28
05, 2024

Հանրապետության տոնի առթիվ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ, ինչպես նաև հայրենիքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Նախագահ Խաչատուրյանը նախ շնորհավորել է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբ և, հանձնելով բարձր պարգևները, շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Իր ելույթում նախագահն ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը, Հայաստանի անկախության օրվա հետ մեկտեղ, մեր պետականության կարևորագույն տոներից մեկն է, որի խորհուրդն անկախ, ինքնիշխան, իրավական և ժողովրդավար պետություն կերտելու մեր հավաքական կամքի արտահայտությունն է:

1918 թվականի մայիսի 28-ը մեր պատմության ամենապայծառ դրվագներից է, աշխարհի քաղաքական քարտեզի վրա իր ուրույն տեղն ունենալու, սեփական ճակատագիրը որոշելու գերագույն իրավատերը լինելու մեր ժողովրդի դարավոր երազանքի իրականացման վճռական քայլը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ձևավորվեց պատերազմի բովում և մեր պետական այրերը պետք է առաջին քայլերն անեին անկախ պետականության կերտման ճանապարհին՝ զուգահեռաբար փորձելով լուծել ցեղասպանությունից փրկված մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կեցության, պետական կառավարման մարմինների, բանակի և ենթակառուցվածքների ստեղծման խնդիրները: Այդ ամենը պետք է արվեր առանց դաշնակցի ու բարեկամի, ապավինելով միայն մեր ժողովրդի հավաքական կամքին, իմաստնությանն ու անձնվիրությանը:

Առաջին Հանրապետության ստեղծման միջավայրից շատ քիչ էր տարբերվում նաև 1991 թվականը, երբ կրկին պետք է մեզ պարտադրված պատերազմի պայմաններում քայլ անեինք անկախ պետականություն կերտելու ուղիով՝ ճաշակելով հաղթանակների հրճվանքն ու կորուստների դառնությունը:

Այսօր՝ 2024 թվականի մայիսի 28-ին, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն: Անկախության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը կարողացավ ամրագրել լինելիության իր իրավունքը հաճախ ծանր ու անդառնալի կորուստների գնով, կարողացավ ձեռք բերել նոր բարեկամներ և չխուսափեց նաև հակառակորդներից: Նաև այս պատճառով է, որ այս տոնական օրը լավ առիթ է մեր պետականությունը, պատմությունը, անկախությունը վերագնահատելու համար:

Մեկ բան սակայն միանշանակ է, ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է:

Այս առումով վստահ եմ, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք հաստատակամորեն շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ:

Համոզված եմ նաև, որ մենք կհաջողենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատավայրում, կենցաղում և առօրյայում պատասխանատվությամբ ու սրտացավությամբ մեր գործն անելով, շարունակաբար կրթվելով, մասնագիտական նոր որակներ ձեռք բերելով, որովհետև միայն այդպես կարող ենք ունենալ անկախ, ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, զարգացող ու հզոր Հայաստան:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս և առանձնահատուկ կերպով այսօր պետական բարձր պարգևների արժանացած մեր գործընկերներին, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ուժ ու կորով և ամրություն ու խաղաղություն Հայաստանի Հանրապետությանը»:

 

← Վերադառնալ