26
08, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:

Հանրապետության նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթել դիվանագետներին: Իր խոսքում նախագահը նշել է.

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դեսպաններին մշտական ներկայացուցիչներին և գլխավոր հյուպատոսներին՝ քրտնաջան աշխատանքի և անձնուրաց ծառայության համար։ Ցավոք ձեր ծառայությունն ընթանում է հիրավի աշխարհաքաղաքական բարդ և երկրի համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ ամենօրյա դիվանագիտական առաքելության իրագործմանը զուգահեռ Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության և անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին: Այսօր ոչ միայն Հայաստանն, այլև մեր տարածաշրջանը և միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով: Գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, հաճախ անկանխատեսելի ուղղությամբ, և այս բուռն աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ականատես ենք սահմանները հատող ճգնաժամերի, առաջնահերթ խնդիրների հրատապ լուծման գործում զգալի է հատկապես դիվանագիտության դերը, քանի որ դիվանագետների գրանցած հաջողություններն ու, ինչն առավել ցավալի է՝ բացթողումները զգալի ազդեցություն են ունենում պետության, նրա միջազգային իմիջի, անվտանգային մթնոլորտի վրա:

Հարգելի՛ դեսպաններ,

Մի բան հստակ է՝ յուրաքանչյուր օր դեսպանը և դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է իր առջև ունենա այդ օրվա, շաբաթվա կամ ամսվա նպատակը: Սա կլինի պրոակտիվ դիվանագիտության գրավականը, Հայաստանի Հանրապետության տեսանելիության և արդյունքում դիվանագիտական ոլորտում հաջողության երաշխիքը:

Ուրախ եմ, որ շարունակվում են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնմանն ուղղված քայլերը: Անկասկած դեսպանատների առկայությունը տարբեր մայրաքաղաքներում էականորեն նպաստում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության մեծացմանը:

Հարգելի՛ դեսպաններ,

Խոսքիս ավարտին կցանկանայի հույս հայտնել, որ տարբեր հարթակներում համախոհ երկրների ձեր գործընկերների հետ սերտ ու փոխշահավետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հիմնարար սկզբունքների և նպատակների իրագործմանը, գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցմանը, խաղաղության ու անվտանգության պահպանմանը:

Համոզված եմ, որ այսուհետ ևս պատվով կներկայացնեք մեր երկիրը՝ ձեր ավանդն ունենալով միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդման գործում»:

← Վերադառնալ