18
03, 2020

Նախագահ Սարգսյանը կարևորում է հեռավար կրթության մոդելի ներդրումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:

Հիշյալ օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար (դիստանցիոն) կրթության համակարգի ներդրմանը:

Դեռևս մի քանի օր առաջ հղած իր ուղերձում Հանրապետության նախագահը կարևորել էր ստեղծված իրավիճակում ավելի կազմակերպված, պատասխանատու և կարգապահ լինելը՝ որպես պետություն, որպես հասարակություն, որպես անհատ, որպես որոշում կայացնող և որոշում կատարող:

Նոր կորոնավիորւսի տարածմամբ և մեր երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ պայմանավորված՝ պետությունը պարտադրված է գնալ մինչ այժմ չկիրառված կամ ոչ այնքան կիրառված քայլերի: Այդ շրջանակում է նաև անցումը հեռավար կրթության:

Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը և կարևորում հեռավար կրթության մոդելի ներդրումը:

Հեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, ներկայումս կարող է որոշակիորեն լուծել կրթական գործընթացում հայտարարված երկարատև դադարի խնդիրը, ինչպես նաև նպաստել կրթության հասանելիությանը: Ժամանակակից տեխնոլոգիաների և թվային լուծումների կիրառմամբ իրականացվող ուսուցումը կարևոր քայլ է կրթական համակարգն առավել արդյունավետ ու ճկուն դարձնելու ուղղությամբ և մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր կյանքի թվայնացումն այլընտրանք չունի:

Սա նաև նոր հնարավորություն է՝ ավելի լուրջ և հիմնավոր ուշադրություն դարձնել նոր տեխնոլոգիաների զարգացմանը դպրոցում, բուհում, աշխատավայրում և ընդհանրապես կյանքում: 

← Վերադառնալ