21
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը "Ռուսաստանի հրապարակի" բացման արարողության ժամանակ

album picture
Հարգարժան Ռուսաստանի Դաշնության Նախագահ,

Հարգելի ընկերներ,

Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ Երեւան:
Այսօր հիանալի եւ նշանակալի օր է` հենց Երեւանի սրտում Ռուսաստանի Դաշնության Նախագահի ներկայությամբ, մենք բացում ենք Ռուսաստանի հրապարակը:
Եվ սա հերթական անգամ հիշեցնում է երկու ժողովուրդներին միավորող խորը արմատների մասին:

Ռուսաստանի հզոր ժողովուրդը բացառիկ ներդրում է կատարել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում: Եվ Հայաստանի ու Ռուսաստանի ազգային դրոշները, որոնք փողփողում են այս հրապարակում, խորհրդանշում են ոչ միայն մեր դաշնակցային հարաբերություններն, այլ նաեւ մարմնավորում են պատմամշակութային ընդհանրությունները:

Ռուսաստանի հրապարակը ճարտարապետական առումով ներդաշնակորեն միավորվում է Երեւանի քաղաքապետարանի եւ "Մոսկվայի տան" հետ:

Խորհրդանշական է, որ այստեղ, շատ մոտիկ, երբեւէ եղել է Երեւանի բերդը, որի պատմությունն արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների ողջ խորությունը: Չէ որ այդ բերդը, որի վրա ռուսական դրոշն առաջին անգամ բարձրացվել է 1827թ-ի հոկտեմբերի 1-ին, եւ որտեղ կանգնած է եղել գեներալ Պասկեւիչի ռուսական կայազորը, նաեւ այն վայրն է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Գրիբոյեդովի "Խելքից պատուհասը" անմահ կատակերգությունը` հեղինակի ներկայությամբ:

Այսօր այս Հրապարակը դառնում է մեր ժողովուրդների հազարամյա եղբայրության եւ հոգեւոր մտերմության ավանդույթներին հավատարմության եւս մեկ խորհրդանիշ: Հենց նույն կերպ, ինչպես եւ նշանավոր Վասիլի Երանելու տաճարը Կարմիր Հրապարակում իր հրաշալի գավիթներով, որոնցից մեկը կրում է Գրիգոր Լուսավորչի անունը:

Դա այդպես է, քանի որ մեր հարաբերությունների ողջ ընթացքում, չնայած մեզ հասած դժվարություններին ու ձախորդություններին, հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամությունը երբեք չի թուլացել, ավելին` ամրապնդվել է եւ դարերի ընթացքում լցվել նոր բովանդակությամբ:

Թող այս հրապարակը դառնա ոչ միայն սիրելի զբոսավայր երեւանցիների եւ մեր հյուրերի համար, այլեւ մեր բարեկամությանը նվիրվածության եւս մեկ խորհրդանիշ` ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների:

← Վերադառնալ