26
11, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այսօրվա այցելությունը կխթանի հայ-լեհական հարաբերությունների առավել զարգացումը: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը ոչ միայն շարունակական կլինի, այլև կակնկալենք Լեհաստանի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը Եվրոպական միության գործընթացներում:

Հաշվի առնելով այն, որ Լեհաստանն Արևելյան գործընկերության ճարտարապետներից է և նաև Հայաստան-ԵՄ համագործակցության սերտացումը խոսում են այն մասին, որ Հայաստան-Լեհաստան հարաբերությունները վերջին տարիներին զարգացման նոր դրսևորումներ են ստանում»,
- իր խոսքում ասել է Հայաստանի նախագահը:

Իր հերթին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան շնորհակալություն է հայտնել հրավերի համար:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ պաշտոնական այցելությամբ ներկա գտնվել Երևանում, ինձ համար դա մեծ պատիվ է: Շատ եմ կարևորում մեր երկու երկրների համագործակցությունը»,- նշել է Անջեյ Դուդան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում, մասնավորապես Արևելյան գործընկերության հարթակում արդյունավետ համագործակցության շարունակականության ու ընդլայնման ապահովմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ ընդհանուր իրադրության, առկա զարգացումների և մարտահրավերների մասին: Երկուստեք շեշտվել է համընդհանուր խաղաղության հասնելու հրամայականը, ինչը կարևոր նախապայման է երկրների զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համար:

Նախագահներն իրենց խոսքում ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխայցելությունների զարգացման կարևորությունը՝ երկու պետությունների տարբեր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանման համատեքստում:
 

← Վերադառնալ