Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիկրան Իզմիրլյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով
Հանրապետության նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանձնելով բարձրագույն պարգևը նրա որդի` Սարկիս Իզմիրլյանին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակը հայ ժողովրդի նվիրական զավակ ու երախտավոր Դիկրան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրելն է:
Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ և հայրենիքի հանդեպ սերը՝ գործով, ստեղծելով ու կառուցելով ի ցույց դնելու սկզբունքներով:
Մեզ շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի թվարկենք 1990 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք հենց ասվածի վկայությունն են:
Հայ ժողովուրդն արդեն իսկ գնահատել է Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ արժանացնելով նրանց իր ջերմ ու անվիճարկելի սիրուն և հարգանքին:
Բայց միևնույն ժամանակ մեր պետությունը և պետական պաշտոնյաներս յուրատեսակ պարտականություն ունենք արժանին մատուցել, գնահատել և պարգևատրել մեր երկրի և ժողովրդի մեծ բարեկամներին ու արժանավոր որդիներին:
Այսօր ես մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ եմ մեր պետության բարձրագույն պարգևը հանձնում իր արժանի տիրոջը: Վստահ եմ, որ Իզմիրլյանների ամբողջ գործունեությունը տասնամյակներ շարունակ ոգևորության աղբյուր է դարձել աշխարհասփյուռ հայության համար:
Համոզված եմ նաև, որ այդ գործունեության ավելի ու ավելի մեծ, իրական ու գնահատելի արդյունքների ականատեսն ենք լինելու ամենատարբեր բնագավառներում:
Ավարտելով խոսքս, ես սրտանց շնորհավորում եմ Տիգրան Իզմիրլյանին պետական բարձրագույն պարգևին և Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն արժանանալու, ինչպես նաև բոլորիս՝ մեր կողքին նման հայրենակից ունենալու համար»:
***
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սարկիս Իզմիրլյանին և նրա տիկնոջը՝ Քեթրին Իզմիրլյանին: Նախագահը բարձր է գնահատել Իզմիրլյան ընտանիքի ավանդը և գործունեությունը Հայաստանի զարգացման գործում:
«Մեզ համար մեծ պատիվ է գնահատել Ձեր հայրիկի և Ձեր ընտանիքի կատարած աշխատանքները: Դուք գնահատված եք ոչ միայն մեր պետության, այլ ընդհանրապես աշխարհասփյուռ հայության կողմից:
Հույս ունեմ, որ մենք հետագայում, շարունակելով մեր համագործակցությունը, նոր հաջողություններ կարձանագրենք:
Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են, որ մեր երկիրն իսկապես հզորանա, տնտեսությունը զարգանա, մարդիկ ավելի բարեկեցիկ ապրեն և, իհարկե, նաև մեր պաշտպանողականությունն ամրապնդվի»,- նշել է նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Սարկիս Իզմիրլյանը ասել է. «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Իմ ընտանիքը մեծապես երախտապարտ է այն պարգևի համար, որն այսօր իմ հայրը ստացավ: Նա միշտ ասում է հայերը պետք է օգնեն հայերին: Աշխարհի, որ մասում էլ լինենք, մենք առաջին հերթին հայ ենք»: