05
03, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով.

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյակը:

Վազգեն Սարգսյան երևույթի հայտնությունը պայմանավորված է Նորանկախ Հայաստանի ձևավորմամբ: Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիները նախ և առաջ պետության կայացման ժամանակաշրջան էր, որը հագեցած էր բուռն ու բարդ իրադարձություններով, պահանջում էր ոչ ստանդարտ, արագ լուծումներ, և իհարկե ստեղծված իրավիճակի կառավարում:

Մեծ էր երկիրը քաոսի վերածելու հավանականությունը, հատկապես Խորհրդային Միության փլուզման և պատերազմի տարիներին: Անորոշությունը, նոր հասարակարգի կառուցման փորձի բացակայությունն ավելի էին դժվարացնում խնդիրների լուծումը:

Այդ ամենը հնարավոր եղավ հաղթահարել, և իրականություն դարձնել անկախ, ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը՝ շնորհիվ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիների պայքարի, մարտունակության, անհավանական խիզախության, անմոռանալի զոհերի և զրկանքների: Իհարկե, առանց հմուտ ղեկավարման հնարավոր չէր հասնել հաջողությունների:

Վազգեն Սարգսյանը նրանցից էր, ով սկսելով իր պետականաստեղծ ճանապարհը սեփական բնակավայրը պաշտպանելուց, հետագայում դարձավ Հայաստանի Հանրապետության կերտողներից մեկը:

Ընդամենը 11 տարվա ակտիվ հասարակական, ռազմական, քաղաքական գործունեության տարիները նրան անմահացրին: Վազգենը չէր կարող իր ժամանակակից շատերի նման անտարբեր մնալ Ղարաբաղյան շարժման տարիների իրադարձություններից: Հայրենի հողն անսահման սիրող, խիզախության ու համարձակության պակասը չունեցող Վազգեն Սարգսյանը շարժման առաջին շարքերում էր՝ ամբողջ ներուժով, նվիրվածությամբ լծվելով հայրենիքի պաշտպանության գործին: Եվ պատահական չէր, որ հենց ինքն էլ դարձավ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության առաջին նախարարը: Դա է պատճառը նաև, որ այսօր մարդկանց հիշողություններում նա հավերժացել է որպես Սպարապետ:

Անհերքելի է Վազգեն Սարգսյանի մեծ դերակատարությունը պետականության հզորացման, երկրի զարգացման ասպարեզում։

Իրեն բնորոշ մեծ պատրաստակամությամբ ու խանդավառությամբ նա խաղաղ պայմաններում էլ շարունակեց իրեն վստահված բնագավառների աշխատանքների կազմակերպումը, և որպես Պետնախարար, և որպես Պաշտպանության նախարար: Խնդիրների բարդությունները պահանջում էին առանձնահատուկ մոտեցում, համառություն, կամք և համբերություն: Վազգենն այդ ժամանակ և հատկապես, երբ դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ կերպ սկսվեց ընդունվել հասարակության կողմից:

Մի անգամ ինքն էլ էր խոստովանել, որ մեր հասարակությունը, շատերն իրեն լավ չեն ճանաչում: Իրականում, եթե կար էլ այդ խնդիրը, ապա դա վերաբերվում էր Վազգենի գործունեության սկզբնական շրջանին: Հետագայում մարդիկ համոզվեցին, որ Վազգենն իրոք ինքնատիպ էր, վճռական և կամային անհատ՝ իր զգացմունքներով, հայրենիքն անսահման սիրող մարդ:

Հայրենասիրությունը նրա պարագայում բառ կամ վերացական մի երևույթ չէր, այլ տքնաջան աշխատանք ու պայքար, հավատ սեփական գործի արդարության նկատմամբ, անկախության և ազատության հասնելու մղում:

Հայրենիքի նկատմամբ սերը հետո դարձավ Պետականություն կերտելու պարտավորություն ու պարտականություն: Առանց Պետության Հայրենիքը վերացական հասկացողություն է: Այս գիտակցությունը պարտադրում էր Վազգենին և իր համախոհներին ամենօրյա աշխատանքով ամրապնդել պետության հիմքերը՝ պետական ինստիտուտները:

Վարչապետ դառնալուց հետո Վազգենն ամբողջովին կերպարանափոխվեց՝ մի նոր կյանք էր սկսվել նրա համար, դա էլ իր խառնվածքից էր՝ պատասխանատվության մեծ զգացողություն ունեցող մարդը միայն կարող է այդպիսին լինել: Մեծ ծրագրեր, գաղափարներ ուներ, շտապում էր:

Ցավոք ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, Վազգենին բախտ չվիճակվեց տեսնելու իր պատկերացրած 21-րդ դարի Հայաստանը:

Հիշեք թե ինչ էր նա գրում՝

«... Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է»:

Այո, մենք ճանապարհ ունենք անցնելու և այդ ճանապարհն անցնելու պատգամը նաև Վազգեն Սարգսյանին է:

Վստահ եմ, որ Վազգենն էլ այդ ճանապարհը պետք է անցներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կերտելով, որի զոհը դարձավ: Այսօր մենք բոլորս, ովքեր հավատում ենք  մեր պայծառ, լուսավոր ապագային, գիտակցում ենք, որ առանց ինքնիշխան, հզոր, պաշտպանված, զարգացած Հայաստան Հանրապետության դա անհնար է:

Այսօր մենք նշելով Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանը, շատ երկար կարող ենք թվարկել նրա կյանքի ու գործի կարևորագույն ձեռքբերումները մեր պետության ու զինված ուժերի կայացման, բանակի մարտունակության բարձրացման, Երկրապահ կամավորական միության ստեղծման և բազմաթիվ այլ ոլորտներում, բայց ամենից առաջ պետք է շեշտենք, որ Վազգեն Սարգսյանն անկախության նվիրյալ մարտիկ էր:

Եվ ինչպես հենց ինքն էր ասում իր վերջին հարցազրույցներից մեկում՝ Անկախությունը բացարձակ արժեք է և բոլորիս պարտքը, պարտականությունը, մեր գլխավոր նպատակն ու խնդիրը և վերջապես Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը մեր Անկախության պահպանությունն ու պաշտպանությունն է, մեր անմնացորդ նվիրումը բանակի ու պետության հզորացման գործին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

 

← Վերադառնալ