Ստորագրված օրենքներ
Կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից. նախագահ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» օրենքները:
Օրենքները նպատակաուղղված են բարձրացնելու արտակարգ դրության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը:
Կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից:
Անհրաժեշտ է նաև բոլոր պատկան մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից օրենքների կիրառման ընթացքում բարձր պատասխանատվության դրսևորում:
Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները սահմանելիս, անգամ արտակարգ դրության պայմաններում, տարբեր առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց համար, ընտանեկան դժբախտությունների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել հոգատար վերաբերմունք և անհատական մոտեցում:
Կարևոր է նաև, օրենքով մամուլի համար սահմանվող սահմանափակումների հիմնավորված ու համաչափ կիրառումը: