30
01, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Ֆիդել Նիևես Պորտուոնդոն։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Հանրապետության նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկու երկրները ակտիվորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Դեսպան Նիևես Պորտուոնդոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ընդգծելով Հայաստանի և Կուբայի արդյունավետ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում և այդ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Շեշտվել է տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը, մասնավորապես՝ առողջապահության բնագավառում փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք կարող են նպաստել երկու երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։

Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, որոնց համատեքստում կողմերն ընդգծել են միջազգային իրավունքի և միջազգային նորմերի պահպանության կարևորությունը՝ որպես կայունության, անվտանգության և խաղաղ համակեցության հիմնարար նախապայման։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP-17 համաժողովի շուրջ՝ կարևորելով գլոբալ հիմնախնդիրների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի մեկտեղումը և համատեղ պատասխանատվության գիտակցումը։

 

← Վերադառնալ