29
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցական համալիրի 650-ամյակին նվիրված արարողությանը

album picture
Ես ուրախ եմ ձեզ հետ միասին ներկա գտնվելու հայկական Սուրբ Խաչ հինավուրց համալիրի հիմնադրման 650-րդ տարեդարձին նվիրված արարողությանը: Այս նշանակալից իրադարձությունը միավորել Է մեզ բոլորիս:

Ղրիմի թերակղզին միշտ եղել եւ մնում Է տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների, տարբեր դավանաքների հետեւորդների բնակության վայր:

Խորհրդանշական Է, որ այս հոբելյանը եւ վերականգնված տաճարի օծումը համընկել են նշանակալի եւ հանդիսավոր տարեթվի՝ Ռուսիայի մկրտության 1020-ամյակի հետ:

Հայաստանյաց Առաքելական եկեղեցին միշտ էլ առանձնահատուկ դեր Է խաղացել մեր ժողովրդի կյանքում: Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում հենց եկեղեցուն էր վիճակված ստանձնել առաջնորդության առաքելությունը հայ ժողովրդի պատմական ճանապարհին: Եվ պատահական չէ, որ աշխարհի որ մասում էլ հայերը գտնվելիս լինեն, նրանք միշտ կառուցել են եկեղեցիներ ու դպրոցներ: Կառուցել են եւ ստեղծագործել, պայքարել են ու գոյատեւել:

Արդյունքում՝ ի տարբերություն շատ հնագույն ժողովուրդների, հայերը շարունակում են ապրել ու արարել՝ աշխարհին ներկայացնելով իրենց մշակութային ժառանգության բազմազանությունն՝ արվեստի գործեր, որոնցից շատերը բարեկամության ու համագործակցության խորհրդանիշ են դարձել:

Սուրբ Խաչ համալիրը Ղրիմի հայերի հոգեւոր կենտրոնն է, հայկական առավել նշանակալի պատմական հուշարձաններից մեկը: Այսօր, երբ մեր շուրջը տեսնում ենք անհանդուրժողության, միջդավանական ու միջմշակութային հակամարտությունների ու դիմակայությունների հազարավոր օրինակներ, մենք վկան ենք դառնում այն բանի, թե ինչպես են ոչ թե խոսքով, այլ` գործով մեր ժողովուրդներն անկեղծորեն ու համոզվածությամբ վերադառնում իրենց պատմության այն ընդհանուր էջերին, երբ նրանք ոչ միայն գոյակցում էին աշխարհագրական նույն տարածքում, այլեւ` միասին արարում էին ու ստեղծագործում:

Սուրբ Խաչը ոչ միայն մեր հոգեւոր մշակույթի անքակտելի մասն է, այլեւ` Ղրիմի թերակղզու մարգարիտներից մեկը: Ցանկացած ճարտարապետական հուշարձան ներդաշնակ է միայն այն համատեքստում եւ այն լանդշաֆտում, որում այն ստեղծված է: Վստահ եմ, որ վերականգնված Սուրբ խաչ համալիրը կարող Է դառնալ Ղրիմի հիանալի տուրիստական երթուղիների հոյակապ լրացումը: Ես այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին առաջարկեցի՝ մեր արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել՝ համատեղ քայլեր ձեռնարկել Սուրբ խաչն ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ:

Մենք արդեն այս ուղղությամբ հաջող օրինակներ ունենք: Բոլորովին վերջերս Իրանում գտնվող հայկական երեք հուշարձաններ ընդգրկվեցին այդ ցուցակում:

Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի իշխանություններին` տաճարի վերականգնման ազնիվ աշխատանքի համար, Ղրիմի իշխանություններին, ճարտարապետներին ու շինարարներին, ովքեր իրականացրել են այս նախագիծը:

Ես կուզենայի շնորհավորել նաեւ Ուկրաինայում, եւ մասնավորապես Ղրիմում, բնակվող մեր հայրենակիցներին եւ շնորհակալություն հայտնել նրանց` եկեղեցու վերականգնմանն ակտիվ մասնակցելու համար:

Վստահ եմ, որ այսօրվա իրադարձությունն, ավելացնելով նոր էջ մեր ժողովուրդների միջեւ բազմադարյա բարեկամական հարաբերությունների փառավոր պատմության տարեգրության մեջ, խթան կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման համար ոչ միայն հումանիտար, այլ նաեւ` քաղաքական, տնտեսական եւ մեր համագործակցության մյուս ոլորտներում:

Վերականգնված Սուրբ Խաչ համալիրին ցանկանում եմ երկար տարիներ, որպեսզի հետագա 650 տարիները եւս այն շարունակի լինել ոչ միայն հավատի եւ հույսի տաճար, այլեւ` ժողովուրդների եւ կրոնների փոխըմբռնման, համաձայնության եւ բարեկամության խորհրդանիշ:

Շնորհավորում եմ բոլորին այս նշանակալից իրադարձության առիթով եւ ցանկանում եմ եւս մեկ անգամ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին` այս հրաշալի վանական համալիրի պահպանման ու վերականգնման, ջերմության ու գրկաբացության համար:

← Վերադառնալ