Իսկ վերջերս ստեղծված Սփյուռքի նախարարությունը, համոզված եմ, իր զգալի դերակատարությունը կունենա այս գործընթացներում: Ավելին, Հայաստան համահայկական հիմնադրամն իր ծրագրերում այս տարվանից լուրջ ուշադրություն է դարձնելու հենց Սփյուռքի խնդիրներին:
Մի քանի օր առաջ ես մասնակցեցի Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպված ընթրիք- դրամահավաքին, որը նախորդում էր նոյեմբերի քսանյոթին նախատեսված հեռուստամարաթոնին: Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ միայն նախնական այս փուլում մեր գործարարներն արդեն հանդես են եկել հիմնադրամի ծրագրերին շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար հատկացումներ անելու պատրաստակամության, ինչը մոտ երկու անգամ ավելին, քան երբևէ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված ամենամեծ գումարը: Ես սա արձանագրում եմ հպարտությամբ մեր ժողովրդի և մեր միասնականության համար:
Ես շատ հաճախ եմ պնդում, որ Հայաստանը մի երկիր է առանց Սփյուռքի և բոլորովին այլ երկիր` Սփյուռքով: Մենք հպարտանում ենք ձեզանով, միասին մենք ուժեղ ենք և միասին էլ կկառուցենք բոլորիս երազանքի ու համայն հայության հպարտություն Հայաստան աշխարհը:
Շնորհակալ եմ այսպիսի պատվաբեր հավաքի, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և կեցցե Հայաստանն ու փառք հայ ժողովրդին:
Շնորհակալություն: