Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
14
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին եւ բոլոր հայորդիներին

Ջերմուկ, «Բազե» համահայկական
երիտասարդական հավաք
Սիրելի՛ երիտասարդներ,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ գեղատեսիլ Ջերմուկում: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կարծես աշխարհասփյուռ մեր ժողովրդի մանրակերտը լինի: «Աշխարհի ամենատարբեր ծայրերից Հայաստանում եւ հանուն հայոց իղձերի»` այսպիսին եմ ես պատկերացնում «Բազե»-ի յուրօրինակ խորագիրը: Այս հավաքները նաեւ պատգամ ունեն. դա մեր ազգային միասնության ու հանուն Հայաստանի գործելու պատգամն է:
Արդեն մի քանի օր է, ես մտածում էի մեր ժողովրդի բոլոր զավակներին կոչով դիմելու մասին: Այսօր որոշեցի իմ այդ մտադրությունն իրականացնել այստեղ, ձեզ հետ միասին, քանի որ չեմ պատկերացնում դրա համար ավելի հարմար միջավայր, քան խոսել 650 երիտասարդների կրակոտ հայացքների ներքո: Եվ այժմ ես խնդրում եմ ձեր աջակցությունը, այստեղ` հայրենիքի գրկում, հայրենասիրությամբ պարուրված ձեր միջավայրում մեր ժողովրդին խոսք ուղղելու համար: Համաձա՞յն եք:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, դիմում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր Հայաստանն իրենց հայրենիքն են համարում, բոլոր նրանց, ովքեր դեռ օրորոցից իրենց զավակներին ու թոռներին հպարտորեն բացատրում են, որ իրենք հայ են, որ հեռավոր Արարատի փեշերին հայրենիք ունեն, Հայաստան ունեն:
Դիմում եմ հորդորով, դիմում եմ կոչով, դիմում եմ, որպեսզի առավել ուշադրություն հայցեմ այն հող ու ջրի հանդեպ, որ մեր ու մեր սերունդների տունն է եւ շարունակելու է այդպիսին լինել. տուն, որ առանց հարցերի, ջերմորեն քեզ իր գիրկն է առնում եւ կանգնեցնում է, երբ չհիմնավորված փորձության ես ելնում:
Նախ դիմում եմ հեռու ափերում հարյուրավոր հեռուստաալիքների մեջ հետեւողականորեն հայերեն խոսք փնտրող մեր հայրենակիցներին:
Սիրելի՛ բարեկամ,
Թույլ տուր քեզ «դու»-ով դիմել, իբրեւ հայ մարդը հայ մարդուն: Ուզում եմ քեզ հետ խոսել հայրենիքի ու հենց քո մասին:
Վստահ եմ, մանկության բարի հուշերն ու բակի ծանոթ ու անծանոթ պապիկների ժպտացող աչքերը քեզ միշտ տուն են կանչում: Ես գիտեմ, փարիզյան բոհեմի խենթությունը, նյույորքյան քո նվաճումները, մոսկովյան ընկերներիդ հարգալից հայացքներն ու քո սեփական բավարարվածությունն անընդհատ բախվում են տատ ու պապիդ` «Տղա ջան, տուն արի» կանչին, հորդ ու մորդ արեւոտ ժպիտին, քո բակի մանկական խաղերի հոգնածությանը, բախվում են ու ասում. «Տղա ջան, տուն արի»: Քեզ արմատներ են պետք, որ հենես քո բարեկեցությունը, քո հասունությունը, քո ստեղծած կյանքը: Քեզ մանկությանդ հետ կապող ճանապարհ է պետք, որ անցնելու է քո ծննդավայրով, քո բակով, քո ծերացած տատուպապով, հոգսաշատ ընկերներով ու բարեկամներով:
Հեքիաթ պատմելիս տատդ հաստատ ասում էր, որ հայը ծառ է` իր հողից կտրեցիր, բայց արմատը չվնասեցիր, էլի ճյուղ կտա, ծառ կդառնա:
Մեր տունն ու մանկությունը մեր հողն են: Լավն են, վատն են` մերն են: Մեր արմատներն այստեղ խորն են թաղված: Քամին ու փոթորիկը, երկրաշարժն ու անարդարությունը կացնահարել են մեր բունը: Բայց արմատների տեղը լավ գիտենք: Ու ճյուղ էլ կարող ենք տալ, որովհետեւ ուրիշ արեւը, ուրիշ հողն ու ջուրը մեզ կոփել են: Մենք ուժեղ ենք: Շատ չէ` մի քիչ սեր, ու արմատների կենսանյութից բազմաճյուղ ծառ կհառնի:
Մեր տանը տեր կանգնենք. մեր մանկության այգում ծիածանագույն «կարուսել» է պետք: Մեր տատ ու պապերին մեր ականջն է պետք` իրենց կյանքի կծիկը բացելու համար: Մեր բակերին տարին գոնե մեկ անգամ մեր ներկայությունն է պետք, իսկ մեր հողուջրին... ոչի՛նչ, ոչինչ էլ պետք չէ. դու սիրիր քո տունն ու բակը, հայրենիքն ինքն արդեն սիրված կլինի:
Ուզում եմ դիմել նաեւ բոլոր մեր քաղաքացիներին:
Սիրելի՛ հայաստանցիներ,
Այսօր մենք իրականում մեկ հիմնական գործ ենք անում. վաղվա Հայաստանն ենք կառուցում: Մեր սերունդներին մենք այլ Հայաստան պիտի թողնենք` զարգացած, ժողովրդավարական ու խաղաղ Հայաստան: Ես ավելի քան վստահ եմ, որ վաղվա Հայաստանի նպատակադրումը պիտի պարզապես արմատավորված լինի յուրաքանչյուրիս մեջ` հողագործի եւ ուսուցչի, շինարարի եւ պետական ծառայողի, գործարարի եւ մտավորականի, բոլորի մեջ:
Սա է, թերեւս, այն ուղիղ ճանապարհը, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մղելու է անընդհատ եւ անկեղծ ինքնախոստովանության` ես սիրում եմ իմ երկիրը:
Սա է, թերեւս, ճանապարհը, որը մեզ կտանի մի իրականության, երբ ամենքս մշտապես հարց կտանք մեզ` արդյո՞ք բավարար եմ գործում, որ հայրենիքս ուղղվի ու բարի մանկան պես ժպտա:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանը` նրա քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է: Ավելի քան ակնհայտ այս ճշմարտությունը մեզ մի բան է պարտադրում` համատեղ ուժերով ծաղկեցնել հայրենիքը: Խոսքս մասնավորապես ուզում եմ ուղղել մեր գործարարներին եւ բոլոր մեծահարուստ հայերին: Ավելի ակտիվ ու նախաձեռնող եղեք հայրենիքի շենացման ձեր նախաձեռնություններում, սա՛ է իմ խնդրանքը բոլորից: Նայե՛ք այս երիտասարդների հայացքներին. դրանք հայրենասիրությամբ ու կրակով են համակված: Եկե՛ք այնպես անենք, որ ոչ թե լոկ խոսքերով, այլ ավագ սերնդի գործերով նրանք դաստիարակվեն իբրեւ լավ հայեր, հայոց նվիրյալ զավակներ:
Ես չեմ ուզում այժմ կանգ առնել ուժերի մեկտեղմանն ուղղված մեխանիզմների վրա, խոսել պետություն-մասնավոր համագործակցության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր մոտեցման, համահայկական բանկի եւ այլ ձեւաչափերի մասին: Առիթներ դեռ կլինեն: Ես խոսում եմ հայ մարդու եւ նրա «Հայաստան» հայրենիքի մասին: Այստեղ չկա երրորդ կողմ: Կաս դու եւ քո անցյալը, դու եւ ապագան, քո զավակների ապագան:
Եվ ես կոչ եմ անում բոլորին. ընտրե՛ք հայրենիքի ձեր մասնիկը, ընտրե՛ք ձեր գրադարանը, դպրոցը, թանգարանը կամ ցանկացած այլ գաղափար, ընտրե՛ք եւ կառուցե՛ք, ավելացրե՛ք, ստեղծե՛ք, բազմապատկե՛ք, իրականացրե՛ք:
Կերտե՛ք ձեր մանկության հեքիաթը. ահա թե ինչ եմ խնդրում բոլոր գործարարներին եւ մեծահարուստներին:
Վստահ եմ, որ իմ կոչն անարձագանք չի մնա: Վստահ եմ, գիտակցում ենք` մենք մահկանացուներ ենք, իսկ Հայաստանը` հարատեւելու է:
Ուրեմն կեցցե՛ Հայաստանը եւ փառք հայ ժողովրդին: