26
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ Օլիմպիական հավաքականի պատվին կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ

album picture
Բարի երեկո, սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր յուրաքանչյուրիս այստեղ է բերել մեր հավաքական նվաճման զգացումը: Ես էլ ձեզ նման Հանրապետության հրապարակ եմ եկել ողջունելու ու շնորհավորելու մեր օլիմպիականներին։ Եվ ուզում եմ բոլորիս անունից շնորհակալական խոսք ուղղել այսօրվա մեր հերոսներին:

Սիրելի՛ օլիմպիականներ,

Ընդամենը օրեր առաջ դուք մեր երկրի ու ժողովրդի խորհրդանշական դեսպաններն էիք սպորտի համամոլորակային ստուգատեսում։ Այնտեղ դուք պատվով կատարեցիք ձեր առաքելությունը՝ վաստակելով օլիմպիական վեց մեդալ, որոնք նվաճեցիք համառ, ծանր ու ազնիվ մրցապայքարում: Ձեր անձնուրացության ու կամքի շնորհիվ մեր ժողովրդին վերադարձրիք օլիմպիական հաջողությունների բերկրանքը, իսկ մեր երկրին նոր սպորտային համբավ բերեցիք:

Միլիարդավոր մարդիկ աշխարհի բոլոր մայրցամաքներում ձեզ տեսան ոչ միայն համառ պայքարի մեջ, այլեւ պատվո հարթակին։ Մարդիկ, որ գուցե Հայաստանի անունը չէին լսել, տեսան նրա դրոշը, որ պարբերաբար բարձրացվում էր ձեր ու մեր երկրի պատվին։ Ձեր շնորհիվ Հայաստանը դարձավ ավելի ճանաչելի:

Մեծ սպորտային տոների հետնաբեմում, իրոք, շատերի քրտնաջան ու անտեսանելի աշխատանքն է. եւ՛ որպես երկրի Նախագահ, եւ՛ որպես ձեր երկրպագու, իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ մարզիկներին, մարզիչներին, Հայաստանի օլիմպիական կոմիտեին, պետական, հասարակական ու մասնավոր կառույցների բոլոր ներկայացուցիչներին, ովքեր ավանդ ունեն Հայաստանի օլիմպիական հավաքականը նախապատրաստելու եւ Պեկինում արժանավայել ներկայացնելու գործում։

Սիրելի՛ մարզիկներ,

Ձեր օրինակով Դուք անգնահատելի գործ եք անում Հայաստանում սպորտի ժողովրդականացման ուղղությամբ։ Հենց ձեզ նայելո՛վ է, ձեր կեցվածքին, վարքին, հաղթանակներին նայելո՛վ է, որ շատ պատանիներ ու աղջիկներ ընտրում են մեծ սպորտը` իբրեւ կյանքի ճանապարհ։ Դուք տոն պարգեւեցիք մեզ, եւ մենք այսօր այստեղ ենք արժանիորեն նշելու այդ տոնը, մեր ու ձեր տոնը, հաղթանակի ու հպարտության տոնը։

Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ, որ այսպիսի բազմություն է այսօր հավաքվել այստեղ։ Այլ կերպ, կարծում եմ, չէր կարող լինել։ Մենք օրեր շարունակ շունչներս պահած հետեւում էինք մեր մարզիկների մրցելույթներին, ցավում նրանց համար, ոգեւորվում ու հիասթափվում, տխրում եւ ուրախանում։ Մեզանից յուրաքանչյուրը տարբեր հեռուստաէկրանների առջեւ էր, բայց մենք միասին էինք ու միակամ։ Մեզ միավորում էր մեր ազգային արժանապատվությունը, հպարտությունը մեր դրոշի, երկրի ձեռքբերումների համար։ Եվ այսօր մեզ միավորում է մեր մարզիկների ջանքերի շնորհիվ վաստակած հպարտությունը:

Ես իմ պարտքն եմ համարել մեկնել Պեկին եւ անձամբ սատարել մեր թիմի անդամներին պատասխանատու այդ խաղերում։ Համոզված եղեք, որ այսուհետ եւս սպորտը եւ մարզաշխարհի խնդիրները լինելու են իմ անձնական ուշադրության կենտրոնում։ Այդ ուշադրությունը միայն օլիմպիադաներով չէ պայմանավորված, այլ այն համոզմունքով, որ սպորտն առաջին հերթին առողջ կենսաձեւ է, իսկ առողջ սերունդը վաղվա Հայաստանի հենասյունն է։

Այս օլիմպիադան հայկական սպորտի պատմության մեջ թերեւս կմտնի որպես «բրոնզե օլիմպիադա», քանի որ մեր հավաքականը նվաճել է բրոնզե մեդալներ։ Հավատացնում եմ ձեզ. վեց մեդալը, թեեւ եւ բրոնզե, մեծ նվաճում է։ Եվ լավ հիմք` հենց այսօրվանից սկսելու նախապատրաստվել մեր գալիք «ոսկե օլիմպիադաներին», մի բան, որում ես կասկած անգամ չունեմ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օլիմպիական խաղերից առաջ մենք բոլորս սպասելիքներ ունեինք մեր թիմից: Այդ սպասելիքները արդարացան: Արդարացան մեր մարզիկների ոգու ու նվիրումի, ձեր աջակցության ու քաջալերանքի, բոլորիս հաղթանակի հավատի շնորհիվ: Պեկինի խաղերի ընթացքում մեր օլիմպիականներն ապացուցեցին, որ կարող են ավելին անել:

Այսօր ինձ համար շատ ավելի կարեւոր է այս նվաճումների հոգեբանական կողմը: Մի բան է, որ ի լուր աշխարհի հռչակվում է Հայաստան երկրի հաջողությունների մասին, այլ բան` թե որքանով է դա վերաճում ոգեւորության բուն երկրի ներսում: Դառնու՞մ է այն սեփական ուժերի հանդեպ վստահության բարձրացման խթան, վերաճու՞մ է արդյոք համազգային վճռականության, դառնու՞մ է առաջին լուրջ քայլը հազարամղոն ճանապարհին. սա է, որ ավելի կարեւոր է: Չէ՞ որ, երբ մեզնից յուրաքանչյուրը հավատա, որ մենք իսկապես կարող ենք եւ ունակ` դառնալու հաղթող երկիր, հաղթող հասարակություն, էլ ոչինչ անհասանելի չի լինի այդ նույն ճանապարհին:

Ու այսօր ես պնդում եմ, որ մենք կարող ենք ավելին անել: Մենք կարո՛ղ ենք ունենալ նոր հաղթանակներ: Այդ հաղթանակները լինելու են ոչ միայն սպորտային հրապարակներում, այլեւ կյանքի բոլոր ոլորտներում: Համոզվա՛ծ եղեք, որ դրանք նշելու ենք միասին, այդ հաղթանակներով հպարտանալու ու պարծենալու ենք, դրանք հետագա նվաճումների հենքն են դառնալու: Այսօր մենք ունենք նոր հաղթանակների հասնելու բոլոր հիմքերը, բայց շատ ավելի կարեւոր է, որ ունենանք դրանց հասնելու ցանկությունն ու վճռականությունը: Վստահ եմ` ունենք:

Եվ մենք կարո՛ղ ենք նոր բարձունքներ գրավել:
Դրանք լինելու են ոչ միայն օլիմպիական պատվանդանները, այլ նաեւ լուրջ ձեռքբերումները գիտության, մշակույթի, տնտեսության ու այլ ասպարեզներում: Մենք նվաճելու ենք այդ բարձունքները` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն համայն հայության, հանուն մեր երեխաների ավելի լավ ապագայի:

Ես անկեղծորեն հավատում եմ, որ անցած օրերին Հայաստանում հաղթանակի տոն էր. հաղթեցին օլիմպիական խաղերի բոլո՛ր մասնակիցները, հաղթեցին մարզիչներն ու կազմակերպիչները, հաղթեց հայկական սպորտը, հաղթեց միասնական հայ ոգին:

Միասնականությունը մեզ համար միշտ էլ կարեւոր է եղել: Դա են վկայում մեր պատմության թողած դասերը: Միասնակությունը կարեւոր է մեզ համար նաեւ այսօր, երբ մեր տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հղի են բարդ զարգացումներով: Եկեք միշտ հիշենք, որ մենք հաղթել ենք, երբ միակամ ու միասնական ենք եղել:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս` անկեղծ հավատով, որ գալիք բոլոր հաղթանակները կայանալու են հանուն եւ ի փառս Հայաստանի Հանրապետության:

Ուրեմն, Առա՛ջ Հայաստան:

← Վերադառնալ