Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Մուհամմադ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Մուհամմադ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Բարձր գնահատելով Մուհամմադ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակության այցը՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրին զորավիգ կանգնելու և աջակցելու համար:
Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների ժողովուրդների դարավոր ավանդական, բարեկամական հարաբերությունները, և կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը։
«Այն ինչ տեղի ունեցավ 1915 թվականին, չկանխվեց և հետագայում գնահատական չստացավ, ինչը, ցավոք սրտի, պատճառ դարձավ աշխարհի շատ երկրներում նմանատիպ իրադարձությունների կրկնությանը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սիրիայի ժողովրդին, կառավարությանը, իշխանություններին, որոնք այդ դժվարին օրերին մեր հայրենակիցներին, օգնել և աջակցել են ու ամենակարևորը՝ հյուրընկալել են նրանց, կիսվել են այն ամենով, ինչ ունեցել են: Մենք չենք մոռացել և չենք կարող մոռանալ այդ ամենը: Դա, իհարկե, պայմանավորված է մեր դարավոր հարաբերություններով, որոնք մեծ փորձություններ են անցել, բայց այդ փորձությունների ընթացքում մեր հարաբերություններն ավելի են ամրապնդվել: Դրա ապացույցն է նաև մեր երկու երկրների համար այս դժվարին ժամանակներում նորից իրար զորավիգ լինելը, իրար հետ լինենը, աջակցելը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ասել է. «Պարոն նախագահ, մեծապես շնորհակալ ենք Ձեզ ջերմ խոսքերի համար: Մեր տածած զգացումների և կարեկցական էմոցիաների մասին շատերը գիտեն: Այն ազգերը, որոնք անցնում են միևնույն փորձությունների միջով սովորաբար ունենում են նույն զգացումները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր ուղղություններով երկու պետությունների միջև առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները:
Հայաստանի և Սիրիայի փոխգործակցության ամրապնդման համատեքստում կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև միջազգային հարթակներում արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում շեշտվել է նաև սիրիահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու ժողովուրդների և պետությունների բարեկամության ու համագործակցության խորացման գործում:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և հարևան երկրներում առկա զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների շրջանակում լուծելու և կայուն ու հարատև խաղաղության հասնելու կարևորությունը: