27
06, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք» և «ՋիԷնՍի-Ալֆա» (OVIO) ընկերություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք» և ծանոթացել վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքներին:

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» անվանումով գերհամակարգչի հնարավորություններին:

Բագրատ Ենգիբարյանը և Արամ Սալաթյանը «ինժեներական քաղաքում» կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Հանրապետության նախագահին են ներկայացրել ներկայումս տարվող ընթացիկ աշխատանքները, առաջիկա նախագծերն ու ընթացիկ խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել են բարձր տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումն ինչպես տեղային, այնպես էլ համապետական նշանակության ոլորտներում և ուղղություններում:

Քննարկվել են բարձրտեխնոլոգիական և հարակից ոլորտներում հայաստանյան ներուժի լիարժեք իրականացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և միջոցառումների կյանքի կոչման վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև «ՋիԷնՍի-Ալֆա» (OVIO) հեռահաղորդակցական կազմակերպության կողմից սույն թվականի մայիսին գործարկված Հայաստանում ամենահզոր տվյալների մշակման կենտրոն:

«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կենտրոնում և ծանոթացել վերջինիս հնարավորություններին։

Տվյալների կենտրոնը կառուցված է միջազգային հեղինակավոր TIER III ստանդարտին համապատասխան, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։

Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում:


 

← Վերադառնալ