15
10, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

Երլան Կոշանովը, ողջունելով Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ղազախստան, նշել է, որ Հայաստանն իրենց համար մտերիմ և բարեկամական երկիր, վստահելի գործընկեր է:

«Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում մեծածավալ բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանում: Դրանք ընթանում են բոլոր հիմնարար ուղղություններով, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի բարձրացմանը և հայ ժողովրդի բարօրությանը:

Մենք մշտապես անկեղծորեն ուրախանում ենք Ձեր հաջողություններով: Մեր երկրների հարաբերություներն արդյունավետորեն զարգանում են, և ամեն տարի համալրվում են նոր բովանդակությամբ:

Վստահ եմ, Ձեր այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև մեր երկրների բազմակողմ համագործակցության խորացմանը»,
- ասել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ու բարեկամական ընդունելության համար՝ նշել է, որ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը: «Մեծապես կարևորում ենք նաև հայ-ղազախական խորհրդարանական փոխգործակցությունը, և գտնում ենք, որ այն մեր հարաբերությունների լայն շրջանակի առանցքային ոլորտներից մեկն է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության հետագա զարգացման օրակարգային հարցերին և ուղղություններին:

Երկուստեք շեշտվել է օրենսդիր մարմինների գործունեության կարևորությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման և բարեփոխումների կյանքի կոչման գործում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակական դարձնել խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում խորհրդարանների բարեկամական խմբերի և պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը:

 

← Վերադառնալ