President

Ընտրվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ 1998 թվականի մարտի 30-ին: Վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում 2003 թվականի մարտի 5-ին:

Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում: 1972-74թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում: Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ: 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1989 և 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր,ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը: Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը:

1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը: Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում:

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ:

1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:

2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ և պաշտոնավարել մինչ 2008թ.: