09
04, 2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին և Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին և Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում Սերգեյ Խաչատրյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Երևանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող ծրագրերն ու ընդհանուր իրադրությունը, ինչպես նաև ընթացիկ տարում խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել արտադրանքի որակական բարձր չափանիշերը հետևողականորեն պահպանելու ուղղությամբ գործարանի որդեգրած սկզբունքը, ինչը կարևոր դերակատարություն ունի հայկական կոնյակի ճանաչելիության և ներկայացուցչական վարկանիշի ապահովման գործում:

Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր շուկաներում Երևանի կոնյակի գործարանի ապրանքատեսակների առաջմղման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին հայկական ապրանքանիշի հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար Հանրապետության նախագահի անունից Երևանի կոնյակի գործարանի ղեկավարությանը հանձնվել է շնորհակալագիր:
 

← Վերադառնալ