28
03, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկի առթիվ

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ ուղերձ է հղել, որն ընթերցել է նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը:

Ուղերձում ասվում է.

«Ողջունում եմ այսօր մեկնարկող «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացումը Երևանում: Նմանօրինակ միջոցառումները ներկայումս առավել քան արդիական են, քանի որ Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը պատմականորեն եղել են համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ և միջավայր ու հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ:

Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում: Այս տեսանկյունից նման համաժողովները լավագույն հնարավորություններից են՝ նոր ելքեր ու հայեցակարգեր գտնելու համար, քանի որ ես համոզված եմ՝ գիտությունը կարող է լինել ցանկացած խնդրի, խոչընդոտի և հակամարտության հաղթահարման, ինչպես նաև զարգացման նոր հեռանկարների բացահայտման, քաղաքակրթական համերաշխության ապահովման երաշխավորված բանալին:

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,

Աննալների պատմագիտական դպրոցի հիմնադիր հայրերից XX դարի ֆրանսիացի խոշորագույն պատմագետ Մարկ Բլոկն իր «Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը» կոթողային աշխատության մեջ գրում էր՝ . «Ինքնին այն միտքը, որ կարող է լինել գիտություն անցյալի մասին, անհեթեթ է։ Պատմության էությունը մարդն է, ավելի ճիշտ մարդիկ, ավելի ստույգ մարդիկ ժամանակի մեջ» և ապա նշում՝ «ներկան չհասկանալը անցյալի չիմացության անխուսափելի հետևանք է։ Բայց թերևս նույնքան էլ ապարդյուն է անցյալը հասկանալու ամեն ջանք, եթե ներկայի մասին ոչինչ չգիտես»: Այս տրամաբանությանը համաձայն, ես վստահ եմ, որ գիտաժողովը լիարժեքորեն ծառայելու է մեր և տարածաշրջանի երկրների պատմության, մշակութային ու քաղաքակրթական ժառանգության խրթին էջերի գիտական հետազոտության ու ուսումնասիրության միջոցով մեր ներկայի, առօրյայի, աշխարհաքաղաքական իրողություններն առավել սթափ ընկալելու և գնահատելու կարևոր գործին:

Լիահույս եմ նաև, որ գիտաժողովի ընթացքում կլինեն ծրագրային և բովանդակային զեկուցումներ, որոնք առնվազն հնարավորություն կտան առավել բազմակողմանի դիտարկել մեր պատմության և մշակույթի աղերսներն ու առնչակցություններն ինչպես մեր հարևանների, այնպես էլ համաշխարհային քաղաքակրթական արժեքների հետ:

Հարգելի ներկաներ,

Ավարտելով խոսքս, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գիտաժողովի բոլոր կազմակերպիչներին ու բանախոսներին, նման կարևոր նախաձեռնությամբ հանդես գալու և միջոցառման օրակարգում խիստ արդիական թեմաների ընտրության համար: Մաղթում եմ արդյունավետ ստեղծագործական քննարկումներ և հաջողություններ»:


 

← Վերադառնալ