01
11, 2008

Նախագահ Սարգսյանի խոսքը "Հայաստան" համահայկական հիմնադրամի դրամահավաք- ճաշկերույթի ժամանակ

Վեհափառ Տեր,

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

"Հայաստան" համահայկական հիմնադրամի կարեւոր առաքելությունը հայտնի է բոլորին: Հայտնի են նաեւ մինչեւ հիմա կատարված հսկայածավալ աշխատանքները: Դրանք լայնորեն լուսաբանվում են, քանի որ Հիմնադրամն այսպիսով արվածի մասին զեկույց է տալիս ողջ հայ ժողովրդին:

Ամենամյա դրամահավաքը հրաշալի առիթ է մեր ժողովրդի բոլոր հատվածների, բոլոր խավերի ու տարիքային խմբերի համար իրենց մասնակցությունը բերելու հայրենիքի շենացման շնորհակալ գործին:
Սա առիթ է ամեն մի հայ անհատի համար իրեն զգալու ամբողջի մասնիկ, զգալու, որ ազգային միասնությունը վերացական ու վերամբարձ հասկացություն չէ, այլ իրական եւ հզոր ուժ է. ուժ, որ կարող է իրոք սարեր շարժել:

Սա առիթ է նույնիսկ դպրոցական երեխաների համար, ովքեր, ինչպես մենք վկան ենք եղել բազմաթիվ հեռուստամարաթոնների ժամանակ, իրենց փոքրիկ խնայողություններով գալիս եւ իսկապես մասնակցում են մեծ ծրագրերի իրականացմանը: Համոզված եմ. նրանց համար սա հայրենասիրության անմոռանալի դասեր են:

Սա առիթ է նոր կյանք մտնող երիտասարդության համար հավաստելու իրենց հավատարմությունը այն իդեալներին, որոնցով իրենք դաստիարակվել են:

Սա առիթ է թե հայրենաբնակ, թե սփյուռքահայ յուրաքանչյուր ընտանիքի համար համազգային խնդիրների լուծման մաս կազմելու:

Սա վերջապես գեղեցիկ առիթ եւ հնարավորություն է հայ գործարարների եւ բարերարների համար լինելու հայրենաշեն ձեռնարկումների մասնակիցն ու հովանավորը:

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ամեն տարի հավաքվում է ավելի շատ գումար, քան նախորդ տարում: Չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամին, հավատում եմ, որ այս տարի եւս մենք կկարողանանք գերազանցել մեր նախորդ ցուցանիշը:

Տարեցտարի, Հայաստանի ու Արցախի տնտեսական ամրացմանը զուգընթաց, ավելանում են նվիրատվությունները, եւ Հայաստանի ու Արցախի մասն ընդհանուրի մեջ ավելի մեծ կշիռ է ստանում: Դրանում իրենց լուրջ դերակատարությունն ունեն ներկաներից շատերը: Այս ոգեւորիչ ընթացքը, վստահ եմ, տրամաբանական շարունակություն է ունենալու:

Ես կոչ եմ անում բոլորին շարունակել ակտիվորեն մասնակցել դրամահավաքին, լինել շռայլ, հավատարիմ մնալ հայ մեծահարուստների ու բարերարների նվիրական ավանդույթներին: Ավանդույթներ, որոնց շնորհիվ պահվել են մշակույթ ու կրթություն, եկեղեցի ու մանկատուն: Մեծ հաշվով, պահվել են երկիր ու ժողովուրդ, նույնիսկ պետականության բացակայության պայմաններում: Հայ բարերարների կառուցած դպրոցների, եկեղեցիների, թատրոնների, հիվանդանոցների եւ այլ կառույցների մասին միայն թվարկումը հանրագիտարանային հատորներ կպահանջի: Ահա այս ավանդույթներ են, որ մենք պետք է լիարժեքորեն վերականգնենք ու զարգացնենք: Այսօր արդեն կան ոչ միայն նախադրյալներ, այլեւ սկսել են ձեւավորվել բարեգործության նոր, ոչ պակաս հայրենասիրական ու մարդասիրական ավանդույթներ:

Իմ համոզումն է, որ հայրենաբնակ գործարարները պետք է ոչ միայն պարզապես մասնակցեն դրամահավաքին, այլ դառնան օրինակ ողջ հայության համար: Դա կլինի ավելի օրինաչափ, որովհետեւ երբ մենք խոսում ենք երկնիշ տնտեսական աճի մասին, մեր ժողովրդի մոտ շատ բնական հարց է առաջանում. իսկ որտեղ են այդ աճը մարմնավորող ձեռնարկություններն ու նրանց սեփականատերերը: Նրանք իրենց պետք է դրսեւորեն համահայկական կարեւորության աշխատանքներում եւ պետք է դրսեւորեն լիարժեքորեն:
Այս տարվա դրամահավաքի գումարով նախատեսվում է կյանքի կոչել Հայաստանի եւ Արցախի զարգացման նոր ծրագրեր: Այդ ծրագրերի կենսական նշանակության մասին, կարծում եմ, ավելորդ է խոսել: Այս ծրագրերի արդյունքում պետք է արմատապես բարելավվի նաեւ մեր գյուղերի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական վիճակը:

Հայության` իբրեւ հավաքական ուժի ձայնը պետք է լսելի լինի աշխարհում: Դա հնարավոր է միայն համաչափ զարգացած ու ծաղկուն պետություն ունենալու պարագայում: Իրականացվելիք ծրագրերի նպատակը հենց դա է: "Ծաղկուն երկիր" ասելով ես հասկանում եմ այնպիսի երկիր, որտեղ ռացիոնալ կերպով օգտագործված ու մշակված է յուրաքանչյուր թիզ հողը: Պատմահայր Խորենացին, որպես օրինակելի կառավարման ցուցանիշ նշում է հետեւյալը. "մեր Հայաստանում անմշակ հող չմնաց, ո՛չ լեռնային եւ ո՛չ դաշտային, այնքան շենացել էր մեր երկիրը":

Հայությունը կարողացել է անգամ ամենաանբարենպաստ պայմաններում կյանքի կոչել շատ ավելի բարդ ծրագրեր:

Այս առումով, մենք ճանապարհի սկզբին ենք: Իհարկե, շատ բան է արված մեր երկրում, բայց մեր անելիքները հարյուրապատիկ ավելին են: Խոսքս ուզում եմ ավարտել Ֆրիտյոֆ Նանսենի մի արտահայտությամբ, որ նա արել է Հայաստանում հայ պաշտոնյայի հետ զրուցելիս. "Երանի հայ ժողովրդին. դեռ որքա¯ն բան ունի անելու":

← Վերադառնալ