08
11, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սամվել Մովսիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի և դասախոս Արկադիկ Թովմասյանի ուղեկցությամբ Ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ այցելել են Նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում դասախոսություն է կարդացել կուրսանտների համար՝ Հիմնադրամի և Ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում:

Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է պետության կառույցում զինված ուժերի և բարձրագույն ռազմական կրթության առանձնահատուկ դերակատարությանը, խոսել բանակային բարեփոխումների հիմնադրույթների կարևորության մասին: Իր խոսքում նախագահը բարձր է գնահատել հայկական զինված ուժերի զարգացման գործում ռազմական ակադեմիայի հիմնադրումը, որը կարևոր քայլ էր բանակի սպայական անձնակազմի համալրման և կադրային ապահովման համար:

Դասախոսության ավարտին անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը պատասխանել է կուրսանտների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել ռազմական ակադեմիայի կրթական ծրագրերին:
 

← Վերադառնալ