01
03, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Այսօր լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 16-րդ տարելիցը, երբ օրվա իշխանությունը կրակեց իրենց իրավունքների համար պայքարող և խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների վրա:

Մարտի 1-ը, սակայն իշխանության կողմից բիրտ ուժի կիրառման դրվագ չէր, այլ հետևանք տարիներ շարունակ մեր պետական համակարգում արմատավորված արատավոր, քրեաօլիգարխիկ բարքերի, քաղաքական հալածանքների մթնոլորտի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների զանգվածային ու տևական ոտնահարման:

Մարտի 1-ի հանցագործությունը նաև հաստատումն էր այն բանի, որ օրվա իշխանությունն այլևս ձախողել էր կենսունակ ու մրցակցային քաղաքական համակարգի, կայուն պետական ինստիտուտների, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման կարևորագույն և պատասխանատու գործը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ Մարտիմեկյան ողբերգությունից 16 տարի անց, մենք հաստատակամ ենք Հայաստանի ժողովրդավար զարգացումն անշեղորեն երաշխավորելու հարցում, որը բացառում է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և ժողովրդավարական սկզբունքների գերակայությունը վիճարկելու որևէ մտայնությունը: Այսօր ոգեկոչելով մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակը մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ կառուցել ազատ, ժողովրդավար ու զարգացող Հայաստան, որի համար իր քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը գերագույն արժեք է»:


***

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

← Վերադառնալ