Ստորագրված օրենքներ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն (այսուհետ` Օրենք) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի մայիսի 6-ին: Օրենքով, մասնավորապես, ամրագրված է ժամանակային սահմանափակում՝ լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի ցուցադրման համար:
Մի շարք ԶԼՄ-ներ և լրատվական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններ արտահայտել են Օրենքի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու մտահոգությունները, որոնք, ինչպես և օրենքը, հանգամանալից ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից: Իրականացված ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրահանգել, որ Օրենքով նախատեսված է հարցի հատվածական լուծում: Ընդ որում, պատշաճ հիմնավորված չեն տվյալ օրենսդրական կարգավորման ընդունման անհրաժեշտությունն և արդյունավետությունը, ներկայացված չեն Օրենքի ընդունման նպատակի իրագործման մասով ակնկալվող չափելի արդյունքներ, իրականացված չէ տնտեսության, ինչպես նաև լրատվական դաշտի վրա տվյալ իրավական կարգավորման ընդունման ազդեցության չափելի և հիմնավորված գնահատում:
Միևնույն ժամանակ, ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրականացրած վերլուծության, Օրենքն առերևույթ խնդրահարույց չէ սահմանադրականության տեսանկյունից: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքը՝ կարևորելով Օրենքի կիրառման ազդեցության մշտադիտարկումը և, դրա հիման վրա, ըստ անհրաժեշտության, փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը: